

Մայիսի 8-ին Երևանում մասնագիտական հանրույթը քննարկեց Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը՝ կենտրոնանալով բնության հատուկ պահպանվող տարածքների, ագրոկենսաբազմազանության և ագրոէկոլոգիայի վրա։ Նաև քննարկվեց գենդերային հավասարության ինտեգրումը պահպանվող տարածքների և ագրոկենսաբազմազանության կառավարման մեջ։
Քննարկումը կազմակերպել էր «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն՝ «Կանանց դերի բարձրացում Հայաստանի պահպանվող տարածքներին սահմանակից բնակավայրերում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է «Կանայք հանուն ընդհանուր ապագայի» (WECF) միջազգային կազմակերպության կողմից։
Կլոր սեղանին մասնակցեցին պետական, միջազգային, գիտակրթական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը» փաստաթուղթը հաստատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի N100-Լ հրամանով։ Մինչ փաստաթղթի ընդունումը շրջանառվում էր կենսաբազմազանության ռազմավարական փաստաթուղթ, սակայն, քանի որ կառավարման բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է ռազմավարական կառավարման նոր համակարգի անցում, մշակվում են ռազմավարություններ 6 ուղղություններով։ Այդ պատճառով կենսաբազմազանության առանձին ռազմավարություն չի ընդունվել, այլ ընդունվել է նախարարի հրամանը։
Ըստ Շրջակա միջավայրի նախարարի հրամանի՝ Հայաստանն ունի 5 ռազմավարական նպատակ և 30 թիրախ, որոնք բխում են Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 4 նպատակներից և 23 թիրախներից։
Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակն ընդունվել է 2022 թվականին՝ Կենսաբազմանության մասին կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովում։ Կենսաբազմազանության կոնվենցիային միացած երկրները պարտավորվել են Կունմինգ-Մոնրեալի գլոբալ շրջանակի 3-րդ թիրախի համաձայն մինչև 2030 թվականն ապահովել Երկիր մոլորակի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առնվազն 30 տոկոսի արդյունավետ պահպանումը: Յուրաքանչյուր երկիր ևս պետք է ապահովի իր տարածքի 30%-ի պահպանությունը։
Հայաստանը թիրախ է սահմանել ապահովել երկրի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի 20%-ի արդյունավետ պահպանումը մինչև 2030 թվականը, թեպետ ունի հնարավորություն հասնելու գլոբալ թիրախին՝ 30 տոկոսին։
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Կարեն Մանվելյանը ներկայացրեց Հայաստանում 30x30 թիրախին հասնելու ճանապարհին մարտահրավերներն ու հնարավորությունները։ Նա նշեց, որ այստեղ առանցքային դերակատարում ունի Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցի (ԲՀՊՏ) ընդլայնումը։
Հայաստանում ԲՀՊՏ-ների ներկա ծածկույթը 386,355 հեկտար է կամ երկրի ողջ ծածկույթի 13․1 տոկոսը։ 2012 թվականից ԲՀՊՏ-ների ամբողջ տարածքն ընդլայնվել է 88,600 հեկտարով՝ 3 տոկոսով։ Այժմ կա 3 պետական արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 233 բնության հուշարձան։

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է դեռ 2006 թվականին։ Սակայն ներկայացված չեն Բնության պահպանության միջազգային միության (IUCN) V և VI կատեգորիաները։ Ոչինչ առկա չէ բուֆերային գոտու, էկոլոգիական միջանցքի և կենսոլորտային արգելոցի մասին։ Ոչինչ առկա չէ այլ արդյունավետ պահպանության միջոցառումների (OECM), պահպանվող տարածքների, Էմերալդ տարածքի և այլնի մասին։
2026թ․ ապրիլի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Այն այժմ Ազգային ժողովում է։
Առաջարկվող օրենսդրական նախագծով Հայաստանը կունենա ԲՀՊՏ-ի նոր տեսակ՝ պահպանվող լանդշաֆտ։ Պահպանվող լանդշաֆտ կատեգորիան սահմանված է «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից։
Ամրագրվել է «Այլ արդյունավետ պահպանության միջոցառումների ներքո գտնվող աշխարհագրորեն սահմանված տարածք» (OECM) հասկացությունը։
Ըստ Կարեն Մանվելյանի՝ «Տաթև» և «Ջերմուկ» ազգային պարկերի ստեղծմամբ ԲՀՊՏ-երի ամբողջ տարածքը կընդլայնվի 9,800 հեկտարով։ Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը ԲՀՊՏ-ների ծածկույթը կկազմի 396,155 հեկտար կամ երկրի ողջ տարածքի 13.3 տոկոսը։ Կլինեն 3 պետական արգելոց, 6 ազգային պարկ, 23 պետական արգելավայր և 233 բնության հուշարձան։ Նաև ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը բնապահպանական տարածքների ծածկույթը (OECM) կհասնի 151,035 հեկտարի՝ երկրի ողջ տարածքի 5.1 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, մինչև 2030 թվականը ԲՀՊՏ-ների և բնապահպանական տարածքների ակնկալվող ամբողջ ծածկույթը կկազմի 547,190 հեկտար կամ երկրի ողջ տարածքի 18.4 տոկոսը։
Կարեն Մանվելյանը նշեց, որ կարևոր կենսաբազմազանության տարածքների, Էմերալդ տարածքների, պետական անտառային հողերում ԲՀՊՏ-ների կամ OECM տարածքների ստեղծման դեպքում ամբողջ ծածկույթը կարող է հասնել երկրի ողջ տարածքի 30 տոկոսի՝ ընդգրկելով 270,000 հեկտար ԲՀՊՏ-ներ և OECM տարածքներ։
Մայիս 12, 2026 at 17:48
