

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ կանանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման, COP17-ին կանանց մասնակցության և ներգրավվածության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները ներկայացվեցին հունիսի 17-ին անցկացված «Քաղաքացիական հասարակության օրակարգը՝ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախաշեմին» աշխատաժողովում։ Բանախոսը Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի Կանանց ֆորումի կազմակերպչական աշխատանքները համակարգող խմբի՝ Շրջակա միջավայրի նախարարության կոնտակտային անձ Մարի Չաքրյանն էր։
Նա նշեց, որ տարբեր գնահատումների արդյունքները ցույց են տալիս, որ կանայք և տղամարդիկ հաճախ տարբեր դերեր և պատասխանատվություն ունեն բնական ռեսուրսների կառավարման և օգտագործման հարցում, ինչի արդյունքում կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի հետևանքները կարող են նրանց վրա դրսևորվել տարբեր կերպ, այդ թվում՝ ջրի և այլ բնական ռեսուրսների հասանելիության տեսանկյունից։ «Հենց այդ իրողության գիտակցումն է պատճառներից մեկը, որ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում վերջին տարիներին հատուկ ուշադրություն է դարձվում կանանց ներգրամվամնը որոշումների կայացման բոլոր մակարդակներում։ Կարևորվում է նաև, որպեսզի հատկապես խոցելի խմբերը՝ բնիկ ժողովուրդները, տեղական համայնքները, երիտասարդները և կանայք, ունենան լիարժեք, հավասար և արդյունավետ մասնակցություն», - ասաց նա։
Մարի Չաքրյանը նշեց, որ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի գրեթե բոլոր թիրախներն այս կամ այն կերպ առնչվում են տարբեր շահագրգիռ խմբերին, այդ թվում՝ կանանց։ Նրա խոսքով՝ նույնիսկ այն թիրախները, որոնք առաջին հայացքից վերաբերում են, օրինակ, ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիային կամ տնտեսական զարգացմանը, ունեն գենդերային բաղադրիչ։ «Եթե թիրախը վերաբերում է ֆինանսական միջոցների մոբիլիզացիային, այստեղ նույնպես կարող ենք դիտարկել կանանց մասնակցությունը։ Կարևոր է հասկանալ, թե ֆինանսական ռեսուրսներն ինչ նպատակների համար են ուղղվում, որքանով են դրանք հաշվի առնում տարբեր խմբերի, այդ թվում՝ կանանց կարիքները։ Նույնը վերաբերում է նաև տնտեսական զարգացմանն ու կենսաբազմազանության վրա բացասական ազդեցություն ունեցող գործունեության վերափոխմանը դեպի ավելի կայուն և դրական մոտեցումներ։ Կարևոր է, որպեսզի այդ փոփոխությունները լինեն ներառական և հաշվի առնեն կանանց և տղամարդկանց տարբեր դերերը, կարիքներն ու հնարավորությունները», - նշեց նա։
Բանախոսն առանձնացրեց Շրջանակի 21-րդ, 22-րդ և 23-րդ թիրախները։ 21-րդ թիրախը նախատեսում է, որ կենսաբազմազանությանը վերաբերող տվյալներն ու տեղեկատվությունը պետք է հասանելի լինեն բոլորին, հատկապես խոցելի խմբերին, որոնք սովորաբար ավելի քիչ հնարավորություններ ունեն այն ստանալու։
22-րդ թիրախը վերաբերում է մասնակցային որոշումների կայացմանը և արդարությանը՝ շեշտադրելով կանանց, աղջիկների, երիտասարդների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք մասնակցությունը կենսաբազմազանությանն առնչվող որոշումների կայացման գործում։ «Պետք է ներդրվեն ջանքեր՝ ստեղծելու հավասար պայմաններ, որպեսզի կանայք և աղջիկները տղամարդկանց հետ հավասար լիարժեք և տեղեկացված մասնակցեն գործընթացներին։ Կարևոր է նաև, որ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, այդ թվում՝ կանանց ավանդական գիտելիքների և ներդրման ճանաչումն ու հարգումը, նրանց իրավունքների բարձրաձայնումը՝ ապահովելու կենսառեսուրսներից ստացված օգուտների արդար և հավասար բաշխում», - ասաց Մարի Չաքրյանը։
23-րդ թիրախն առավել հստակ անդրադառնում է կենսաբազմազանության կառավարման գենդերային բաղադրիչին։ Այն նախատեսում է ապահովել արդար, ներառական և արդյունավետ մասնակցություն կենսաբազմազանության կառավարման գործընթացներում՝ ճանաչելով կանանց և աղջիկների իրավունքները, այդ թվում՝ կենսառեսուրսների հասանելիության հարցերում։ Բանախոսի խոսքով՝ այս թիրախը նաև կոչ է անում, որպեսզի կենսաբազմազանության ազգային ռազմավարություններում և գործողությունների ծրագրերում սահմանվեն կանանց մասնակցությանն ու ներգրավվածությանը վերաբերող հստակ չափորոշիչներ։
Մարի Չաքրյանը նշեց, որ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի նախորդ համաժողովում ընդունվել է 2022-2030թթ․ Գենդերային գործողությունների ծրագիր, որը մանրամասն սահմանում է, թե ինչ քայլեր պետք է իրականացնեն կոնվենցիայի անդամ երկրները։
Այն աջակցում է գենդերային հավասարության ապահովմանը ԿԲԿ շրջանակում, խրախուսում է գենդերային առումով զգայուն ցուցիչները, մասնակցությունը և ֆինանսավորումը, ջատագովության օգտակար գործիք է կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների գործընթացում։
«Այս փաստաթուղթը հստակեցնում է, թե կոնվենցիայի կողմերը ինչ գործողություններ պետք է ձեռնարկեն և ինչպես պետք է գնահատեն դրանց արդյունքները, որպեսզի գենդերազգայուն մոտեցումները ներառվեն ոչ միայն կենսաբազմազանության, այլև հարակից ոլորտների քաղաքականություններում», - ասաց նա։
Մարի Չաքրյանի խոսքով՝ այդ առումով Հայաստանը նույնպես պետք է վերանայի իր ազգային քաղաքականություններն ու ռազմավարությունները։
Անդրադառնալով COP17-ի ընթացքում քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ կանանց կազմակերպությունների մասնակցության հնարավորություններին՝ Մարի Չաքրյանը նշեց, որ հազարավոր հասարակական կազմակերպություններ, ակտիվիստներ և շրջակա միջավայրի պաշտպաններ չեն կարող անձամբ ներգրավվել համաժողովի բոլոր բանակցային գործընթացներում, սակայն գոյություն ունեն միջազգային ճանաչում ունեցող հարթակներ և ցանցեր, որոնց միջոցով հնարավոր է ներկայացնել իրենց դիրքորոշումները և ազդել ընդունվող որոշումների վրա։
Նրա խոսքով՝ CBD Women Caucus-ը և Global Youth Biodiversity Network-ն այն երկու հիմնական ճանաչված հարթակներն են, որոնք ներկայացնում են համապատասխանաբար կանանց և երիտասարդների խմբերը։
CBD Women Caucus-ը ձևավորվել է տարիներ առաջ և ճանաչված է կոնվենցիայի քարտուղարության կողմից։ Այն ներկայում ունի շուրջ 700 անդամ՝ 90 երկրից և ավելի քան 350 կազմակերպությունից։
Այս ցանցերը կազմակերպում են զուգահեռ միջոցառումներ COP-ի ընթացքում, կանանց ֆորումը կանցկացվի կապույտ գոտում, երիտասարդական ֆորումի անցկացման վայրը դեռևս հստակեցվում է։
COP-ի ընթացքում կանանց և երիտասարդների ֆորումների օրակարգերը ձևավորվում են հենց այդ հասարակական ցանցերի կողմից՝ ԿԲԿ քարտուղարության հետ համագործակցությամբ։
«Որպեսզի նախագահությունն աջակցի զուգահեռ միջոցառումների կազմակերպմանը, ձևավորվել են հատուկ աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավված են Արտաքին գործերի նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության, այլ նախարարությունների, գիտական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ», - ասաց Մարի Չաքրյանը։
Նա նաև նշեց, որ առաջարկները և մասնակցության նախաձեռնությունները կարող են ներկայացվել ինչպես Արտաքին գործերի, այնպես էլ՝ Շրջակա միջավայրի նախարարություններ։ Ըստ նրա՝ օրակարգերի ձևավորման գործընթացը դեռ շարունակվում է, և հնարավոր է, որ քաղաքացիական հասարակության առաջարկները ներառվեն համապատասխան ֆորումների օրակարգերում։
«Քաղաքացիական հասարակության օրակարգը՝ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախաշեմին» աշխատաժողովը կազմակերպել էին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակում։
Հոդվածը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:
Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:
Հուլիս 09, 2026 at 15:18
