

Սյունիքի մարզի Շաքի գյուղում գործող «Շաքի» փոքր հիդրոէլեկտրակայանում (ՓՀԷԿ) արձանագրվել են ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտումներ։ Դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացվել Շաքիի ջրվեժի ջրային հոսքի նվազման մասին, որի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Ստուգումների արդյունքում տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ «ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԷԿ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Շաքի» ՓՀԷԿ-ում գործունեությունն իրականացվել է ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտմամբ։
Մասնավորապես արձանագրվել է, որ ընկերությունը գերազանցել է ջրօգտագործման սահմանված չափաքանակները՝ Շաքի գետից իրականացնելով 13 միլիոն 538 հազար 687 խմ ավելի ջրառ։ Բացի այդ, խախտվել են ըստ ամիսների սահմանված ջրառի ծավալները, ինչպես նաև ջրօգտագործման ժամանակահատվածն ու ռեժիմը։
Խախտումների հետևանքով կատարվել է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության ազդեցության գնահատում, որի արդյունքում հաշվարկվել է շուրջ 27 միլիոն 77 հազար 374 դրամի չափով վնաս։
Ընկերության տնօրենի նկատմամբ նախատեսվում է կիրառել վարչական պատասխանատվություն։
Մայիս 15, 2026 at 12:33
