

Նոյեմբերի 27-ին կայացավ «ԷԿՈսերվ ծրագրի ամփոփում ապագային ընդառաջ. հանուն մարդկանց և բնության» խորագրով միջոցառումը, որի նպատակն էր ներկայացնել «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի վեց տարիների աշխատանքը:
Ծրագիրը, որը պատվիրակել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ) և իրականացվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից, աջակցել է Հայաստանի կառավարությանը բարելավել արոտավայրերի և խոտհարքների կայուն և կենսաբազմազանության տեսանկյունից բարենպաստ օգտագործման պայմանները՝ հաշվի առնելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգությունը:
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը նշեց. «Այսօր ամփոփելով ECOserve ծրագիրը, ուզում եմ նշել, որ չափազանց կարևոր է, որ այն լուծումները, որոնք առաջարկվել են Հայաստանի բնական ռեսուրսների և կենսաբազմազանության կայուն կառավարման ու պահպանման համար շարունակեն մնալ օրակարգում և Հայաստանի կառավարության մեր գործընկերները շարունակեն հետամուտ լինել: Միասին փակելով այս կարևոր ծրագրի էջը, որի իրականացումն առանց մեր գործընկեր նախարարությունների համապարփակ աջակցության հնարավոր չէր լինի, սկիզբն է նոր ծրագրերի, որոնք GIZ Հայաստանն իրականացնում է այս երկրում՝ քաղաքացիներին առաջարկելով կայուն հեռանկար ՝ շրջակա միջավայրի պաշտպանության միջոցով»:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ կարևորելով ծրագրի բաղադրիչների նշանակությունը համայնքների համար և բնապահպանական ծրագրերի իրականացմանը կայուն զարգացման տեսանկյունից։
Որպես տարածաշրջանային ծրագիր` «ԷԿՈսերվ»-ը 2018-2023թթ. իրականացվել է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներում։ 2023 թվականի մարտից ծրագրի գործողությունները շարունակվել են միայն Հայաստանում։ BMZ-ի կողմից պատվիրակված «ԷԿՈսերվ»-ի մաս կազմող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) և «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» (EU4EE) ծրագրերը համաֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից և կշարունակվեն մինչև 2025 թվականը:
Դեկտեմբեր 01, 2024 at 10:31
