

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» (RECONOMY) և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրերի շրջանակներում ս․թ․ դեկտեմբերի 13-ին Երևանում անցկացրեց գործընկերների տարեվերջյան հանդիպում։
«Տնտեսական զարգացման խթանում կայուն զբոսաշրջության և թվային լուծումների միջոցով» խորագրի ներքո համատեղ միջոցառումը նպատակ ուներ նպաստելու զբոսաշրջության կայուն զարգացման և թվային փոխակերպման նորարարական մոտեցումների ինտեգրմանը: Այն միավորեց կառավարության ոլորտային նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչների, ոլորտի փորձագետների և միջազգային գործընկերների՝ Մոլդովայից, Չեխիայից, Վրաստանից, Շվեյցարիայից և Միացյալ թագավորությունից (առցանց)։
Ողջունելով ներկաներին՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը նշեց, որ երկու ծրագրերը առանցքային դեր են խաղում կայուն զարգացման խթանման և փոքր ու միջին բիզնեսներին աջակցելու գործում, հատկապես՝ հեռավոր համայնքներում:
«Վստահ եմ, որ միավորելով հիմնական շահագրգիռ կողմերին զբոսաշրջության և հյուրընկալության, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության, առաջատար տեխնոլոգիաների ոլորտներից՝ այս հարթակը նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության համար»,- ասաց նա:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Հայաստանում Շվեդիայի դեսպանության զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրոմը, RECONOMY-ի գործառնությունների ղեկավար Էլենէ Թխլաշիձեն՝ իրենց ելույթներում կարևորելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի դերակատարությունը և կառույցի հետ տարիների համագործակցությունը։
Պանելային քննարկումներն ընթացան «Ոլորտային կազմակերպությունների շահերի պաշտպանության նախաձեռնություններ․ Արևելյան գործընկերության երկրներում թվային փոխակերպման փորձը» և «Փոփոխությունների խթանում. տնտեսական աճի և բնապահպանական պատասխանատվության պահպանում կայուն զբոսաշրջության միջոցով» թեմաներով, որոնց մասնակցեցին ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ, միջազգային փորձագետներ։
Այնուհետև Մհեր Սահակյանը ներկայացրեց «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ընթացքն ու ձեռքբերումները, իսկ Ալլա Ղազարյանը՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրով արդեն իսկ արձանագրված արդյունքները։
Երկու ծրագրերի գործընկերներն ու շահառուները հնարավորություն ունեցան առանձին աշխատաժողովների ձևաչափով քննարկել նեղ ոլորտային հարցեր ու հնարավոր համագործակցություն պլանավորել 2025 թվականի համար։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ԼԻԼԱ ծրագիրը բնապահպանությանն ու կայուն զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագիր է, որն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան) «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջաններում այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Դեկտեմբեր 31, 2024 at 13:30