Քաղաքացիական գիտությունը և կենսաբազմազանությունը

Քաղաքացիական գիտությունը և կենսաբազմազանությունը

Ինչ է քաղաքացիական գիտությունը, ինչ դեր այն կարող է ունենալ շրջակա միջավայրի ոլորտում գիտելիքի ուժեղացման, քաղաքացիական համայնք և գիտական համայնք երկխոսության ու կապի ամրապնդման գործում։ «Առաջիկա ճանապարհը. պատրաստվելով կենսաբազմազանության մեգա նախագծերին» խորագրով միջոցառման ընթացքում միջազգային փորձը ներկայացրեց Ծովային գիտությունների ինստիտուտի (ICM-CSIC) Ֆիզիկական և տեխնոլոգիական Օվկիանոսագիտության բաժնի «Շրջակա միջավայրի և կայունության մասնակցային տեղեկատվական համակարգեր» հետազոտական խմբի ղեկավար Ժաումե Պիերան։

Քաղաքացիական գիտությունը այն է, երբ քաղաքացիները մասնակցում են տվյալների հավաքմանը, վերլուծությանը, դիտարկումներին։ Նրանք դիտարկում են բնության մեջ կատարվող փոփոխությունները, գրանցում աղտոտվածությունը։ Լայն ներգրավվածության դեպքում հնարավոր է հավաքել հսկայական ծավալի տվյալներ և փոխանցել դրանք գիտնականներին։

Ժաումե Պիերան կարևորեց քաղաքացիական գիտության շնորհիվ ստացված տվյալները, որոնք թեպետ հետազոտական տվյալներ չեն, բայց կարող են օգնել գիտնականներին իրենց աշխատանքների ժամանակ։ «Քաղաքացիական գիտության տվյալները գնալով աճում են և դառնում աղբյուր համալսարանական գիտության համար։ Այդ տվյալները պետք է դառնան գիտելիք», - նշեց նա։

Ժաումե Պիերան ներկայացրեց MINKA օնլայն հարթակը, որն այսպես կոչված քաղաքացիական գիտական աստղադիտարան է և նախատեսված է էկոլոգիական տվյալների հավաքագրման համար։  MINKA-ն հավաքում է տվյալներ աշխարհի տարբեր երկրներից։ Արդեն իսկ մեծ համայնք է ներգրավված այս հարթակում։ Բացի տվյալներից, այստեղ ներբեռնում են նաև լուսանկարներ։

Ժաումե Պիերան կարևորեց քաղաքացիական գիտության արդյունքների կիրառումը գիտահետազոտական գործընթացներում։ Նա կարևորեց այս հարթակի միջոցով քաղաքացի-գիտնական համագործակցությունը։  Նա շեշտեց քաղաքացիական գիտության միջոցառումների կազմակերպման կարևորությունը, ինչպիսիք են բիոմարաթոնները և քաղաքի մասշտաբով կենսաբազմազանության հաքաթոնները։ «Աշխարհին սպասվում են նոր էկոլոգիական մարտահրավերներ, և այստեղ շատ կարևոր է կենսաբազմազանության պահպանումը», - նշեց Ժաումե Պիերան։

Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի ամերիկյանի համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը։

Նոյեմբեր 26, 2025 at 16:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր