COP 17-ին ընդառաջ Հայաստանը հրապարակել է Կենսաբազմազանության պահպանության իր նպատակներն ու թիրախները

COP 17-ին ընդառաջ Հայաստանը հրապարակել է Կենսաբազմազանության պահպանության իր նպատակներն ու թիրախները

Հայաստանի Հանրապետությունը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP 17) ընդառաջ հրապարակել է կենսաբազմազանության պահպանության իր նպատակները և թիրախները։ Նպատակները 5-ն են, իսկ թիրախները՝ 30-ը, որոնք ուղղված են մինչև 2030թ-ը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ապահովմանը։ Այս նպատակների ու թիրախների համար հիմք են հանդիսացել Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակով սահմանված 4 նպատակներն ու 23 թիրախները։

Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակն ընդունվել է 2022թ․ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի ընթացքում։  Այն հիմնված է նախկինում իրականացված 2011-2020 թվականների կենսաբազմազանության ռազմավարական պլանի վրա և նպաստում է Կայուն զարգացման նպատակների 2030 թվականի օրակարգի իրականացմանը: Գլոբալ շրջանակի նպատակն է ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր՝ կենսաբազմազանության կորուստը կանխելու համար: 2026թ․ հոկտեմբերի 19-30-ին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17-ի կենտրոնական իրադարձությունը լինելու է Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակի առաջընթացի առաջին գլոբալ վերանայումը։ Երկրները կվերանայեն կենսաբազմազանության պահպանմանն ու կայուն օգտագործմանն ուղղված իրենց գործողությունները՝ պարզելու դրանց արդյունավետությունը, բացերն ու գնահատելու առաջընթացը։ Այս աշխատանքի համար հիմք են ընդունվելու կողմ երկրների ներկայացրած կոնվենցիայի իրականացման իրենց ազգային զեկույցները։ Հայաստանը ևս ներկայացրել է իր ազգային զեկույցը կոնվենցիայի քարտուղարություն։

Հայաստանի կենսաբազմազանության պահպանության նպատակներն ու թիրախներն ամրագրված են  ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N100-Լ հրամանում, որը նախարարը ստորագրել է սույն թվականի ապրիլի 3-ին։

Հայաստանի կենսաբազմազանության պահպանության նպատակներն են՝

1) պահպանել Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի գենետիկ և տեսակային բազմազանությունը, բարելավել վտանգված տեսակների բնապահպանական կարգավիճակը

2) վերականգնել և պահպանել էկոհամակարգերի ամբողջականությունը, փոխկապակցվածությունը և կայունությունը

3) ապահովել կենսաբազմազանության կայուն օգտագործումը, էկոհամակարգերի կողմից տրամադրվող ծառայությունների արժևորումը, պահպանումը և վերականգնումը

4) երաշխավորել գենետիկական ռեսուրսներից և թվային հաջորդականություններից ստացվող դրամական և ոչ դրամական միջոցների արդարացի բաշխումը՝ հասանելիությունը տեղական համայնքների և այլ շահառուների համար

5) ապահովել ֆինանսական, նյութատեխնիկական և մարդկային անհրաժեշտ ռեսուրսները կենսաբազմազանության պահպանության և գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար:

 Թիրախներն են (այսուհետ՝ ԱՐՄ Թ)

1) ներառել կրիտիկական կենսամիջավայրերը տարածական պլանավորման մեջ

2) վերականգնել դեգրադացված էկոհամակարգերը

3) ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցը, այդ թվում տարածքային բնապահպանական այլ արդյունավետ գործիքակազմերի (other effective conservation measures (OECM) կիրառման միջոցով

4) բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը

5) պահպանել գլոբալ վտանգված տեսակները և կառավարել մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտը

6) զարգացնել վայրի տեսակների կարգավորող իրավական կարգավորման շրջանակը՝ կայուն հավաքի, օգտագործման և առևտրի համար

7) սահմանել օտարածին (ինվազիվ) տեսակների ներմուծման և տարածման կանխարգելման, կառավարման և վերահսկման համար կարգավորող իրավական շրջանակը

8) նվազեցնել Սևանա լճի էկոհամակարգի աղտոտումը, վերականգնել դրա էկոհամակարգի հավասարակշռությունը

9) նվազեցնել Հայաստանում ջրային ռեսուրսների աղտոտումը (նպաստում է Գլոբալ նպատակ Ա-ին, գլոբալ թիրախ 7-ին)

10) բարձրացնել անտառային լանդշաֆտների դիմակայությունը կլիմայի փոփոխությանը (նպաստում է Գլոբալ նպատակ Ա-ին, գլոբալ թիրախ 8-ին),

11) ներդնել կայուն որսորդության փորձառություններ (պրակտիկաներ) (նպաստում է Գլոբալ նպատակ Ա և Բ-ին, գլոբալ թիրախ 9-ին),

12) խթանել կայուն անտառտնտեսությունը և գյուղատնտեսությունը

13) կիրառել բնահեն լուծումներ

14) խթանել բնակավայրերի, այդ թվում քաղաքների կանաչ զարգացումը

15) ապահովել գենետիկական ռեսուրսների արդար հասանելիությունը և օգտագործումը

16) բարձրացնել կենսաբազմազանության պահպանության կարևորությունն ու նշանակությունը տեղականից մինչև պետական մակարդակներում

17) ներդնել բնապահպանական, սոցիալական և կառավարչական կարգավորումներ

18) զարգացնել պետական «կանաչ» գնումները

19) բարելավել թափոնների վերամշակման մակարդակը և խթանել կայուն սպառման ընտրության հնարավորություններ

20) նվազեցնել սննդի գերսպառումը և սննդի թափոնների գոյացումը

21) կարգավորել և ամրապնդել կենսաանվտանգության միջոցները և կառավարել կենսատեխնոլոգիան և դրա օգուտների տարածումը

22) նվազեցնել կենսաբազմազանության վրա վնասակար ազդեցությունները

23) գույքագրել ներքին ֆինանսական միջոցները

24) գույքագրել միջազգային ֆինանսական միջոցները

25) զարգացնել կենսաբազմազանության ոլորտի հետազոտությունները (այդ թվում կարողությունները) և տեխնիկական համագործակցությունը

26) ամրապնդել կենսաբազմազանության գույքագրումն πι մշտադիտարկումը

27) խթանել կենսաբազմազանության տվյալների հասանելիությունը, օգտագործումը և փոխանակումը

28) խրախուսել հանրության մասնակցությանը` կենսաբազմազանության վերաբերյալ հետազոտություններում և բարձրացնել բնապահպանական իրազեկվածության մակարդակը

29) ներգրավել համայնքներին բնապահպանական կառավարման մեջ

30) Կենսաբազմազանության պահպանման ոլորտում ապահովել գենդերային հավասարությունը։

 Շարունակելի

Ապրիլ 17, 2026 at 19:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր