

2026թ․ հոկտեմբերին Երևանը կդառնա միջազգային բնապահպանական կարևորագույն հարթակներից մեկը՝ հյուրընկալելով Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP 17)։ Հոկտեմբերի 19-30-ը աշխարհի տարբեր երկրներից պատվիրակներ, միջազգային կազմակերպություններ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ կհավաքվեն՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ գլոբալ առաջընթացը և մինչև 2030թ․ նախատեսվող քայլերը։
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի պաշտոնական կայքում արդեն հրապարակված է COP 17-ի նախնական օրակարգը։
Ըստ օրակարգի՝ համաժողովի աշխատանքները կմեկնարկեն պաշտոնական բացմամբ, որից հետո մասնակիցները կանցնեն կազմակերպչական հարցերի քննարկմանը։
Համաժողովի քննարկումների առանցքում կլինի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը։ Կիրականացվի Ծրագրի համաշխարհային մակարդակով առաջընթացի գնահատում, ինչպես նաև կքննարկվեն մոնիթորինգի և հաշվետվողականության մեխանիզմները։
Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Կենսաբազմազանության մասին կոնվենցիաի և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրի իրականացմանն աջակցող մեխանիզմներին, ինչպես նաև դրանց վերաբերյալ հանրային իրազեկման գործընթացներին։
Կքննարկվեն կոնվենցիայի Կողմ երկրների կարողությունների զարգացման և գիտատեխնիկական համագործակցության ամրապնդման թիրախները։
Մասնակիցները կանդրադառնան նաև գիտելիքների կառավարմանը, ինչպես նաև հաղորդակցության, կրթության և հանրային իրազեկման հարցերին։
Օրակարգի կարևոր կետերից մեկը կլինի ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիան։
Օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի և հարակից դրույթների իրականացումը, որոնք առնչվում են բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքներին ու մասնակցությանը։ Կքննարկվեն այս ոլորտում գործող օժանդակ մարմնի աշխատանքային ձևաչափի (modus operandi) հստակեցման հարցերը։ Նախատեսված է քննարկել իրավական և քաղաքական շրջանակների ուժեղացման ուղեցույցներ՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրի նպատակների իրագործման համատեքստում։ Դրանք ներառում են ինչպես բնիկ ժողովուրդների և նրանց ավանդական տարածքների պահպանությանն ուղղված միջոցառումների խթանումը, այնպես էլ՝ ավանդական հողօգտագործման և բնական ռեսուրսների կառավարման հարցերի ներառումը տարածքային պլանավորման և շրջակա միջավայրի ազդեցության գնահատման գործընթացներում։
Նախատեսվում է վերանայել և թարմացնել առանցքային հասկացությունների կամավոր բառարանը, որը կիրառվում է կոնվենցիայի 8(j) հոդվածի շրջանակում, ինչպես նաև անցկացնել խորացված երկխոսություն այս դրույթների գործնական կիրառման շուրջ։
Քննարկումների կարևոր մաս կկազմեն նաև բնիկ ժողովուրդների հարցերով Մշտական հարթակի ներկայացրած առաջարկությունները։
Երևանյան հանդիպման ընթացքում ուշադրության կարժանանան գենետիկական ռեսուրսների թվային տվյալների օգտագործման և սինթետիկ կենսաբանության թեմաները։ Օրակարգում ներառված է նաև գենդերային բաղադրիչը․ մասնակիցները կքննարկեն գենդերային հավասարության ապահովման գործողությունների ծրագիրը։
Կարևոր ուղղություններից է նաև միջազգային համագործակցությունը՝ այլ կոնվենցիաների և կազմակերպությունների հետ քաղաքականությունների համադրման նպատակով։
Երևանում նաև կքննարկվի կենսաբազմազանության հարցերի ինտեգրումը քաղաքականությունների և ոլորտային կառավարման համակարգերում, ինչպես նաև համագործակցությունը ենթազգային կառավարման մարմինների հետ։ Մասնավորապես, անդրադարձ կլինի համագործակցությանը ենթազգային կառավարությունների, քաղաքային և այլ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ նպատակ ունենալով ակտիվացնել Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրի իրականացման գործընթացը։
Օրակարգում ներառված են նաև հարցեր, որոնք վերաբերում են Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական գիտաքաղաքական հարթակի աշխատանքային ծրագրին։
Քննարկվելու է նաև անտառային կենսաբազմազանության ընդլայնված աշխատանքային ծրագրի ռազմավարական վերանայումն ու թարմացումը, ինչպես նաև պահպանվող տարածքների վերաբերյալ ծրագրի արդիականացումը։ Այս թեմայի շրջանակում ներառված է նաև Շրջանակային ծրագրի համատեքստում հնարավոր հետագա գործողությունների ուղղությունների սահմանումը։
Համաժողովի ընթացքում կքննարկվեն նաև կենսաբազմազանության կապը կլիմայի փոփոխության, գյուղատնտեսության, առողջության, վայրի բնության կառավարման, ծովային էկոհամակարգերի և ինվազիվ օտար տեսակների տարածման հետ։
Նախատեսված է քննարկել նաև կոնվենցիայի վարչական կառավարման հարցեր, այդ թվում՝ նպատակային հիմնադրամների բյուջեին ու քարտուղարության գործունեությանը վերաբերող։
Համաժողովի ավարտին մասնակիցները կգնահատեն կոնվենցիայի և դրա արձանագրությունների արդյունավետությունը։ Աշխատանքները կամփոփվեն բազմամյա ծրագրի հաստատմամբ, եզրափակիչ զեկույցի ընդունմամբ և նիստի փակմամբ։
Մայիս 06, 2026 at 16:30


