

2025թ. ապրիլի 22-ին աշխարհը 55-րդ անգամ նշում է Երկրի օրը, որը դարձել է Երկիր մոլորակի առողջ և մաքուր ապագայի համար մարդկանց համախմբման խորհրդանիշ։ Այս տարվա թեման է՝ «Մեր ուժը, մեր մոլորակը» (OUR POWER, OUR PLANET), որն ուղղված է վերականգնվող էներգիայի շուրջ միավորվելուն՝ նպատակ ունենալով մինչև 2030թ․ եռապատկել մաքուր էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Այս մասին նշված է EARTHDAY.ORG միջազգային կազմակերպության կայքում:
EARTHDAY.ORG միջազգային կազմակերպությունը, որը Երկրի օրվա շարժման հիմնադիրներից է, շարունակում է ոգեշնչել և միավորել միլիոնավոր ակտիվիստների, կազմակերպությունների և կառավարությունների ամբողջ աշխարհում՝ մեր ընդհանուր տան՝ մոլորակի պաշտպանության համար։
Երկրի օրը սկիզբ է առել ԱՄՆ-ում 1970թ. և հետագայում վերածվել համաշխարհային շարժման, որը համախմբում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ 1990թ. այն դարձել է միջազգային բնապահպանական ակցիա, իսկ 2009թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պաշտոնապես հաստատեց Մայր Երկրի միջազգային օրը։
Ամեն տարի աշխարհի ավելի քան 180 երկրում միլիոնավոր մարդիկ մասնակցում են տարաբնույթ բնապահպանական միջոցառումների՝ գիտաժողովների, ցուցահանդեսների, ծառատունկերի, շաբաթօրյակների և այլն։
Ինչու՞ է սա կարևոր
www.calend.ru կայքի համաձայն՝ ամեն տարի Երկիրը կորցնում է մոտ 10 միլիոն հեկտար անտառ, իսկ շուրջ մեկ միլիոն տեսակ բուսական և կենդանական աշխարհից կանգնած է վերացման եզրին։ Պլաստիկով աղտոտվածությունը հանգեցնում է օվկիանոսների թթվայնացման։ Կլիմայի փոփոխությունը, անտառահատումները, բնական էկոհամակարգերի խախտումը, ինտենսիվ գյուղատնտեսությունն ու որսագողությունը արագացնում են բնության ոչնչացումը։
Էկոհամակարգերը կյանքի հիմքն են Երկրի վրա։ Դրանց վերականգնումը կենսական նշանակություն ունի՝ դա կօգնի հաղթահարել աղքատությունը, մեղմել կլիմայի փոփոխության հետևանքները և կանխել մասշտաբային էկոլոգիական աղետները։
Ապրիլ 22, 2025 at 17:05