

Ագրոէկոլոգիան կենսաբազմազանության պահպանման կարևոր գործիք է։ Այն նպաստում է էկոհամակարգերի կայունացմանը, ապահովում սննդային անվտանգություն և կայուն գյուղատնտեսություն։ «Մեզ մոտ առկա է էկոհամակարգերի խոցելիության բարձր մակարդակ։ Տարածքի մինչև 81%-ը ենթակա է անապատացման ռիսկի, կենսաբազմազանությունը գտնվում է զգալի ճնշման տակ՝ պայմանավորված մի շարք բնապահպանական և գյուղատնտեսական գործոններով։ Օրինակ՝ հողերի դեգրատացիան՝ 70%, անմշակ հողերը, գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 29%-ը չի օգտագործվում, արոտավայրերի ավելի քան 50%-ը դեգրադացված է, վարելահողերի շուրջ 50%-ն օգտագործվում է անարդյունավետ, ջրային ռեսուրսները ոչ արդյունավետ են կառավարվում», - նշեց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ։
Նա շեշտեց ագրոկենսաբազմազանության դերը գյուղատնտեսության մեջ, որը նպաստում է բերքի կայունությանը, սննդի ապահովմանը և բնության հավասարակշռության պահպանմանը։
«Գյուղատնտեսությունում նկատվում է ագրոկենսաբազմազանության կորուստ՝ տեղական սորտերի կորուստ, գենետիկական բազմազանության նվազում, խոցելիության աճ։ Դրա պատճառներն են տնտեսական ներկրված էժան արտադրանքը, բարձր արտադրական ծախսերը, գյուղտեխնիկայի պակասը, նաև ֆերմերների գիտելիքների պակասը։ Օրինակ՝ Կոտայքի մարզում, տեղական գյուղմթերքների և արտերկրից ներկրված էժանագին ապրանքների միջև շուկայական մրցակցությամբ պայմանավորված, ֆերմերների 70%-ը գյուղմթերքը ստիպված վաճառել է ինքնարժեքից ցածր գնով, - ասաց Քնարիկ Գրիգորյանը,- մեծ ծախսերի, ցածր բերքատվության և եկամտի բացակայության պայմաններում բնակիչները հրաժարվում են վարել գյուղատնտեսություն։ Կլիմայական փոփոխություններն ավել են սրում այս խնդիրները։ Լոռու և Կոտայքի մարզերում մեծ վնաս է հասցրել բնակիչներին կարկտահարությունը։ Ֆերմերները ֆինանսական լուրջ խնդիրների առաջ են կանգնել․ վարկեր են վերցրել, իսկ եկամուտ չեն ստացել»։
Փորձագետն առաջարկեց կիրառել ագրոէկոլոգիան՝ նվազեցնելու գյուղատնտեսության ոլորտի խնդիրները։ «Մեր երկրում կա մոտ 387 հազար ֆերմերային տնտեսություն, որոնց մեծ մասը փոքր տնտեսություններն են։ Անհրաժեշտ է իրականացնել մշակաբույսերի դիվերսիֆիկացիա, օգտագործել ավանդական սորտերը, զարգացնել ագրոանտառտնտեսությունը, արոտավայրերի կառավարումը և նվազագույնի հասցնել թունաքիմիկատների օգտագործումը», - նշեց Քնարիկ Գրիգորյանը։
Աշխատաժողովը կազմակերպել էր «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն՝ «Կանանց դերի բարձրացում Հայաստանի պահպանվող տարածքներին սահմանակից բնակավայրերում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է «Կանայք հանուն ընդհանուր ապագայի» (WECF) միջազգային կազմակերպության կողմից։
Հունիս 12, 2026 at 15:19
