Այսուհետ զբոսաշրջիկները կկարողանան վայոցձորյան բերք ու բարիքից պատրաստված պահածոները, ջեմերը, մուրաբաներն ու հյութերը համտեսել տեղում՝ Վերնաշենի «Փունջ» գործարանի նորաբաց համտեսի սրահում։ Նրանք հնարավորություն կունենան անձամբ մասնակցել բերքահավաքին և պահածո պատրաստել։
Համտեսի սրահի բացումը հնարավոր է դարձել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակում։
Ծրագրի շրջանակում համտեսի սրահի կահավորման համար կահույք և սարքավարումներ են տրամադրվել, խորհրդատվություն՝ բիզնեսի հետագա զարգացման և ընդլայնման ուղղությամբ, ինչպես նաև՝ գործարանի տանիքին արևային վահանակներ են տեղադրվել: Ստեղծվել է համագործակցություն ներգնա տուրօպերատորների հետ՝ ներառելու «Փունջ»-ը տուր-փաթեթներում և ապահովելու զբոսաշրջային հոսքեր:
«Փունջ» գործարանի տնօրեն Էգդար Բեգլարյանը կարևորեց գյուղերում զարգացող բիզնեսին աջակցությունը: «Սեփական ուժերով արտադրելը բարդ է, ցանկացած օգնությունը նոր խթան է, նոր շունչ է տալիս, ավելի ոգևորված ենք աշխատում»,- ընդգծեց նա:
Համտեսի սրահի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին: Բացման միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լևոն Աղասյանը, LILA ծրագրի ՌԶԳ-ի կողմից իրականացվող բաղադրիչի համակարգող Ալլա Ղազարյանը, ներգնա տուրիզմի ոլորտի մի շարք տուրօպերատորներ, հյուրեր, ովքեր շրջայց կատարեցին գործարանում, ծանոթացան արտադրական աշխատանքներին:
«LILA ծրագրի շրջանակում մենք համատեղում ենք երկու կարևոր մոտեցում՝ պաշտպանել և ապահովել բնական պաշարների կայուն օգտագործումը` միաժամանակ ապահովելով և խթանելով աշխատանքային հնարավորությունները, տնտեսական զարգացումը տեղի բնակիչների համար: Մինչ այժմ ծրագրով իրականացված նախաձեռնությունների շրջանակում մի կողմից համայնքահեն կազմակերպությունները պաշտպանում են շրջակա միջավայրը, առաջարկում են կայուն, նոր ու հետաքրքիր փաթեթներ զբոսաշրջիկների համար, մյուս կողմից մենք նաև ցանկանում ենք խթանել տնտեսական նախաձեռնությունները: Եվ կարծում եմ` կարևոր է և լավ, որ ներգրավված բոլոր կողմերը՝ մասնավոր ձեռնարկությունները, տղամարդիկ և կանայք, քաղաքացիները, համայնքները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները, սերտորեն համագործակցեն: Ապագայում մենք պետք է ապահովենք, որ այն, ինչ LILA-ն փորձում է խթանել, ապահովված լինի անհրաժեշտ քաղաքականություններով քաղաքական մակարդակում»,- ասաց Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին։
LILA ծրագրի ՌԶԳ-ի կողմից իրականացվող բաղադրիչի համակարգող Ալլա Ղազարյանը նշեց, որ համտեսի սրահի բացումն առանցքային դեր է խաղալու Վերնաշենում տնտեսական պայմանների բարելավման և զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: «Մարզում և Հայաստանում գաստրոզբոսաշրջությունը մեծ պահանջարկ ունի: Գործող հյուրընկալության և տուրիզմի բիզնեսներն ունեն մեծ պահանջարկ տեղական արտադրանքը մթերելու: Այս տեսանկյունից «Փունջ» գործարանը կարող է մատակարար հանդես գալ տեղական արտադրության լայն տեսականիով: Համտեսի սրահի բացումը լուրջ տնտեսական խթան է բնակավայրի և մարզի զարգացման համար, որովհետև գործարանն ավելի քան 100 ընտանիքից մթերում է միրգ, բանջարեղեն ու վայրի պտուղներ: Սա ստեղծում է տեղի բնակիչների համար այլընտրանքային եկամտի աղբյուր, ինչը շատ կարևոր է մարզում կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար»,- նշեց նա:
Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Լևոն Աղասյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց դոնոր կազմակերպություններին ծրագրի իրագործման համար, որը նպաստում է կենսաբազմազանության պահպանմանն ու բնական պաշարների կայուն օգտագործմանը: «Բնության պահպանությունը շատ կարևոր է տեղի բնակչության սոցիալ-տնտեսական կայուն վիճակի և համայնքի զարգացման համար»,- ասաց նա:
Եղեգնաձորից Բեգլարյանների ընտանիքը 2015թ. սկսել է պահածոների արտադրությամբ զբաղվել: Իսկ արդեն 2019թ. Էդգար Բեգլարյանը հիմնադրել է «Փունջ» պահածոների գործարանը, որտեղ արտադրում են պահածոներ, ջեմեր, մուրաբաներ, կոմպոտներ և հյութեր՝ 40 անուն արտադրանք: Տարեկան կատարում են միջինում 150-200 հազար շշալցում: Արտադրանքն իրացնում են հայաստանյան շուկայում:
Գործարանի ստեղծումը բնակավայրում նոր աշխատատեղեր է ստեղծել: Թե՛ գործարանի շինարարության, և թե՛ հետագայում շահագործման ժամանակ աշխատակիցները ներգրավվել են Վերնաշեն բնակավայրից: Արտադրության համար անհրաժեշտ մթերքը Բեգլարյանները հավաքում են թե՛ իրենց այգիներից, թե՛ օգտվում գյուղի և մարզի մյուս ֆերմերներից: «Գյուղում բոլորն են բերք աճեցնում: Բերքի աճեցման վրա մենք էլ ենք լուրջ ազդեցություն ունեցել և դեռ կունենանք»,- ասաց Էդգար Բեգլարյանը:
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» 7-ամյա ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:
Սեպտեմբեր 06, 2024 at 11:21