Արմաշի կենսաբազմազանության պահպանումը՝ Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում

Արմաշի կենսաբազմազանության պահպանումը՝ Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում

Արմաշի ջրաճահճային տարածքը Հայաստանի կենսաբազմազանության կարևորագույն կենտրոններից է, որտեղ բնության պահպանության տեղական քայլերը կարող են նպաստել Հայաստանի՝ միջազգային մակարդակով ստանձնած պարտավորությունների կատարմանը։

2026թ․ հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ «Գործելով հանուն բնության» կարգախոսով անցկացվող համաժողովը հնարավորություն է Հայաստանի կենսաբազմազանության խնդիրներն ու պահպանության փորձը միջազգային հարթակում ներկայացնելու համար։

«Պետք է կարողանանք պատշաճ ներկայացնել մեր երկիրը միջազգային հարթակներում, միջազգային գործընկերներին մեր ձայնը լսելի դարձնել», - Արմաշում ս․թ․ հուլիսի 16-ին կայացած իրազեկման հանդիպման ժամանակ ասաց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։ 

Նրա խոսքով՝ COP17-ը գլոբալ խնդիրներին նվիրված համաժողով է, սակայն գլոբալ բնապահպանական խնդիրները ձևավորվում են առանձին երկրների, համայնքների և տարածքների խնդիրներից։ «Արմաշը կենսաբազմազանությամբ հարուստ և կարևոր տարածք է, և այսօր այստեղ ենք, որպեսզի դուք ևս որոշակի մասնակցություն և ներդրում ունենաք COP17-ի կայացման գործում, և մենք մեր երկիրը ներկայացնենք նաև ձեր միջոցով», - ասաց Վիկտորյա Բուռնազյանը։

Կենսաբազմազանության համաշխարհային ճգնաժամը՝ տեղական խնդիրների համատեքստում

Կենսաբազմազանությունը Երկիր մոլորակի կյանքի պահպանման կարևորագույն նախապայմաններից է։ Սակայն վերջին տասնամյակների ընթացքում վայրի կենդանական աշխարհի պոպուլյացիաները կտրուկ նվազել են։ Բնության համաշխարհային հիմնադրամի 2024թ․ հրապարակած  «Կենդանի մոլորակի ինդեքս»-ի համաձայն՝ 1970- 2020թթ․ ընթացքում գրանցվել է վայրի կենդանական աշխարհի պոպուլյացիաների միջինում 73% անկում։ Համաձայն Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների միջկառավարական պլատֆորմի (IPBES) գլոբալ գնահատականի՝ շուրջ 1 միլիոն տեսակ կարող է հայտնվել ոչնչացման եզրին։ 

Հայաստանը համարվում է աշխարհի կենսաբազմազանության 36 թեժ կետերից մեկը։ Երկիրը հարուստ է բուսական և կենդանական աշխարհի տեսակներով, սակայն այդ կենսաբազմազանությունը միաժամանակ վտանգված է։

1992թ․ ընդունված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի հիմնական նպատակներն են կենսաբանական բազմազանության պահպանումը, դրա բաղադրիչների կայուն օգտագործումը, ինչպես նաև գենետիկական ռեսուրսների օգտագործումից բխող օգուտների արդար և հավասար բաշխումը։ Հայաստանը ևս վավերացրել է կոնվենցիան և ստանձնել դրա դրույթների իրականացման պարտավորությունները։

COP17-ը և Հայաստանը

Վիկտորյա Բուռնազյանը հանդիպման ժամանակ ներկայացրեց, թե COP17-ի ընթացքում ինչ է քննարկվելու։ «Համաժողովի կարևորագույն հարցերից մեկը Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջին գլոբալ վերանայումն է։ Երկրները պետք է գնահատեն, թե ինչ առաջընթաց են արձանագրել կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ, որքանով են հասնում սահմանված թիրախներին, ինչ բացեր կան և ինչ փոփոխություններ են անհրաժեշտ», - նշեց նա։

Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը նպատակ ունի կանգնեցնել կենսաբազմազանության կորուստը և նպաստել դրա վերականգնմանը։ Դրա առանցքային նպատակներից է մինչև 2030թ․ Երկիր մոլորակի ցամաքի, քաղցրահամ ջրերի և օվկիանոսների առնվազն 30 %-ի արդյունավետ պահպանումն ու կառավարումը։

Կոնվենցիայի յուրաքանչյուր կողմ երկիր պարտավորվել է պահպանության տակ առնել իր տարածքի 30%-ը։

Կոնվենցիայի պահանջներից ելնելով՝ Հայաստանը մշակել և հրապարակել է ՀՀ կենսաբազմազանության պահպանության նպատակները և 2026-2030թթ․ գործողությունների ծրագիրը։ Փաստաթղթով սահմանվել է 5 հիմնական նպատակ և 30 թիրախ։

Արմաշը՝ կենսաբազմազանության կարևոր տարածք

Հայաստանում գրանցված 353 թռչնատեսակից ավելի քան 200-ը հանդիպում է Արմաշի լճերում։ Դրանց թվում են Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված 45 թռչնատեսակ և Բնության պահպանության միջազգային միության վտանգված տեսակների ցանկում ընդգրկված 1 տեսակ։

Տարվա տարբեր եղանակներին ձևավորվող բնակմիջավայրերի բազմազանության շնորհիվ Արմաշը դարձել է թռչունների տարբեր տեսակների համար կարևոր բնադրավայր, կերակրման և միգրացիայի կանգառ։ Արմաշը ճանաչված է որպես կարևոր թռչնաբանական և կենսաբազմազանության տարածք։ Արմաշը՝ որպես Հայաստանի 23 էմերալդ թեկնածու տարածքներից մեկը, ընդգրկված է «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) էմերալդ  թեկնածու տարածքների ցանկում։ Կոչվում է «Խոր Վիրապ-Արմաշ», ընդգրկում է 6998,2 հա։

Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ ներկայում առաջարկվում է «Խոր Վիրապն» ու «Արմաշն» առանձնացնել որպես առանձին Էմերալդ թեկնածու տարածքներ։ Այդ դեպքում Արմաշի տարածքը կընդգրկի 5902,58 հեկտար և նախատեսված կլինի մի շարք ձկների, սողունների, թռչունների և կաթնասունների պահպանության համար։

Արմաշի ջրաճահճային տարածքները դիտարկվում են նաև որպես «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիայի շրջանակում պահպանության պոտենցիալ տարածք։ Ռամսարի կոնվենցիայի տեսանկյունից Արմաշի լճերը կարևոր են ջրլող թռչունների բազմաթիվ տեսակների համար՝ որպես բնադրավայր և միգրացիայի կանգառ

Ձկնաբուծություն և կենսաբազմազանություն

Վիկտորյա Բուռնազյանն իր ելույթում անդրադարձավ նաև Արմաշում առկա շահերի բախման խնդրին։ Արմաշի տարածքի պահպանությունը բարդանում է սեփականության և կառավարման առանձնահատկություններով։ Տարածքը պետական և մասնավոր սուբյեկտների համատեղ սեփականություն է, իսկ ջրային ռեսուրսների կառավարումը կախված է ձեռնարկությունների սեփականատերերի համաձայնությունից։ «Սեփականության այս կառուցվածքը բարդացնում է բնապահպանական խնդիրների լուծումը։ Բայց ինչպես դուք եք նշում, դուք ձեր գործունեությամբ նպաստում եք լճերի ճիշտ կառավարմանը, ջրի ճիշտ բացթողումներին, որպեսզի թռչունները չվերանան, բնադրման ժամանակ չտուժեն», - նշեց նա՝ դիմելով ներկաներին։

Ըստ Վիկտորյա Բուռնազյանի՝ տարածքի համար պոտենցիալ վտանգներ են լճերի չորացումը, դրանց վարելահողի վերածումը, եղեգների այրումը, ինչպես նաև որսը և որսագողությունը։ Այս գործողությունները կարող են խաթարել թռչունների բնադրման տարածքները և ոչնչացնել նրանց համար կարևոր բնակմիջավայրերը։

Արմաշը և Հայաստանի կենսաբազմազանության պահպանության 30 թիրախները

Ըստ Վիկտորյա Բուռնազյանի՝ Արմաշի էկոհամակարգերի պահպանումը կարող է նպաստել Հայաստանի կենսաբազմազանության պահպանության 2026-2030թթ․ գործողությունների ծրագրով նախատեսված առնվազն չորս թիրախների իրականացմանը

Դրանցից թիրախ 1-ը վերաբերում է կրիտիկական կենսամիջավայրերի ներառմանը տարածական պլանավորման գործընթացներում։

2-րդ թիրախով նախատեսվում է վերականգնել դեգրադացված էկոհամակարգերը, այդ թվում՝ 1000 հեկտար դեգրադացված ջրաճահճային էկոհամակարգեր։

3-րդ թիրախը բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցի ընդլայնումն է, այդ թվում՝ տարածքային բնապահպանական այլ արդյունավետ գործիքակազմերի (other effective conservation measures (OECM) կիրառմամբ։

Թիրախ 11-ը վերաբերում է կայուն որսորդության փորձառությունների ներդրմանը։

Վիկտորյա Բուռնազյանը հանդիպման ընթացքում խոսեց նաև Արմաշի էկոհամակարգի պահպանման և կայուն օգտագործման հնարավորությունների մասին։ 

Մասնավորապես առաջարկվեց․

- ուսումնասիրել EU4Environment ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի մշակած «Հայաստանում Արմաշի (AM0000025) էմերալդ տարածքի պիլոտային կառավարման պլան» փաստաթղթի գործողությունների ծրագիրը

- ուսումնասիրել Ռամսարի կոնվենցիայի ուղեցույցերը՝ ձկնաբուծությունը համադրելու ջրաճահճային էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանման հետ

- մշակել գործողությունների ծրագիր Արմաշի կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման համար

- գործողությունների ծրագիրը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն՝ դրա իրականացմամբ նպաստելու երկրի ստանձնած պարտավորությունների կատարմանը։

Արմաշի կենսաբազմազանությունը կարող է հիմք դառնալ նաև էկոտուրիզմի զարգացման համար։ Արմաշի տարածքում հանդիպող բազմաթիվ թռչնատեսակները կարող են հիմք դառնալ թռչնադիտարկման երթուղիների ստեղծման, գյուղական տուրիզմի զարգացման համար։ Ըստ Վիկտորյա Բուռնազյանի՝ այս ամենը կարող է նպաստել միաժամանակ և՛ գյուղի տնտեսական զարգացմանը, և՛ բնության պահպանությանը։

Հոդվածը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները։

Շարունակելի

Հուլիս 31, 2026 at 14:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր