Երևանում կայացավ «Քաղաքացիական հասարակության օրակարգը՝ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) նախաշեմին» աշխատաժողովը

Երևանում կայացավ «Քաղաքացիական հասարակության օրակարգը՝ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) նախաշեմին» աշխատաժողովը

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պատրաստվում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին՝ COP17-ին։ Սույն թվականի հունիսի 17-ին «էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության օրակարգը՝ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) նախաշեմին» աշխատաժողովը։

Աշխատաժողովի նպատակն էր քաղաքացիական հասարակությանը, համայնքների ակտիվ բնակիչներին նախապատրաստել COP 17-ին, ձևավորել COP 17-ին քաղաքացիական հասարակության մասնակցության օրակարգը, իրազեկել «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագրով» սահմանված թիրախների մասին, որոնց կատարմանը, մշտադիտարկմանը մասնակից պետք է լինի հասարակությունը։

Աշխատաժողովին մասնակցեցին հասարակական կազմակերպությունների, գիտակրթական կազմակերպությունների, միջազգային կազմակերպություններ, համայնքների, մարզպետարանների ներկայացուցիչներ։

Ողջույնի ելույթներով հանդես եկան Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ալիկ Բադալյանը, Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի համակարգող, «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի ավագ գիտաշխատող Փոլ Ուիլթեր Սքեդսմոն, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։

«Այս ծրագիրը նվիրված է քաղհասարակության մասնակցությանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին։ Ծրագիրը, նախևառաջ, իրականցնում ենք համայնքներում, քանի որ մեր հարուստ կենսաբազմաազանության պահպանման ծանրաբեռնվածությունը հիմնականում իրենց վրա է։ Եվ մենք հատուկ շեշտ ենք դնում համայնքների մասնակցության վրա։ Մենք պետք է հասկանանք ,թե  քաղաքացիական հասարակությունը մասնակցության ինչ հնարավորություններ ունի և ինչ խնդիրներ է Հայաստանը դնում իր առջև, ինչպես պետք է լուծի դրանք։ Մենք պատրաստել ենք քաղհասարակության օրակարգը՝ ինչ խնդիրներ ունի և ինչպես է պատկերացնում իր մասնակցությունը։ Դա կլինի մեր հիմնական փաստաթուղթը, և ես կոչ եմ անում բոլորին ակտիվ մասնակցել մեր քննարկումներին», - ասաց Ինգա Զարաֆյանը։

«COP17-ը կարևոր է Հայաստանի համար ոչ միայն որպես միջազգային մեծ միջոցառում, այլ նաև հնարավորություն է համախմբելու պետական, գիտական կառույցներին, քաղհասարակությանը, երիտասարդներին, ինչպես նաև համայնքներին։ Արդեն միջազգայնորեն ընդունված է, որ կենսաբազմազանության կորուստը հնարավոր չէ կանխել միայն քաղաքականություններ իրականացնելով, այլ հարկավոր է նաև համախմբել բոլորին։ Այս գործում մեծ դերակատարություն ունի քաղհասարակությունը, որ ոչ միայն տարածում է կենսաբազմազանություն պահպանության գաղափարներ, այլ նաև ներկայացնում է հասարակության ձայնը, հասարակության մտահոգությունները։ Հայաստանը՝ որպես նախագահող երկիր, որդեգրել է թափանցիկ և ներառական գործելակերպ COP17-ի անցկացման համար: Հուսով եմ, որ աշխատաժողովը ևս մեկ հնարավորություն կտա լսելու քաղհասարակության ձայնը և COP17-ն ավելի ներառական և ավելի լավ կազմակերպելու համար», - ասաց Ալիկ Բադալյանը։

«Մենք այստեղ ենք քննարկելու, թե ինչպես քաղհասարակությունը կարող է մասնակցել և իր ձայնն ավելի լսելի դարձնել COP17-ին։ Քաղհասարակության ներգրավումը մինչև COP17-ը, այդ ընթացքում և դրանից հետո շատ կարևոր է։ Կարևոր թիրախներ կան նրանց համար՝ խթանել տեղական համայնքների նեգրավումը կենսաբազմազանության, հատուկ պահպանվող տարածքների պահպանման ու կառավարման գործում, ապահովել գենդերային հավասարություն որոշումների կայացման գործընթացում։ «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրում ներգրավված են մի քանի հայաստանյան և միջազգային գործընկերներ, որոնցից մեկն Էկոլուրն է։ Ծրագրի տևողությունը 2025-2028թթ․ են, այսինքն, ներառում է COP17-ի իրականացումը և մինչև հաջորդ COP-ը», - նշեց Փոլ Ուիլթեր Սքեդսմոնը։

Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ալիկ Բադալյանը ներկայացրեց Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի, Կարթագենայի և Նագոյայի արձանագրությունների նպատակները, COP-երի անցկացման նպատակը, COP 17-ի օրակարգը և Հայաստանի առաջնահերթությունները։ Այնուհետև ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագրով» սահմանված 3, 28, 29, 30  թիրախները և դրանց հասնելուն ուղղված միջոցառումները։

COP 17 «Կանաչ գոտու» պատասխանատու Լիլիթ Միդոյանը քահասարակության ներկայացուցիչներին ծանոթացրեց COP 17 «Կանաչ գոտու» քաղաքացիական հասարակության մասնակցության ձևաչափերին։

WWF-Հայաստանի ծրագրերի պատասխանատու Կարեն Մանվելյանը հանդես եկավ «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ Հայաստանում 30x30 թիրախին հասնելու ճանապարհին» զեկուցմամբ։

Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 Կանանց ֆորումի կազմակերպչական աշխատանքները համակարգող խմբի՝ Շրջակա միջավայրի նախարարության կոնտակտային անձ Մարի Չաքրյանը խոսեց COP17-ին ընդառաջ կանանց հարցերով զբաղվող ՀԿ-ների կարողությունների զարգացման, COP17-ին կանանց ներգրավման հարցերի և գործողություններ մասին։

WWF-Հայաստանի՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP 17-րդ համաժողովի ավագ խորհրդատու Ալլա Ալեքսանյանը ներկայացրեց ««Համայն կառավարություն-համայն հասարակություն» սկզբունքը ՀՀ կենսաբազմազանության գործողությունների պլանի և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման համար» զեկուցումը։

CEE Bankwatch Network-ի փորձագետ Անդրեյ Ռալիեֆը հանդես եկավ «Հայաստանի համար որքանո՞վ է հնարավոր մինչև 2030 թվականը պահպանության տակ առնել իր տարածքի 30%-ը. միջազգային պարտավորությունները և ներկա իրավիճակը» զեկուցմամբ։

 «Գենդերային հավասարության ինտեգրումը կենսաբազմազանության ծրագրում»  զեկուցմամբ հանդես եկավ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Էմմա Անախասյանը։

Յուրաքանչյուր զեկուցման հաջորդեց հարց ու պատասխան։

Ինգա Զարաֆյանը ներկայացրեց COP17-ում քաղհասարակության մասնակցության օրակարգի նախագիծը։ Որոշվեց շրջանառել այն աշխատաժողովի մասնակիցների միջև՝ հավաքագրելու առաջարկություններ և խմբավորելու ՀԿ-ների աշխատանքը COP17-ի նախապատրաստման, COP17-ի մասնակցության և COP17-ից հետո։  

Շարունակելի

Հունիս 18, 2026 at 15:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր