Սեպտեմբերի 13-ին, «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, «Դիլիջան» ազգային պարկ բաց թողնվեց թվով 10 կովկասյան ազնվացեղ եղջերու։
2013-ին մեկնարկած վերաբնակեցման ծրագիրը իրականացվում է Բնության
համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։
Ծրագրի հիմնական նպատակն է վերականգնել ազնվացեղ եղջերուի
պոպուլյացիան Հայաստանում։ Դեռևս 1950-ական թվականներից Հայաստանից իսպառ վերացած ազնվացեղ եղջերուն 2018-ին վերադարձավ Հայաստան, երբ վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխվեց 14 առանձնյակ։ Եղջերուները
տեղափոխվեցին «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ նախապես կառուցվել էր բազմացման կենտրոնը:
Տարիների ընթացքում կենտրում գտնվող կենդանիների թվաքանակը եռապատկվեց, ինչին հետևեց 2022 թվականին դրանց առաջին փորձնական խմբի (կազմված 3 առանձնյակից) արձակումը բնություն։
«Մեր նպատակն է ստեղծել բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի հայաստանյան հարուստ կենսաբազմազանությունը կրկին համալրվի ազնվացեղ եղջերուներով», - նշեց WWF Հայաստանի տնօրեն Լևոն Աղասյանը։
Ուստի հետևելով ծրագրի նպատակին՝ սեպտեմբերի 13-ին բնության հատուկ պահպանվող տարածքների օրը, թվով 10 ազնվացեղ եղջերու վերադարձավ արձակ բնություն։
Հարկ է նշել, որ վերջիններս բաց են թողնվում GPS տեղորոշման վզկապներով՝ բնության մեջ դրանց տեղաշարժը վերահսկելու և անվտանգությունն ապահովելու նպատակով։
Եղջերուների բաց թողնման հանդիսավոր արարողությանը ներակա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արա Մկրտչյանը, Տիգրան Գաբրիելյանը, Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Լևոն Աղասյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային
Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Իր ելույթում Արա Մկրտչյանը նշեց, - «Նմանատիպ ծրագրերով փորձ է արվում մեր երկրում մշակույթ ձևավորել, որպեսզի գնանք կենսաբազմազանության վերականգնման ուղղությամբ»։
Հետևելով նպատակին՝ ապագայում նախատեսվում է տարեկան 5-10 առանձնյակի բնություն արձակում։
Սեպտեմբեր 16, 2024 at 09:58