Օրերս Լոռու մարզում տեղացած հորդառատ անձրևից ու կարկուտից տուժել է Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրը: Գյուղին պատուհասած խնդիրների մասին Էկոլուրի հետ զրույցում պատմել է բնակավայրի բուժքույր Գայանե Քոչինյանը: «Սարսափելի սելավ էր, կարկուտ: Սելավը բերրի հողը քշեց, տարավ, ավազ է լրիվ, ավազների վրա ենք նստած: Լոլիկ, վարունգ աճեցնելու համար հիմա պիտի այլ տեղից հող բերենք»,- նշեց նա:
Գայանե Քոչինյանի խոսքով՝ հորդառատ հեղեղի հետևանքով գյուղ մտնող նոր կառուցված ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել՝ փակելով երթևեկելի ճանապարհի մի հատվածը: «Ջրահեռացման արանքը փակել են քարերը: Պետք է մաքրվի տարածքը, որպեսզի տրանսպորտը նորմալ աշխատի, և ջրահեռացումը ճիշտ կատարվի»,- նշեց նա:
Նոր խնդիրներին զուգահեռ Մարցում շարունակում է առաջնային լինել սպանդանոցների ստեղծումը: «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակում հանդիպման ժամանակ բնակիչները նշեցին, որ անասունների մորթը տեղում (իրենց սեփական բնակավայրերում) իրականացնելու արգելքը լրացուցիչ ծախսերի առաջ է կանգնեցրել իրենց:
Մարցին ամենից մոտ բնակավայրը, որտեղ գործում է սպանդանոց, Օձունն է: Սակայն կենդանու կերի, մորթի և նրան սպանդանոց հասցնելու տրանսպորտի ծախսերի հանրագումարը գրեթե հավասար է վաճառած մսի արժեքին: «Համարյա գումար չի մնում, կերով պահում ենք, հաշվարկում ենք կերը, պահելը, մեջը էլ գումար չի մնում»,- նշեց Գայանե Քոչինյանը:
Մարցի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ալլա Նիազյանը նշում է, որ խնդիրը կարող է լուծվել շարժական սպանդանոցների ստեղծման դեպքում: «Տեղում լինի, որ տրանսպորտային միջոցներով կենդանի չտեղափոխվի»,- ասաց նա:
Ըստ գյուղի բնակիչների՝ Մարցում առկա է նաև կաթնամթերքի իրացման խնդիր հատկապես գարնան և աշնան ամիսներին: Սպառման շուկան կրկին հեռու է և այլ գյուղեր հասցնելը` նույնպես ծախսատար: «Կաթ չենք կարողանում վերամշակել, այստեղից հասցնում ենք Վահագնի, Դսեղ: Լուրջ խնդիր է ամեն օր կաթ տեղափոխելը, կաթն այնքան քիչ է, որ տրանսպորտի ծախսի հետ խնդիր է առաջանում, կաթի ինքնարժեքը շատ ցածր է, ծախսերը չի փակում: Բացի այդ, հարևան գյուղեր հասցնելու ճանապարհը վատ վիճակում է»,- նշեց Գայանե Քոչինյանը:
LILA ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով։
Լուսանկարները՝ Գայանե Քոչինյանի
Հունիս 26, 2024 at 12:33