7,000 զբոսաշրջիկ, 15,000 այցելու շահառու բիզնեսներում, 484 նոր աշխատատեղ. LILA ծրագիրը թվերով

7,000 զբոսաշրջիկ, 15,000 այցելու շահառու բիզնեսներում, 484 նոր աշխատատեղ. LILA ծրագիրը թվերով

2024թ. նոյեմբերի 6-ին Երևանում ներկայացվեցին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի բնահեն լուծումների ու զբոսաշրջության զարգացման շրջանակում իրականացված արդյունքները:

Ծրագրի վերջնարդյունքներն ու ձեռքբերումները ներկայացրեց LILA ծրագրի «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող բաղադրիչի համակարգող Ալլա Ղազարյանը՝ «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»-II (ECF) և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրերի ազգային խորհրդատվական խմբի 3-րդ նիստի ժամանակ:

Նա նշեց ծրագրի շրջանակում ստեղծված բիզնեսների ու պրոդուկտների, շահառուների կարողությունների և հմտությունների զարգացման և ընդլայնման, զբոսաշրջության հյուրընկալության ու այլ շուկաներին մատակարարող շղթաների խթանմանը միտված աշխատանքների մասին:

«Ունենք 8 համագործակցություն ներգնա տուրօպերատորների հետ, որոնք խթանում են կայուն և ներառական զբոսաշրջությունը: Ավելի քան 7,000 զբոսաշրջիկ այցելել է ծրագրի թիրախային մարզեր գործընկեր տուրօպերատորների միջոցով: Ավելի քան 15,000 այցելու է հյուրընկալվել ծրագրի շահառու բիզնեսների կողմից: Ստեղծվել է 484 աշխատատեղ թիրախային բնակավայրերում։ Աշխատողների 49%-ը կին է, 21%-ը նոր ստեղծված աշխատատեղեր են։ Ավելի քան 300 հազար մարդ թիրախային բնակավայրերում տեղեկացվել է կայուն և ներառական զբոսաշրջության մասին»,- ասաց Ալլա Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում մինչ այժմ հիմնել են 7 լիարժեք փոքր գյուղացիական տնտեսություն, որոնք ստանում են եկամուտներ՝ տուրիզմին, հյուրընկալությանը և այլ ոլորտներին մատակարարելով գյուղմթերք, ևս 4 մատակարար՝ զարգացման փուլում է:

Անդրադառնալով զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներին ծառայություններ մատուցող ենթակառուցվածքների ու տեղական ձեռնարկությունների հարմարությունների բարելավմանը՝ Ալլա Ղազարյանը նշեց. «Ունենք լիարժեք գործող 13 զբոսաշրջային բիզնես: 7 բիզնես զարգացման փուլում է»:

Ալլա Ղազարյանը նաև կարևորեց ծրագրի շրջանակում գործընկեր տուրօպերատորների մասնակցությամբ միջազգային էքսպոներին մասնակցելը, Հայաստանի զբոսաշրջային ներուժն ու ծրագրի շրջանակում ստեղծված բիզնեսներն օտարերկրյա զբոսաշրջային գործակալություններին ներկայացնելը:

Ալլա Ղազարյանը նաև նշեց, որ մատակարարների և զբոսաշրջային ծառայություններ մատուցողների հմտությունների ու կարողությունների զարգացման և ընդլայնման նպատակով իրականացրել են դասընթացներ ծրագրի գործընկերների և շահառուների համար՝ զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում վաճառքի, թվային մարքեթինգի, թափոնների վերամշակման ու կայուն կառավարման վերաբերյալ:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: 

Նոյեմբեր 19, 2024 at 14:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր