

Հայաստանում հոկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական գործընթացում կարևոր դեր ունեն համայնքային քննարկումները։ Դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնել կենսաբազմազանության պահպանության ոլորտում առկա խնդիրները, այլև հասկանալ, թե ինչ ակնկալիքներ ու առաջարկներ ունեն համայնքներում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Հուլիսի 27-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կազմակերպած իրազեկման հանդիպմանը մասնակցել էին համայնքապետարանի, կրթական և մշակութային կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր։ Հանդիպման մասնակիցներից էր «Էկոպոլիսի» ՀԿ-ի նախագահ, Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ալբերտ Հարոյանը։

Նրա խոսքով՝ Դիլիջանում COP17-ի մասին իրազեկվածության մակարդակը դեռևս բավարար չէ։ Թեև որոշ քաղաքացիներ և կազմակերպություններ տեղեկացված են համաժողովի և դրա օրակարգի մասին, բնակչության և համայնքում գործող կառույցների մեծ մասը դեռևս հստակ պատկերացում չունի, թե ինչ է COP17-ը և ինչ նշանակություն ունի կենսաբազմազանության պահպանության համար։ Այն կառույցները, որոնք հետաքրքրված են կենսաբազմազանությամբ, «Դիլիջան» ազգային պարկի գործունեությամբ և բնության պահպանության խնդիրներով, կարողանում են անհրաժեշտ տեղեկատվությունը գտնել, համագործակցել և պատրաստակամություն հայտնել մասնակցելու COP17-ի հետ կապված գործընթացներին։
«Ցանկացած խնդրի և այդ խնդրի լուծման անկյունաքարային երկու բաղադրիչ եմ տեսնում։ Դա տեղեկատվության հասանելի շրջանառումն է, այսինքն՝ սպառողը, նույն քաղաքացիական հասարակությունը, նույն բնակչությունը պետք է հասանելի տեղեկատվություն ստանա ընդհանրապես շուրջբոլորը կատարվող գործընթացների, ինչպես նաև կենսաբազմազանության և COP17-ի հետ կապված հարցերի վերաբերյալ։ Կարևոր է հանրության ակտիվ ներկայացուցիչների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում», - ասաց Ալբերտ Հարոյանը։

Ալբերտ Հարոյանն առաջարկեց ստեղծել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված համագործակցության հարթակ՝ Հայաստանի և հարևան երկրների մասնակցությամբ։ «Նման հարթակը կարող է հնարավորություն տալ տարբեր երկրներին փոխանակել տեղեկատվություն, իրականացնել համատեղ միջոցառումներ, բարձրաձայնել ընդհանուր խնդիրներն ու միասին փնտրել դրանց լուծումները», - նշեց Ալբերտ Հարոյանը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում առկա քաղաքական կամ մարդկային տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն բնապահպանական համագործակցությանը։ Ընդհանուր նպատակը, նրա գնահատմամբ, առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելն է, և հենց այդ գաղափարի շուրջ կարող են համախմբվել տարածաշրջանի երկրները։

Դիլիջան ազգային պարկի հետ համագործակցությունը
Դիլիջանում կենսաբազմազանության պահպանության հարցերը սերտորեն կապված են «Դիլիջան» ազգային պարկի գործունեության հետ։ Ալբերտ Հարոյանը նշեց։ «Ընդհանուր մեր ազգային պարկի հետ մենք ակտիվ համագործակցում ենք՝ թե՛ քաղաքացիական հասարակության մեր ներկայացուցիչներով, թե՛ Օրհուս կենտրոնով, թե՛ «Էկոպոլիսի» հասարակական կազմակերպությամբ։ Կրթական, իրազեկման գործընթացներում մենք միշտ էլ համագործակցել ենք ազգային պարկի հետ։ Կենտրոնում քննարկվել է նաև ազգային պարկի գործող կառավարման պլանը, որի վերաբերյալ հանրային քննարկման հնարավորություն է ստեղծվել», - ասաց նա։
Կլիմայի փոփոխություն և բնության վրա հիմնված լուծումներ
Դիլիջանի համար կենսաբազմազանության պահպանության օրակարգը, ըստ Ալբերտ Հարոյանի, անմիջականորեն կապվում է նաև կլիմայի փոփոխության հետևանքների հետ։ Վերջին շրջանում համայնքում նկատվում են կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունները, մասնավորապես՝ հորդառատ անձրևներից և Աղստև գետի վարարումից հետո առաջացող խնդիրները։

Այս համատեքստում նա անհրաժեշտ համարեց քաղաքաշինության և համայնքների զարգացման գործընթացներում ներդնել բնության վրա հիմնված լուծումներ (Nature-based Solutions, NbS)։ «Ինչքան էլ որ ասում են՝ դա թանկ է, մեզ համար հասանելի չի, մենք չենք հասկանում, բայց էդ կոմպոնենտները պետք է արդեն դրվեն։ Արդեն ժամանակն է, որ NbS-ով առաջնորդվենք և՛ քաղաքաշինության, և՛ համայնքների կանաչ կոնցեպտի մեջ այդ համակարգը ներդնենք», - ասաց նա։

Ալբերտ Հարոյանի գնահատմամբ՝ նման մոտեցումը կարող է օգնել կառավարել այն աղետներն ու խնդիրները, որոնք բնական գործընթացների հետևանքով առաջանում են համայնքներում։ Նա նշեց, որ COP17-ը կարող է հարթակ դառնալ այս հարցերը միջազգային և ազգային մակարդակներում բարձրաձայնելու համար՝ մասնավորապես բնության վրա հիմնված լուծումները ոչ միայն որպես գաղափար, այլև՝ գործնական գործիք կիրառելու ուղղությամբ։ «Կարող ենք բարձրաձայնել, կարող ենք լոբբինգ անել, որ վերջապես պետք է բնության վրա հիմնված լուծումներն արդեն պրակտիկորեն կիրառվեն թե՛ քաղաքային զարգացման, թե՛ բնապահպանության և հատուկ պահպանվող տարածքներում։ Այդ ամեն ինչն արդեն պետք է, ժամանակն է ներդնել», - նշեց նա։
Հանդիպումն անցկացվեց «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։
Օգոստոս 13, 2026 at 16:26
