Թումանյանի Դսեղը միացել է Հայաստանի` ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման քաղաքականության իրականացմանը

Թումանյանի Դսեղը միացել է Հայաստանի` ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման քաղաքականության իրականացմանը

Դսեղից հանրային լրագրող Մարիամ Եգանյան

Թեպետ Հայաստանը ջերմոցային գազերի արտանետումներով աշխարհում ամենաքիչ ջերմոցային գազեր արտանետող երկրներից է, այնուամենայնիվ, ստանձնել է միջազգային պարտավորություն կրճատելու այդ արտանետումները: Այս պարտավորության կատարումից անմասն չեն Հայաստանի համայնքներն ու բնակավայրերը:

ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությունը միավորում է հազարավոր տեղական և տարածքային իշխանությունների, որոնք կամավոր կերպով հանձն են առել իրականացնել ԵՄ կլիմայի և էներգիայի նպատակները: Ստորագրող համայնքները հանձն են առել աջակցել 2030 թվականի դրությամբ ԵՄ` 40%-ով ջերմոցային գազերի արտանետումների կրճատման թիրախին հասնելուն և շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմացման ու կլիմայական փոփոխության հարմարվողականության վերաբերյալ միասնական մոտեցում ձևավորելուն:

Լոռու մարզի Թումանյան համայնքը չի միացել ԵՄ Քաղաքապետերի դաշնագրին, բայց Թումանյան համայնքի բնակավայրերում վերականգնող էներգետիկայի զարգացումը, էներգաարդյունավետ շինարարությունը նպաստում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը: Թումանյան խոշորացված համայնքի Դսեղ բնակավայրի վարչական շենքի տանիքին տեղադրվել է 15 Կվտ դրվածքային հզորությամբ արևային ինքնավար կայան, վերանորոգվել է երկրորդ հարկը և տանիքը: Աշխատանքներն իրականացվել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» LILA ծրագրի շրջանակներում:

Դսեղի վարչական կենտրոնի տանիքի կայանը մինչ օրս արտադրել է շուրջ 9 Մվտ/ժ էներգիա, ինչի շնորհիվ մթնոլորտ չի արտանետվել 3.6 տոննա ածխաթթու գազ և իրականացվել է շուրջ 460000 դրամ բյուջեյի խնայողություն, չհաշված ջերմամեկուսացումից խնայողությունները և էսթետիկ առավելությունները: Դսեղի փողոցային լուսավորությունն ապահովվում է կայանի համակարգից: Վարչական տարածքի աշխատակցի խոսքով` արևային կայանը լավագույնս ծառայում է իր նպատակին:

Չնայած իրականացվող միջոցառումներին, այնուամենայնիվ, Դսեղ բնակավայրը կարիք ունի կարողությունների զարգացման՝ կլիմայի փոփոխության մարտահրավերներին գրագետ դիմակայելու համար:

Հունիս 27, 2024 at 11:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր