Ինչ փոխհատուցում ու օգնություն կստանան Լոռու և Տավուշի մարզերում մայիսյան հեղեղից տուժած քաղաքացիները

Ինչ փոխհատուցում ու օգնություն կստանան Լոռու և Տավուշի մարզերում մայիսյան հեղեղից տուժած քաղաքացիները

Լոռու և Տավուշի մարզերում 2024թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից տուժած քաղաքացիները վնասի փոխհատուցում կստանան: Սույն թվականի հուլիսի 4-ին ՀՀ կառավարությունը հաստատել է արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը: 

Ըստ կարգի՝ կսահմանվեն արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառուները, փոխհատուցման ենթակա առաջնային վնասները, փոխհատուցման պայմանները և ընթացակարգը, դիմումի ներկայացման և դրա հիման վրա փոխհատուցման տրամադրման կարգը։ Կարգի համաձայն՝ կարգավորվելու է արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցումը՝ պայմանավորված բնական կենսաապահովման և առաջնային կարիքների ապահովման անհրաժեշտությամբ։ Առաջնային վնասների փոխհատուցման կարգի հաստատումից հետո ՀՀ կառավարությունը կսահմանի նաև վնասի այլ տեսակների փոխհատուցման կարգը։

Ըստ որոշման հիմնավորման՝ կարգավորման շրջանակում այս փուլում փոխհատուցվելու են բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները: Փոխհատուցման շահառու են հանդիսանալու օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) անշարժ գույք ձեռք բերած անձինք, որոնց գույքը վնասվել (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) է արտակարգ իրավիճակի հետևանքով: Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում տրամադրվում է բնակարանի (բնակելի տան) գնման վկայագիր: Բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում ֆիզիկական անձինք վերանորոգման համար ստանում են փոխհատուցում՝ ըստ ազդակիր ճանաչված ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի: Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի կամ վնասի դեպքում անձանց տրամադրվում է նաև կենցաղային առաջնային գույքի փոխհատուցում: 

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվելու է փոխհատուցում՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով: Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորուստ է համարվում արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած ֆիզիկական անձի բնակության վայրի՝ բնակարանի, տան, կեցավայրի՝ աղետի հետևանքով ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) դառնալու փաստը։

Այն անձինք, ովքեր կրել են վերոնշյալ վնասները և դրանք համապատասխան կայքով գնահատված են և գույքագրված աղետների հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի կողմից փոխհատուցում ստանալու համար պետք է էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնեն հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։ Դրա համար շահառուն պետք է ներկայացնի որոշմամբ նախատեսված տվյալները։

«Կադաստրի կոմիտեն տալիս է տվյալ բնակավայրում վերջին շրջանի անշարժ գույքի գծով գործարքների արժեքը որքան է եղել և 1 քմ հաշվով միջինացված արժեքը հիմք է ընդունվում բնակարանի գնման վկայագրի 1 քմ համար փոխհատուցում նախատեսելու համար: Ունենք մեկ բազմաբնակարան շենք, որն Ալավերդի քաղաքում է՝ բաղկացած 16 բնակարաններից: Իրականում այդ 16 բնակարաններից 6 բնակարանն է, որ գտնվել է առաջին հարկում և ջրհեղեղից տուժել է, բայց, քանի որ շենքն ամբողջությամբ դարձել է վնասվածության այն աստիճանի, որ պետք է քանդվի, ապա նաև բնակարանի գնման վկայագրեր կստանան 2-րդ և 3-րդ հարկերում բնակվողները՝ ևս 10 բնակարանատեր: Եվ առանձնատների քանակը ճշտվում է, բայց ևս երկու առանձնատուն է մեզ հայտնի՝ մեկը Հաղարծնում, մեկը Ձորագետում», - կառավարության նիստի ժամանակ նշել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Գործադիրի նույն օրվա մեկ այլ որոշման համաձայն էլ՝ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցություն է տրամադրվելու: Նախագծի շրջանակներում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի շուրջ 250 ընտանիքների 854 անդամների, որոնց համար կպահանջվի 47 միլիոն 960 հազար դրամ։

Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով: Զոհված անձանց ընտանիքներին կտրամադրվի 1  միլիոն դրամ,  Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի տուժած ընտանիքների յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 60 հազար դրամ, Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների տուժած ընտանիքների յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 40 հազար դրամ։

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մարդկանց հատկացվելու է այս գումարը, որպեսզի նրանք հնարավորինս արագ իրենց տունը նորոգեն և վերադառնան այնտեղ ապրելու: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ նշել է, որ աջակցություն ստանալու ցանկում կա 9 համայնք և 39 բնակավայր:  «Առաջնային խնդիրը մարդկանց աջակցելն է, որ նրանք արագ տունը նորոգեն և վերադառնան իրենց տուն ապրելու: Եվ մենք երկու գոտում փաստորեն 1 քմ-ի համար հատկացնում ենք 60 000 դրամ, մյուս դեպքում՝ 40 000 դրամ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով վնասված գույքի խնդրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փոխհատուցման դեպքում պետք է առաջնորդվել որոշակի ստանդարտներով: «Մի տան մեջ գույքը շատ է, մի տան մեջ գույքը քիչ է, բայց ամենակարևոր հանգամանքն այն է, որ մենք չենք կարող հիմա հետահայաց ստուգել, թե այդ տանն ինչ գույք է եղել: Եվ ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, մեր փորձն ի՞նչ է ցույց տալիս, որ նման դեպքերում շատ լայն դաշտ է բացվում չարաշահումների համար: Եվ մենք այս տրամաբանությամբ բնակարաններին հատկացնում ենք երկու գոտիով: Առաջին գոտում 1 միլիոն 200 հազար դրամ, այսինքն՝ բնակարանի նվազագույն կարիքները հոգալու համար, երկրորդ գոտում՝ 800 000 դրամ գույքային կարիքները հոգալու համար», - նշել է նա, հավելելով, որ գումարի 60 տոկոսը պետք է անկանխիկ եղանակով ծախսվի, մնացած 40-ը կարող են նաև կանխիկացնել:

Հուլիս 11, 2024 at 11:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր