

2026թ․ ապրիլի 22-23-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցավ Համագործակցություն կենսաբազմազանության մասին կոնվենցիայի համար թեմայով /CO-OP4CBD/ վերապատրաստման դասընթացը, որը նվիրված էր ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավվածության և կարողությունների զարգացման ամրապնդմանը՝ COP17 համաժողովի նախապատրաստման համատեքստում։
Միջոցառումը կազմակերպվել էր Ֆրանսիայի Ազգային բնագիտական թանգարանի (Muséum National d’Histoire Naturelle) կողմից Հունգարիայի HUN-REN Էկոլոգիական Հետազոտությունների Կենտրոնի (HUN-REN CER) հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող CO-OP4CBD նախագծի շրջանակում՝ «Horizon Europe» ծրագրի աջակցությամբ։

Դասընթացին մասնակցում էին ավանդական էկոլոգիական գիտելիքների կրողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, երիտասարդական կառույցների, կանանց կազմակերպություններ և գիտական համայնքի ներկայացուցիչներ։ Մասնակիցների թվում զգալի թիվ էին կազմում Հայաստանի ներկայացուցիչները՝ քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպություններից։ Դասընթացին ներկա էր նաև «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը։

Միջոցառման հիմնական նպատակն էր ամրապնդել քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան խմբերի մասնակցությունը CBD գործընթացներում, բարձրացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները COP17-ին արդյունավետ ներգրավվելու համար, խորացնել Հայաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գիտելիքը CBD գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև՝ խթանել համագործակցությունը և փորձի փոխանակումը քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարների միջև։

Երկօրյա միջոցառման ընթացքում քննարկվեցին CBD-ի իրականացման, մասնակցության և գլոբալ կենսաբազմազանության քաղաքականության հիմնական ուղղությունները։
Դասընթացի առաջին օրը հետազոտող Պիեռ Շպիլեվոյը /Pierre Spielewoy/ ներկայացրեց CBD-ում շահագրգիռ կողմերի ներգրավման պատմական զարգացումը՝ սկսած 1992թ․ Ռիոյի գագաթնաժողովից և Agenda 21-ից։ Նա ընդգծեց, որ Կոնվենցիայի շրջանակում ձևավորվել է «հիմնական խմբերի» համակարգը, որը ներառում է հասարակության ինը խոշոր հատվածներ։ Թեև որոշումները կայացնում են միայն պետությունները, քաղաքացիական հասարակության մասնակցությունը դարձել է բանակցային գործընթացների անբաժանելի մաս։

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից Ֆրանսիայի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի ազգային համակարգող Ադել Ֆարդուն /Adèle Fardoux/ ներկայացրեց Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման համակարգը՝ ընդգծելով պլանավորում, մոնիթորինգ, հաշվետվություն և վերանայում (Planning, Monitoring, Reporting and Review) մեխանիզմի դերը։ Նա նշեց, որ ազգային ռազմավարությունները, հաշվետվությունները և գլոբալ վերանայման գործընթացը միասին ձևավորում են մի համակարգ, որը թույլ է տալիս գնահատել, թե որքանով են երկրներն առաջընթաց գրանցում կենսաբազմազանության նպատակների իրականացման հարցում։

Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությունից Շանտալ Ռոբիշոն /Chantal Robichaud/ ներկայացրեց, թե ինչպես են շահագրգիռ կողմերը մասնակցում բանակցություններին։ Նա ընդգծեց, որ ժամանակային սահմանափակումները և բանակցային ձևաչափերը հաճախ սահմանափակում են ուղիղ խոսքի հնարավորությունները, ուստի քաղաքացիական հասարակությունը հիմնականում ներգրավվում է գրավոր առաջարկների, նախօրոք ներկայացված հայտարարությունների և ցանցային համագործակցության միջոցով։
CBD Women’s Caucus ցանցի անդամ Շարոն Ռութիան /Sharon Ruthia/ ներկայացրեց ցանցի գործունեությունը՝ ընդգծելով կանանց դերակատարության աճը CBD գործընթացներում։ Նա նշեց, որ գենդերային գործողությունների պլանների ընդունումը, կանանց մասնակցության ինստիտուցիոնալացումը և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրում գենդերային նպատակների ներառումը կարևոր ձեռքբերումներ են, որոնք ձևավորել են կանանց ավելի ակտիվ մասնակցություն միջազգային կենսաբազմազանության քաղաքականությունում։

Կենսաբազմազանության երիտասարդական գլոբալ ցանցի՝ GYBN Եվրոպայի համակարգող Ռոնյա Ֆիշերը /Ronja Fischer/ ներկայացրեց ցանցի գործունեությունը՝ ընդգծելով երիտասարդների ներգրավվածության և ազդեցության ընդլայնումը CBD գործընթացներում։ Նա նշեց, որ երիտասարդներն այսօր ներգրավված են ոչ միայն որպես դիտորդներ, այլև որպես ակտիվ դերակատարներ՝ մասնակցելով բանակցություններին, նախապատրաստական հանդիպումներին և քաղաքական դիրքորոշումների ձևավորմանը։

Հունգարիայի HUN-REN Էկոլոգիական Հետազոտությունների Կենտրոնի ավագ գիտաշխատող Քինգա Օլերերը /Kinga Öllerer/ ներկայացրեց ավանդական էկոլոգիական գիտելիքների կարևորությունը՝ ընդգծելով, որ բնությունն ու մշակույթը չեն կարող տարանջատվել։ Նա նշեց, որ Եվրոպայում ևս կան ավանդական գիտելիքների համակարգեր, որոնք հաճախ չեն ճանաչվում պաշտոնական քաղաքական շրջանակներում, չնայած դրանց իրական ազդեցությանը կենսաբազմազանության պահպանման վրա։

Դասընթացի շրջանակում անցկացվեց նաև պանելային քննարկում՝ «Կենսաբազմազանության կոնվենցիայի գործընթացներում և հանդիպումներում ավանդական էկոլոգիական գիտելիքների կրողների կազմակերպությունների ներգրավվածության փորձը» թեմայով։ Ներկայացվեց տեղական և բնիկ համայնքների գիտելիքների դերին CBD գործընթացներում և դրանց ներգրավման կարևորությունը միջազգային մակարդակի բնապահպանական քաղաքականությունների ձևավորման մեջ։

Դասընթացի երկրորդ օրը կազմակերպչական խմբից Իզաբելլա Լիվերուտը և Բապտիստ Ալբիսոնը /Isabella Livertout, Baptiste Albisson/ ներկայացրին նոր ուսումնական գործիքներ, այդ թվում՝ առցանց դասընթացներ և մեթոդաբանական ձեռնարկներ, որոնք նպատակ ունեն պարզեցնել CBD գործընթացների բարդ համակարգը և հասանելի դարձնել այն տարբեր լսարանների համար։


Գիտության և քաղաքականության ավագ մասնագետ Խորխե Լ. Վենտոչիլլան /Jorge L. Ventocilla/ ներկայացրեց տեխնիկական և գիտական համագործակցության (TSC) մեխանիզմը՝ որպես երկրների կարիքները՝ գիտական և տեխնիկական կարողությունների հետ կապող համակարգ։ Նա ընդգծեց, որ այս մեխանիզմը հիմնված է «պահանջարկի վրա» (demand-driven) մոտեցման վրա՝ նպատակ ունենալով արդյունավետորեն աջակցել երկրներին Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի նպատակների իրականացման հարցում։

Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության ավագ խորհրդական Վինսենթ Հուլինը /Vincent Hulin/ ներկայացրեց COP17-ի գլոբալ վերանայման գործընթացը՝ ընդգծելով, որ այն հիմնված է ազգային հաշվետվությունների և համընդհանուր ցուցանիշների վրա։ Նա նշեց, որ տվյալների որակը և համադրելիությունն առանցքային են գլոբալ գնահատման համար, քանի որ հենց դրանց հիման վրա է ձևավորվելու կենսաբազմազանության համաշխարհային առաջընթացի պատկերը։
Դասընթացի երկրորդ օրը տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ «Կանանց և երիտասարդական կազմակերպությունների փորձը CBD գործընթացներում և հանդիպումներում ներգրավվելու վերաբերյալ» թեմայով։ Բանախոսները ներկայացրին իրենց փորձը՝ ընդգծելով կանանց և երիտասարդների աճող դերակատարությունը CBD գործընթացներում, նրանց մասնակցության ձևերը և այն մեխանիզմները, որոնց միջոցով այս խմբերը կարող են ավելի արդյունավետ ներգրավվել միջազգային բնապահպանական քաղաքականությունների ձևավորման մեջ։

Միջոցառման ավարտին Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը և նախարարի օգնական Անի Կիրակոսյանը ներկայացրեցին Երևանում կայանալիք COP17-ի օրակարգային հարցերն ու Հայաստանի առաջնահերթությունները՝ ընդգծելով ազգային մակարդակում կենսաբազմազանության քաղաքականության և միջազգային գործընթացների միջև կապի ամրապնդման կարևորությունը։

Մայիս 18, 2026 at 10:54
