Կանաչ կլիմայի հիմնադրամը կմեծացնի՞ իր ներկայությունը Հայաստանում․ պատասխանում է տարածաշրջանային տնօրեն Թոմաս Էրիքսոնը

Կանաչ կլիմայի հիմնադրամը կմեծացնի՞ իր ներկայությունը Հայաստանում․ պատասխանում է տարածաշրջանային տնօրեն Թոմաս Էրիքսոնը

Կանաչ կլիմայի հիմնադրամը (Green Climate Fund, GCF) նախատեսում է ընդլայնել Հայաստանում իրականացվող կլիմայական ծրագրերը և մեծ ուշադրություն դարձնել այն նախաձեռնություններին, որոնք միաժամանակ նպաստում են ինչպես կլիմայի փոփոխության հետևանքների հաղթահարմանը, այնպես էլ՝ կենսաբազմազանության պահպանությանը։ Այս մասին հուլիսի 7-ին առցանց ճեպազրույցի ընթացքում ասաց GCF-ի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Էրիքսոնը։

Ճեպազրույցը կազմակերպվել էր Տաջիկստանի Դուշանբե քաղաքում կայացած GCF-ի տնօրենների խորհրդի նիստից հետո, որի ընթացքում հաստատվել են Կենտրոնական Ասիայում կլիմայական դիմակայունության բարձրացմանն ուղղված նոր ծրագրեր։

GCF-ի ներդրումներն ավելի քան կրկնապատկվել են

Թոմաս Էրիքսոնի խոսքով՝ 2024թ․ սեպտեմբերից, երբ GCF-ը ներդրեց «Տարածաշրջանն առաջին հերթին» (Region-First) մոտեցումը, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանում հիմնադրամի նախաձեռնած կլիմայական ներդրումների ընդհանուր ծավալը՝ համաֆինանսավորման միջոցների ներառմամբ, աճել է 2.1 միլիարդից մինչև 5.4 միլիարդ ԱՄՆ դոլար։

Վերջին նիստում GCF-ի խորհուրդը հաստատել է Տաջիկստանի և Ղրղզստանի համար երկու նոր ծրագիր, որոնց ընդհանուր ներդրումային ծավալը կազմում է մոտ 220 միլիոն դոլար, այդ թվում՝ 94 միլիոն դոլարը՝ GCF-ի ֆինանսավորում։ Ծրագրերը միտված են համայնքների կլիմայական դիմակայունության բարձրացմանը և ջրային ռեսուրսների կառավարման համակարգերի բարելավմանը։ «Տարածաշրջանային ռազմավարության հիմնական նպատակը երկրներին ավելի մոտ լինելն է, տեղում ավելի ակտիվ աշխատելն ու գործընկերների հետ համագործակցությունը խորացնելը», - նշեց Թոմաս Էրիքսոնը։

Հայաստանը GCF-ի կարևոր գործընկերներից է

Էկոլուրի հարցին պատասխանելով՝ Թոմաս Էրիքսոնը նշեց, որ GCF-ն արդեն մոտ 205 միլիոն դոլարի ներդրում է իրականացրել Հայաստանում՝ ֆինանսավորելով 10 տարբեր ծրագիր։ Դրանք ներառում են անտառների կայուն կառավարում, գյուղական բնակավայրերի կանաչ զարգացում, վաղ նախազգուշացման համակարգեր, կանաչ ֆինանսավորում, էլեկտրական մեքենաների կիրառում (e-mobility), հանրային շենքերի էներգաարդյունավետության բարձրացում և էկոհամակարգերի դիմակայունության ամրապնդում։

«Վերջերս այցելել էի Հայաստան՝ իրականացվող ծրագրերին ծանոթանալու և գործընկերների հետ ապագա նախաձեռնությունները քննարկելու նպատակով։ Մենք արդեն ունենք լավ ծրագրային պորտֆել, սակայն ցանկանում ենք Հայաստանում անել ավելին», - ասաց նա։ Նրա խոսքով՝ GCF-ը ներկայում Հայաստանի կառավարության և գործընկեր կազմակերպությունների հետ աշխատում է նոր ծրագրերի մշակման ուղղությամբ։

Էներգաարդյունավետության ծրագիրը՝ հաջողված օրինակ

Հայաստանում GCF-ի ամենախոշոր նախաձեռնություններից մեկը իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հետ համագործակցությամբ։ Ծրագրի շրջանակում վերանորոգվել և էներգաարդյունավետ է դարձել ավելի քան 470 հանրային շենք, ինչի արդյունքում որոշ դեպքերում էներգիայի սպառումը կրճատվել է մինչև 60 տոկոսով։ Ծրագրից օգտվում է ավելի քան 550 հազար մարդ, արդյունքում տարեկան կանխվում է շուրջ 32 հազար տոննա ջերմոցային գազի արտանետումը։

Թոմաս Էրիքսոնի գնահատմամբ՝ այս ծրագիրը կարող է օրինակ ծառայել տարածաշրջանում կանաչ ներդրումների ընդլայնման համար։

Նրա խոսքով՝ GCF-ի տարածաշրջանային ռազմավարության հիմնական նպատակը երկրներին ավելի մոտ լինելն է, տեղում ավելի ակտիվ աշխատելը և համագործակցությունը խորացնելը ինչպես կառավարությունների, այնպես էլ՝ ազգային գործընկերների հետ։ «Մենք GCF-ում ունենք պատրաստվածության (Readiness) ծրագիր, որը կարողությունների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիր է և հասանելի է երկրներին։ Մենք ցանկանում ենք ավելի սերտ համագործակցել երկրների հետ, աջակցել նրանց՝ իրենց ծրագրերն ու հավակնությունները վերածելու իրական ներդրումային նախագծերի։

Մեզ համար կարևոր է նաև ավելի շատ ծրագրեր իրականացնել հենց երկրի մակարդակում։ Երկրներին ավելի մոտ լինելով՝ մենք կկարողանանք ավելի սերտ աշխատել կլիմայական ֆինանսավորման միջազգային համակարգի հետ՝ այն հասանելի դարձնելով ազգային մակարդակում, միաժամանակ աջակցելով ազգային կլիմայական ֆինանսավորման համակարգերի ձևավորմանն ու դրանց կապին միջազգային համակարգի հետ։ Դա կստեղծի ավելի լայն հնարավորություններ ծրագրերի մշակման և կլիմայական ֆինանսավորման հասանելիության համար։

Մյուս կարևոր ուղղությունն ազգային գործընկերների հետ, կառավարության և այլ շահագրգիռ կողմերի համագործակցությամբ այն կառույցների բացահայտումն է, որոնք կարող են ստանալ անմիջական հասանելիություն (Direct Access) կլիմայական ֆինանսավորմանը։ Մեր Readiness ծրագրի միջոցով մենք աջակցում ենք նաև այդ կառույցների կարողությունների զարգացմանը, որպեսզի նրանք կարողանան ուղղակիորեն օգտվել GCF-ի կլիմայական ֆինանսավորումից», - ընդգծեց նա։

Քաղաքացիական հասարակության մասնակցությունը կարևոր է

Էկոլուրի հարցին՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավվածության վերաբերյալ, Թոմաս Էրիքսոնը նշեց, որ դրանք կարևոր դեր ունեն ծրագրերի մշակման և իրականացման բոլոր փուլերում։

Նրա խոսքով՝ GCF-ի քաղաքացիական հասարակության գլոբալ ցանցին կարող են միանալ աշխարհի տարբեր երկրների կազմակերպություններ՝ մասնակցելով հիմնադրամի քաղաքականությունների և ծրագրերի քննարկմանը, ինչպես նաև տնօրենների խորհրդի նիստերին։

Միաժամանակ յուրաքանչյուր նոր ծրագրի մշակման ընթացքում GCF-ի հավատարմագրված գործընկեր կազմակերպությունները պարտավոր են իրականացնել շահագրգիռ կողմերի խորհրդակցություններ, որոնցում պետք է ներգրավվեն նաև համապատասխան հասարակական կազմակերպությունները։ «Քաղաքացիական հասարակությունը զարգացման կարևոր գործընկեր է, և մենք խրախուսում ենք Հայաստանի հասարակական կազմակերպություններին ավելի ակտիվ մասնակցել GCF-ի գործընթացներին», - ասաց նա։

COP17-ը կարող է նոր հնարավորություններ ստեղծել

Էկոլուրի հարցին, թե արդյո՞ք GCF-ը տեսնում է համագործակցության նոր հնարավորություններ կլիմայական ֆինանսավորման և կենսաբազմազանության պահպանության միջև՝ հատկապես Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի համատեքստում, Թոմաս Էրիքսոնը պատասխանեց, որ նախատեսում է անձամբ մասնակցել հոկտեմբերին Երևանում կայանալիք համաժողովին։

Նրա խոսքով՝ կլիմայի և կենսաբազմազանության քաղաքականությունների հիմնական հատման կետը բնական էկոհամակարգերն են։ «Էկոհամակարգերը առանցքային նշանակություն ունեն թե՛ կլիմայի փոփոխության մեղմման, թե՛ հարմարվողականության համար», - նշեց նա։

Թոմաս Էրիքսոնը հիշեցրեց, որ Հայաստանում արդեն իրականացվում են անտառների դիմակայունության և կայուն անտառավարման ծրագրեր, որոնք միաժամանակ նպաստում են ինչպես կենսաբազմազանության պահպանությանը, այնպես էլ՝ կլիմայական ռիսկերի նվազեցմանը։

Նա նաև տեղեկացրեց, որ GCF-ը պատրաստում է նոր ծրագրեր, որոնք հիմնված են էկոհամակարգային հարմարվողականության (ecosystem-based adaptation) սկզբունքի վրա։ Այս նախաձեռնությունները նպատակ ունեն օգտագործել բնական էկոհամակարգերի ներուժը՝ համայնքների կլիմայական դիմակայունությունն ուժեղացնելու համար։ Թոմաս Էրիքսոնի խոսքով՝ GCF-ը նախատեսում է COP17-ի ընթացքում ներկայացնել նման ծրագրերի փորձը։

Հուլիս 08, 2026 at 12:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր