

2026թ․ հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ հուլիսի 29-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրազեկման հանդիպում անցկացրեց Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը մասնակիցներին ներկայացրեց COP17-ի նախնական օրակարգը, կենսաբազմազանության պահպանության միջազգային և ազգային թիրախները։ Քննարկվեցին Սևան համայնքի կենսաբազմազանության պահպանության հարցերը, քաղհասարակության և ՏԻՄ-ի առաջիկա քայլերն ու COP17-ին մասնակցության հնարավորությունները։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիան ընդունվել է 1992թ․ և ուղղված է կենսաբազմազանության պահպանությանը, դրա կայուն օգտագործմանը, ինչպես նաև գենետիկական ռեսուրսների օգտագործումից բխող օգուտների արդար բաշխմանը։ Հայաստանը նույնպես միացել է կոնվենցիային և վավերացրել դրա արձանագրությունները։
COP17-ի շրջանակում նախատեսվում է երկու հիմնական գոտի։ Կապույտ գոտին կգործի «Մերիդիան» էքսպո կենտրոնում, որտեղ տարբեր երկրների պետական պատվիրակությունները որոշումներ կընդունեն։ Կանաչ գոտին կգործի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և նախատեսված է առավելապես քաղաքացիական հասարակության, բիզնեսի, գիտական համայնքի, երիտասարդների և կանանց մասնակցության համար։ «Այնտեղ այս խմբերը կարող են կիսվել իրենց փորձով, իրենց միջոցառումները վարել, ցուցահանդեսներ և մշակութային ներկայացումներ ունենալ, աշխատաժողովներ կազմակերպել և միմյանց հետ կապեր հաստատել։ Կազմակերպությունը, համայնքը ներկայանալի դարձնել և փորձել համագործակցություններ ձևավորել, նաև խնդիրները ներկայացնել պետական և միջազգային կազմակերպություններին, դոնոր կազմակերպություններին՝ դրանց հաղթահարմանն ուղղված լուծումներ գտնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու», - նշեց Վիկտորյա Բուռնազյանը։
COP17-ի օրակարգում նախատեսված է 51 փաստաթղթի քննարկում։ Համաժողովի կարևորագույն թեմաներից մեկը լինելու է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումը։ 2022թ․ COP15-ի ընթացքում, արձանագրելով կենսաբազմազանության արագ կորուստը, երկրները ընդունեցին այդ շրջանակը, որի նպատակն է մինչև 2030թ․ կասեցնել կենսաբազմազանության կորուստը, իսկ մինչև 2050թ․ քայլեր ձեռնարկել դրա վերականգնման և կայուն օգտագործման ուղղությամբ։ «2022 թվականից արդեն անցել է 4 տարի, և երկրները հավաքվելու են Երևանում՝ քննարկելու, թե ինչքանով են իրենք կարողացել այս փաստաթղթով ամրագրված թիրախներն ապահովել, կատարել, հասկանալու բացերը, առաջընթացը, թե ինչ լավարկելու հարցեր կան», - նշեց Վիկտորյա Բուռնազյանը։
Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի 23 թիրախներից Վիկտորյա Բուռնազյանը առանձնացրեց թիրախ 3-ը։ Այն նախատեսում է մինչև 2030թ․ Երկիր մոլորակի ցամաքային և ջրային տարածքների առնվազն 30 տոկոսի պահպանություն։ Կոնվենցիայի կողմ երկրները ևս պետք է պահպանության տակ առնեն իրենց տարածքի առնվազն 30%-ը։ «2026թ․ Հայաստանն ընդունել է Կենսաբազմազանության պահպանության նոր ծրագիր 2026-2030թթ․ համար, որով թիրախ ենք սահմանել ոչ թե երկրի տարածքի 20 տոկոսի պահպանության», - ասաց նա։

Սևանա լիճը ևս ներառված է Հայաստանի կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրում։ Միաժամանակ նախատեսվում է ստեղծել Դիլիջան կենսոլորտային տարածքը, որի ստեղծման գործընթացում ներառված են մի շարք համայնքներ, այդ թվում՝ Սևան համայնքի Ծովագյուղ, Սեմյոնովկա և Սևան բնակավայրերը։ Տարածքի ստեղծումը դեռևս հայեցակարգային փուլում է, սակայն իրականացվել են քարտեզագրման, բուսատեսակների և կենդանատեսակների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքներ՝ հասկանալու համար, թե ինչ տարածքներ են ներառվելու պահպանության համակարգում և ինչ ռեժիմներով են դրանք պահպանվելու։
Հայաստանը COP17-ի շրջանակում նախատեսում է հանդես գալ մի շարք նախաձեռնություններով։ Նախնական տվյալներով դրանցից մեկը կոչվում է «Լեռնային և քաղցրահամ ջրերի կենսաբազմազանություն»։ Հաշվի առնելով, որ լեռնային էկոհամակարգերն ու քաղցրահամ ջրերը կենսաբազմազանության և համայնքների կենսագործունեության հիմքն են՝ ուղղակիորեն կապված ջրային անվտանգության հետ, Հայաստանը նախատեսում է հանդես գալ գործնական, էկոհամակարգային մոտեցմամբ՝ Սևանա լիճը դարձնելով միջազգային երկխոսության խորհրդանիշ։

Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ Սևանա լիճը միաժամանակ մի շարք միջազգային բնապահպանական նախաձեռնությունների և կոնվենցիաների շրջանակում ունի կարևոր նշանակություն։
Սևանա լճի ավազանի էկոհամակարգի պահպանությունն ու կայուն օգտագործումը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի օբյեկտ է։ Սևանա լիճը Ռամսարի կոնվենցիայի չափորոշիչներով ճանաչվել է ջրաճահճային տարածք, իսկ «Սևան» ազգային պարկն ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի էմերալդ թեկնածու տարածքների ցանկում։
Սևանի ջրահավաք ավազանը ներառված է Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերի շարքում և միջազգային նշանակության թռչնաբանական տարածք է։ Այն նաև էկոլոգիական միջանցք է Գեղամա, Վարդենիսի և Սևանի լեռնաշղթաների միջև, Սևանի իշխանի պահպանության հիմնական տարածք, բազմաթիվ էնդեմիկ բույսերի ու կենդանիների կենսամիջավայր և Հայաստանի կենսաբազմազանության պահպանության առաջնահերթ գոտի։
«Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում է թռչունների 267, փափկամարմինների 43, հոդվածոտանիների 639, երկկենցաղների 4 տեսակ։ Հոդվածոտանիներից 6-ը էնդեմիկ տեսակներ են։ Սևանա լճի ձկները ներկայացված են սաղմոնազգի, սիգազգի և ծածանազգի ընտանիքներով։ Սևանի իշխանը և Սևանի բեղլուն ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։

«Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու ֆլորան ներառում է անոթավոր բույսերի 1727 տեսակ։ Պարկի ֆլորան ներկայացված է 28 ծառատեսակներով, 42 թփերի տեսակներով, 866 բազմամյա խոտաբույսերով և 209 միամյա ու երկամյա բուսատեսակներով։ Ազգային պարկի տարածքում աճում է Հայաստանի 3 էնդեմիկ և Սևանա լճի ավազանի 5 էնդեմիկ տեսակ։ 17 տեսակ ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում, շուրջ 60-ը՝ դեղաբույսերի, իսկ շուրջ 100-ը՝ ուտելի բուսատեսակներ են։
Սևանը՝ Հայաստանի կենսաբազմազանության պահպանման ծրագրում
Հայաստանի կենսաբազմազանության պահպանման ծրագրով մինչև 2030թ․ նախատեսվում է իրականացնել 30 թիրախ, որոնցից առնվազն 23-ը վերաբերելի են Սևան համայնքին և Սևանա լճի ավազանին։
Միաժամանակ կարևոր են հանրային մասնակցությանը, իրազեկման բարձրացմանը և գենդերային հարցերին վերաբերող թիրախները։ «Համայնքները պիտի մասնակցեն բնապահպանական որոշումների կայացման գործընթացին։ Մենք պետք է հասկանանք, որ այդ պարտավորությունն ունենք՝ մասնակցելու որոշումների կայացման գործընթացին, մշտադիտարկելու և հանրային վերահսկողություն ապահովելու՝ հանուն մեր բնության պահպանման և կայուն օգտագործման», - ընդգծեց նա։
Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիան մեծ կարևորություն է տալիս համայնքների մասնակցությանը, քանի որ հենց համայնքի բնակիչներն են լավագույնս ճանաչում իրենց տարածքի բնությունը, տեսակները և բնական ռեսուրսների օգտագործման ավանդական ձևերը։ «Համայնքը լավ գիտի՝ իր տարածքում ի՞նչ տեսակ կա, ի՞նչ է աճում, ինչպե՞ս պիտի օգտագործի, ինչպե՞ս պահպանի», - ասաց նա։
Սևանի թափոնների կառավարման փորձը՝ COP17-ի Կանաչ գոտում
Սևանի կենսաբազմազանության վրա ազդեցություն են ունենում համայնքի և լճի ավազանի առօրյա բնապահպանական խնդիրները՝ ապօրինի ձկնորսությունը, կեղտաջրերի ներհոսքը, Սևանա լճից ջրբացթողումները և թափոններով աղտոտումը։ Վիկտորյա Բուռնազյանն իր ելույթում հատկապես կարևորեց թափոնների կառավարման ուղղությամբ Սևան համայնքի փորձը։ «Շատ ուրախալի է, որ Սևան այն առաջամարտիկ բնակավայրն է, որը հաջողությամբ իրականացնում է թափոնների տեսակավորում, - ասաց նա, - Սևանը կարող է Կանաչ գոտում ներկայացնել Սևանի թափոնների կառավարման փորձը։ Սա այն լավ օրինակն է, որը կարող է նաև ոգևորել մյուս համայնքներին, որ իրենք ևս սկսեն այս գործընթացը», - նշեց նա։
COP17-ին Սևան համայնքի հնարավոր մասնակցության թեմաների շարքում Վիկտորյա Բուռնազյանն առանձնացրեց նաև Սևանի կենսաբազմազանության պահպանությունն ու կայուն օգտագործումը, մարդ-բնություն հարաբերակցությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունը կենսաբազմազանության վրա և համայնքի մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացման գործընթացում։ Նա նշեց, որ թեմաների վերջնական ընտրությունը պետք է կատարի համայնքը՝ ելնելով իր փորձից և առաջնահերթություններից։

Նյութը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:
Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:
Շարունակելի
Օգոստոս 19, 2026 at 13:23
