

2026թ․ մայիսի 26-ին Էկոլուրի մամուլի ակումբում տեղի ունեցավ Ռաուլ Վալենբերգի Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ավագ հետազոտող, դոկտոր Կլաուդիա Իտուարտե Լիմայի (Claudia Ituarte-Lima) հանդիպումը Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում մասնագետը ներկայացրեց ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովներում (COP- Conference of the Parties) քաղհասարակության դերակատարությունը, մասնակցության, հարակից միջոցառումների (side events) ձևաչափերը։ Քննարկվեցին քաղաքացիական հասարակության ներգրավվածության, ազդեցության մեխանիզմների և միջազգային հարթակներում իրենց ձայնը լսելի դարձնելու հարցեր։
Կլաուդիա Իտուարտե Լիման նշեց, որ COP գործընթացներում մասնակցության արդյունավետությունը մեծապես կախված է նախապես հստակեցված նպատակներից։ Նրա խոսքով՝ ցանկացած միջոցառում կամ նախաձեռնություն կազմակերպելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ արդյունք է ակնկալվում։ «Շատ կարևոր է հասկանալ՝ որն է ձեր նպատակը։ Դրանից է կախված, թե ինչ ձևաչափով կարելի է մասնակցել COP գործընթացներին։ Արդյո՞ք դուք ուզում եք բանակցությունների վրա ազդեցություն ունենալ, արդյո՞ք ուզում եք, որ Հայաստանի առաջնահերթություններն ավելի լսելի լինեն և հաշվի առնվեն», - նշեց նա։
Մասնագետը ներկայացրեց COP համաժողովներում գոյություն ունեցող տարբեր մասնակցության հարթակներ՝ կապույտ և կանաչ գոտիները, ինչպես նաև դրանցից դուրս կազմակերպվող միջոցառումները։ Նրա խոսքով՝ թեև պաշտոնական միջոցառումները հիմնականում անցկացվում են այդ գոտիներում, սակայն քաղաքացիական հասարակությունը կարող է ազդեցություն ունենալ նաև այլ ձևաչափերով կազմակերպվող նախաձեռնությունների միջոցով։
Կլաուդիա Իտուարտե Լիման որպես օրինակ նշեց Բրազիլիայում տեղի ունեցած COP-ում քաղհասարակության նախաձեռնության փորձը, երբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տեղի համալսարանի տարածքում կազմակերպել էին լայնամասշտաբ հարակից միջոցառում՝ ներգրավելով հարյուրավոր մասնակիցների, այդ թվում՝ տարբեր երկրների պետական ներկայացուցիչների։ «100-ավոր մասնակիցներ ունեցավ այդ միջոցառումը։ Տարբեր խմբերի ներկայացուցիչներ, կանայք, բնիկ խմբեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ այնտեղ խոսեցին, և կազմակերպիչները հենց COP-ի նախագահությանը հրավիրեցին այդ միջոցառմանը։ Դա անվանում են ժողովրդի գագաթնաժողով։ Իրենք պատրաստեցին կոնկրետ փաստաթուղթ, որը հանձնեցին նախագահությանը։ Կարող եք նաև այդ տարբերակը դիտարկել, որ նախապես աշխատեք քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների հետ, որոնք մասնակցել են նախկինում և գալու են այստեղ։ Միասին այդպիսի միջոցառում կազմակերպեք, հրավիրեք և ներկայացնեք միացյալ փաստաթուղթ», - ասաց նա։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կարևոր է հասկանալ՝ ինչպես ապահովել իրենց նախաձեռնությունների և քննարկումների արդյունքների հասանելիությունը կոնվենցիայի քարտուղարությանը։ Նրա խոսքով՝ խոսքը միայն ցանց ստեղծելու կամ հռչակագրերի մասին չէ, այլև՝ այն մեխանիզմների, որոնց միջոցով քաղաքացիական հասարակության աշխատանքի արդյունքները կարող են պաշտոնապես ճանաչվել և ընդգրկվել գործընթացում։
Արձագանքելով Կլաուդիա Իտուարտե Լիման նշեց, որ նման նախաձեռնությունները հնարավոր է հասնեն քարտուղարության մակարդակ, սակայն պետք է հաշվի առնել մասնակցության սահմանափակ տեղերը կապույտ գոտում։ Այդ պատճառով, ըստ նրա, կարևոր է կիրառել նաև լրացուցիչ ձևաչափեր՝ մասնավորապես COP-ի պաշտոնական գոտիներից դուրս հարակից միջոցառումների կազմակերպումը։
Քննարկման ընթացքում շեշտվեց նաև միջազգային ցանցերի դերը քաղաքացիական հասարակության ազդեցության ընդլայնման գործում։ Մասնավորապես, նշվեց CBD Women’s Caucus՝ կանանց իրավունքների և մասնակցության հարցերով միջազգային ցանցն ու GYBN (Global Youth Biodiversity Network)՝ երիտասարդական գլոբալ ցանցը, որը զբաղվում է կենսաբազմազանության հարցերով։ Կլաուդիա Իտուարտե Լիմայի խոսքով՝ տարբեր թեմաների դեպքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են միանալ համապատասխան ցանցերին և այդ միջոցով ավելի արդյունավետ բարձրաձայնել իրենց մտահոգությունները։ «Եթե հարցը վերաբերում է կանանց, կարելի է աշխատել կանանց ցանցերի միջոցով, եթե երիտասարդների՝ երիտասարդական ցանցերի», - ասաց նա։
Կլաուդիա Իտուարտե Լիման նշեց, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները չունեն քվեարկելու իրավունք COP-ի վերջնական որոշումների ընդունման գործընթացում, քանի որ այն միջպետական բանակցային հարթակ է։ Այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր ունի առաջարկների ձևավորման, հանրային ճնշման և օրակարգային հարցերի բարձրաձայնման գործում։ Նրա խոսքով՝ հաճախ COP-ի վերջնական փաստաթղթերը արդեն նախապես համաձայնեցված են լինում, սակայն հարակից միջոցառումները հնարավորություն են տալիս ազդել գործընթացների վրա և ներկայացնել տարբեր երկրների և համայնքների դիրքորոշումները։
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը։ Մասնավորապես, փորձագետն առանձնացրեց 22-րդ թիրախը, որը վերաբերում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների` լիարժեք, արդար, ներառական, արդյունավետ և գենդերային առումով որոշումների կայացմանը մասնակցության ապահովմանը, ինչպես նաև արդարադատությանը և կենսաբազմազանության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը, և 23-րդ թիրախը, որը վերաբերում է գենդերային հավասարության ապահովմանը։ Մասնագետն ընդգծեց, որ քաղաքացիական հասարակությունը կարող է այս թիրախներին հղում անելով ավելի ուժեղացնել իր դիրքորոշումները և պահանջները՝ կառավարությունների նկատմամբ։
Քննարկման ընթացքում ընդգծվեց նաև ազգային և միջազգային փաստաթղթերի կիրառման, վերահսկման կարևորությունը։ «Սովորաբար գործողությունների ծրագրերը շատ հավակնոտ են։ Փաստաթուղթը մշակվում է, բայց կարևոր է նաև հետագայում մոնիթորինգի ենթարկել դրա կիրարկումը, և այս պարագայում քաղաքականության փաստաթղթերին հղում անելը մեծ կշիռ կտա ձեր խոսքին», - ասաց նա։
Հունիս 03, 2026 at 16:58
