

Արարատի մարզի Արմաշ բնակավայրն առանձնանում է իր խոնավ տարածքներով և հարուստ կենսաբազմազանությամբ, հատկապես՝ թռչնաշխարհով։ 1970-ականներից Արմաշում ձկնաբուծության համար ձևավորված հողային հունով լճակները կարևոր ջրաճահճային կենսամիջավայր են ստեղծել թռչունների համար։

Այստեղ հանդիպում են Հայաստանում հանդիպող 353 թռչնատեսակներից ավելի քան 200 տեսակը` դարձնելով Արմաշը կենսաբազմազանության եզակի գանձարան, որի պահպանությունը կարևոր նշանակություն ունի։

Արմաշի ջրաճահճային տարածքները «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր» (Ռամսարի) կոնվենցիայի շրջանակում պահպանության ներուժ ունեցող տարածք են։ Արմաշը նաև Հայաստանի 23 Էմերալդ թեկնածու տարածքներից մեկն է։ Էմերալդ ցանցի տարածքները պահպանվում են «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» (Բեռնի) կոնվենցիայի շրջանակում։

Այս տարվա հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ (CBD COP17)։ Համաժողովը կարևոր հարթակ է նաև Արմաշի կենսաբազմազանությունը, դրա պահպանության խնդիրներն ու հնարավորությունները ներկայացնելու և քննարկելու համար։

Այս նպատակով «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն հուլիսի 16-ին Արմաշի վարչական ղեկավարի նստավայրում իրազեկման հանդիպում անցկացրեց։ Հանդիպմանը մասնակցեցին «Էկոլուրի» թիմը, Արմաշ բնակավայրի վարչական աշխատակազմի ներկայացուցիչները, տեղի ակտիվ քաղաքացիական հասարակության անդամներն ու բնակիչները։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց COP17-ի հիմնական նպատակները, Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի թիրախները, Արմաշի ջրաճահճային տարածքների առանձնահատկությունները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանության խնդիրներն ու հնարավորությունները։

«Արմաշ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը ներկայացրեց տեղացիներին մտահոգող բնապահպանական խնդիրները։

Հանդիպման ընթացքում հատուկ ընդգծվեցին տեղի ակտիվ բնակիչների՝ COP17-ի գործընթացներին մասնակցելու և իրենց համայնքի բնապահպանական խնդիրները միջազգային հարթակում ներկայացնելու հնարավորությունները։

Հանդիպումն անցկացվեց «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։

Հանդիպման մանրամասները՝ «Էկոլուրի» հաջորդ հրապարակումներում։







Հոդվածը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:
Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:
Հուլիս 21, 2026 at 14:41
