

Հայաստանը թարմացնում և բարեփոխում է իր բնապահպանական օրենսդրությունը Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP 17) ընդառաջ։ Ապրիլի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։
Առաջարկվող օրենսդրական նախագծով Հայաստանը կունենա բնության հատուկ պահպանվող տարածքի (ԲՀՊՏ) նոր տեսակ՝ պահպանվող լանդշաֆտ։ Այս տարածքի նկարագրության մեջ նշված է․ «Պահպանվող լանդշաֆտ` մարդու գործունեության և բնական միջավայրերի փոխազդեցության արդյունքում ժամանակի ընթացքում ձևավորված բնապահպանական, մշակութային, գեղագիտական արժեք ներկայացնող առանձնացված տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են ակտիվ կառավարման միջամտությամբ և օգտագործվում են գիտական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, էկոլոգիական կրթության և դաստիարակության, էկոլոգիական զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպման, պատմամշակութային օբյեկտների վերականգնման, հողօգտագործման ավանդական ձևերի զարգացման նպատակներով և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ»։ Պահպանվող լանդշաֆտում արգելվելու է ընդերքօգտագործում, երկրաբանական աշխատանքներ, անտառհատումներ, ջրօգտագործում որոշ բացառություններով և մի շարք այլ գործողություններ։ Պահպանվող լանդշաֆտ կատեգորիան սահմանված է «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից։
Ամրագրվել է «Այլ արդյունավետ պահպանության միջոցառումների ներքո գտնվող աշխարհագրորեն սահմանված տարածք» (OECM) հասկացությունը։ Այն սահմանում է, որ OECM-ը բնության հատուկ պահպանվող տարածք չհանդիսացող աշխարհագրորեն սահմանված տարածք է, որի նկատմամբ չի կիրառվում ԲՀՊՏ-ների համար սույն օրենքով սահմանված հատուկ պահպանության և օգտագործման ռեժիմ, սակայն այս տարածքի կառավարման, տնօրինման կամ օգտագործման արդյունքում ապահովվում են կենսաբազմազանության բնական միջավայրում պահպանության դրական, կայուն և երկարաժամկետ արդյունքներ։ «OECM-ների ներառումը նպաստում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և գլոբալ նպատակների արդյունավետ իրականացմանը՝ մասնավորապես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում և Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակադրումների համատեքստում»,- նշված է օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ։
Նախատեսվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ներգրավվեն բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում։ ՏԻՄ-երը կարող են ստեղծել համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք, մշակեն դրա կանոնադրությունը և ապահովեն պահպանությունն ու մշտադիտարկումը, վճար սահմանեն այդ տարածք այցելության համար։
Օրենքի նախագծում ամրագրվել են բուսաբանական այգիների, դենդրոպարկերի և անտառպարկերի հասկացությունները, ստեղծվել դրանց կառավարման ու կանոնադրական կարգավորման իրավական հիմքերը։
Սահմանվել են ԲՀՊՏ-ների ստեղծման նպատակները և հիմքերը, կառավարման սկզբունքները, ԲՀՊՏ-ների կատեգորիաների խնդիրները։ Դասակարգվել են բնության հուշարձանները, սահմանվել են ստեղծման չափանիշները և պահպանության ռեժիմը։
Ամրագրվել են արգելավայրի պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները, ԲՀՊՏ-ի պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի և էկոլոգիական ցանցի, ինչպես նաև վավերացված բնապահպանական միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող արժեքավոր էկոհամակարգերի կառավարման սկզբունքները և պահպանության առանձնահատկությունները։ Կարգավորվել են կենսոլորտային տարածքի ստեղծման և կառավարման իրավահարաբերությունները։
Ապրիլ 22, 2026 at 14:43
