Ինչպես է Հայաստանը հասնելու երկրի տարածքի 30%-ի պահպանության թիրախին․ Շրջակա միջավայրի նախարարության պատասխանը

Ինչպես է Հայաստանը հասնելու երկրի տարածքի 30%-ի պահպանության թիրախին․ Շրջակա միջավայրի նախարարության պատասխանը

Հայաստանը մշակել և շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը (2025-2030 թվական)» որոշման նախագիծը։

Ռազմավարության թիրախները բխում են  Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովում՝ 2022թ․, ընդունված Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի 23 թիրախներից։

Կարևորագույն թիրախներից է 3-րդ թիրախը, համաձայն որի՝ մինչև 2030 թվականը պետք է ապահովվի Երկիր մոլորակի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առնվազն 30%-ի արդյունավետ պահպանումը: Յուրաքանչյուր երկիր ևս պետք է ապահովի իր տարածքի 30%-ի պահպանությունը։

«ՀՀ կենսաբանական բազմազանության 2025-2030 թվականների գործողությունների ազգային ծրագիր» նախագծով այս թիրախին հասնելու համար նախատեսվում է․

• Ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցը՝ առնվազն հասցնելով ՀՀ տարածքի 16,6%-ի։

• Վերանայել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը՝ ապահովելով համայնքների և մասնավոր պահպանվող տարածքների, այլ արդյունավետ տարածքային բնապահպանական միջոցառումների (OECM), միկրոարգելոցների և էկոցանցի ստեղծումը և արդյունավետ կառավարումը։

• Ապահովել ՀՀ տարածքի առնվազն 13,3%-ի պահպանությունն այլ արդյունավետ տարածքային բնապահպանական միջոցառումների (OECM) միջոցով։

• Ստեղծել առնվազն 1 կենսոլորտային պահպանավայր (տարածք) և առաջադրել այն ՄԱԿ կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) «Մարդը և կենսոլորտը» ծրագրի հաստատմանը։

Էկոլուրը հարցում է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու, թե ինչպես է Հայաստանը հասնելու այս թիրախին։

Հարցման մեջ մասնավորապես նշված է․

«• 30%-ի պահպանության հասնելու գործում քանի՞ տոկոսն է վերապահվելու Էմերալդ թեկնածու տարածքներին։

• Արդյո՞ք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն է ներկայացրել առաջարկություն Էմերալդ թեկնածու տարածքների կրճատման մասին։ Եթե այո, խնդրում ենք հայտնել, արդյո՞ք նոր թեկնածու տարածքները հաստատվել են Բեռնի կոնվենցիայի քարտուղարության կողմից։

• Ներկայում քանի՞ Էմերալդ թեկնածու տարածք կա Հայաստանում և ընդհանուր երկրի մակերեսի քանի՞ տոկոսն են զբաղեցնում։

• Ի՞նչ նոր ԲՀՊՏ-ներ են ստեղծվելու Հայաստանում, ո՞ր մարզերում և ի՞նչ մակերեսով՝ հասնելու ՀՀ տարածքի 16,6% թիրախին։

• ՀՀ տարածքի առնվազն 13,3%-ի պահպանությունն այլ արդյունավետ տարածքային բնապահպանական միջոցառումների (OECM) միջոցով ապահովելու համար ի՞նչ տարածքներ են առանձնացվելու և դրանցից յուրաքանչյուրը քանի՞ հա տարածք է զբաղեցնելու»։

Ի պատասխան ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի թիվ № 2/16.10/12191 նամակում նշված է․
 
«1. Էմերալդ ցանցի ներկայիս տարբերակը դեռևս չունի հաստատված կարգավիճակ, դրանք ներկայացված են որպես թեկնածու տարածքներ, և վերջնական ընդգրկման մակերեսը կախված է դրանց սահմանների վերանայման և Բեռնի կոնվենցիայի քարտուղարության կողմից պաշտոնապես հաստատման դեպքում։ Հետևաբար, այս փուլում հնարավոր չէ ներկայացնել Էմերալդ ցանցի տարածքային մասնաբաժինը տոկոսային արտահայտությամբ։

2. Ձեր 2-րդ և 3-րդ հարցերի կապակցությամբ հայտնում եմ, որ շրջակա միջավայրի նախարարությունը Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն չի ներկայացրել պաշտոնական առաջարկություն Էմերալդ թեկնածու տարածքների կրճատման վերաբերյալ։ 2023 թվականին «Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի (EU4Environment)» տարածաշրջանային ծրագրի շրջանակում իրականացվել են Էմերալդ ցանցի վերանայման գիտական աշխատանքներ, ինչի արդյունքում առաջարկվել է վերանայել 2016 թվականին փաթեթով ներկայացված թեկնածու տարածքների սահմանները՝ հիմնվելով թիրախային տեսակների և նրանց կենսամիջավայրերի ներկայացվածության գիտական վերլուծությունների վրա։ Վերանայման ընթացքում առանձնացվել է 30 թեկնածու տարածք՝ ընդհանուր մակերեսը կազմելով 707,7 հազար հեկտր, մինչդեռ 2016 թվականի փաթեթում ընդգրկված էր 23 տարածք՝ 1․033․719,5 հեկտար մակերեսով։

Վերանայման հաշվետվությունը ներկայում գտնվում է քննարկման փուլում և դեռևս պաշտոնապես չի ներկայացվել Կոնվենցիայի քարտուղարություն հաստատման։ Նախարարությունը շահագրգիռ կողմերի հետ (գերատեսչություններ, գիտական հաստատություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ և հասարակական կազմակերպություններ) կազմակերպում է քննարկումներ՝ վերանայման արդյունքների ճշգրտման համար։

Միայն այդ գործընթացի ավարտից հետո հնարավոր կլինի սահմանել վերջնական տարբերակը և այն ներկայացնել քարտուղարություն՝ հաստատման համար։

3. 4-րդ հարցի կապակցությամբ հայտնում եմ, որ Գերմանիայի վերականգնման բանկի (KfW) ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսաբազմազանությունը և կայուն տեղական զարգացումը Հայաստանում» ծրագրի «Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքներ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է՝ Վայոց ձորի մարզում հիմնել «Ջերմուկ» ազգային պարկ, իսկ Սյունիքի մարզում հիմնել «Տաթև» ազգային պարկ։ Նշված ազգային պարկերի ստեղծման աշխատանքները ներկայում գտնվում են տեխնիկական ուսումնասիրությունների և քարտեզագրման փուլում, ուստի այս պահին հնարավոր չէ տրամադրել դրանց մակերեսի և սահմանների վերաբերյալ տվյալներ։ Տեխնիկական և հիմնավորման փաստաթղթերի մշակման ավարտից հետո նախատեսվում է կազմակերպել շահագրգիռ կողմերի մասնակցությամ քննարկումներ»։
 

Դեկտեմբեր 21, 2025 at 11:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր