

Ապրիլի 22-ին աշխարհը նշում է Երկրի օրը։ Այս տարվա կարգախոսն է «Մեր ուժը, մեր մոլորակը»։ Նպատակն է ցույց տալ մարդկանց դերը շրջակա միջավայրի պահպանության գործում։
Հայաստանում Երկրի օրվա առթիվ Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հանրապետության մարզերում մեկնարկում է գարնանային ծառատնկման գործընթաց։ ՊՈԱԿ-ի կողմից տնկիներ կտրամադրվեն այն համայնքներին, որոնք ունեն կանաչ տարածքներն ընդլայնելու անհրաժեշտություն, ոռոգման հնարավորություն և պատրաստակամություն՝ տնկիների խնամքն ու պահպանումն ապահովելու համար։
Այս տարի տնկումները կիրականացվեն հիմնականում հացենու, սոճու, ուռենու տեսականիով։ Մարզերից ստացված տվյալների հիման վրա շուրջ 25000 տնկիներ կբաշխվեն ՊՈԱԿ-ի Վանաձորի, Տաշիրի, Հրազդանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը և լրագրող Մոնիկա Երիցյանը Երկրի օրը նշեցին Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի սաների հետ` անցկացնելով իրազեկման միջոցառում։

Վիկտորյա Բուռնազյանը դպրոցի աշակերտներին պատմեց օրվա կարևորության մասին, ներկայացրեց, թե որքան կարևոր է պահպանել Երկիր մոլորակի կենսաբազմազանությունը, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում կենսաբազմազանության վրա, ինչ բնական աղետներ են հնարավոր կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի պայմաններում։ Այնուհետև, աշակերտները բնապահպանական խաղի միջոցով հիմնավորեցին անտառի պահպանման կարևորությունը կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, կենսաբազմազանության պահպանման, բնական աղետների ռիսկի մեղմման տեսանկյունից։

Երկիր մոլորակը տիեզերքում մարդկությանը հայտնի միակ մոլորակն է, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով։ Երկիր մոլորակի շուրջ 70 տոկոսը ջուր է, 30 տոկոսը՝ ցամաք։ Արեգակից հեռավորությունը 149,6 միլիոն կմ է։ Արեգակի ճառագայթները Երկիր մոլորակ են հասնում 8 րոպեի ընթացքում։ Երկիր մոլորակի մակերեսը մշտապես փոխվում է հրաբուխների, երկրաշարժերի, էրոզիաների և եղանակի պատճառով։
Երկրի օրը սկիզբ է առել ԱՄՆ-ում 1970թ. և հետագայում վերածվել համաշխարհային շարժման, որը համախմբում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ 2009թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պաշտոնապես հաստատեց Մայր Երկրի միջազգային օրը։
Ամեն տարի այդ օրը միլիոնավոր մարդիկ մասնակցում են տարաբնույթ բնապահպանական միջոցառումների՝ գիտաժողովների, ցուցահանդեսների, ծառատունկերի, շաբաթօրյակների և այլն։
Ապրիլ 22, 2026 at 15:59
