«COP17-ը կարևոր հնարավորություն է Հայաստանի «Էմերալդ» տարածքների հարցը բարձրաձայնելու համար»․ միջազգային փորձագետ

«COP17-ը կարևոր հնարավորություն է Հայաստանի «Էմերալդ» տարածքների հարցը բարձրաձայնելու համար»․ միջազգային փորձագետ

Հայաստանում «Էմերալդ» թեկնածու տարածքների կրճատման հարցը կարևոր է քննարկել COP17-ի օրակարգում։ Պետք է գնահատվի այդ բնապահպանական տարածքների և այլ շահերի բախման խնդիրը։

Այս մասին ասաց CEE Bankwatch ցանցի փորձագետ Անդրեյ Ռալևը՝ «Քաղաքացիական հասարակության օրակարգը՝ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախաշեմին» աշխատաժողովի ժամանակ։ Աշխատաժողովը կազմակերպել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ։ 

«Էմերալդ ցանցը» կամ «Զմրուխտե ցանցը» (Emerald Network) Եվրոպայի վայրի բնության պահպանության Բեռնի կոնվենցիայի ներքո ստեղծված տարածքների համաեվրոպական ցանց է։ Այն նպատակ ունի պաշտպանել հազվագյուտ բույսեր, կենդանիներ և նրանց բնակավայրերը։

Հայաստանը, որպես Բեռնի կոնվենցիայի կողմ երկիր, առաջարկել է իր թեկնածու տարածքները։ 2016 թվականին Հայաստանն առաջարկել էր 23 «էմերալդ» թեկնածու տարածք, որոնք միասին կազմում են երկրի 34,8%-ը կամ 1.033.719,5 հեկտար։

Եթե այս տարածքները հաստատվեն, ապա Հայաստանը կկատարի ինչպես Բեռնի կոնվենցիայի, այնպես էլ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (CBD) շրջանակներում ստանձնած պարտավորությունը՝ մինչև 2030 թվականը պահպանության տակ առնելու երկրի տարածքի 30%-ը։

Սակայն 2023 թվականին որոշվել է կրճատել այդ տարածքները՝ առաջարկելով թվով 30 թեկնածու տարածք, որոնք սակայն կազմում էին արդեն 707,739.22 հեկտար կամ երկրի 23.8%-ը։ «էմերալդ» թեկնածու տարածքների վերանայման գործընթացը դեռ շարունակվում է։

Անդրեյ Ռալևը նշեց, որ 2017 և 2019 թվականներին կոնվենցիայի կողմից Հայաստանը տեսակների և կենսամիջավայրերի մեծ մասի համար ստացել է «Բավարար գնահատում» (Sufficient Assessment) կարգավիճակը՝ 91.8% ինդեքսով։ Սակայն «էմերալդ» թեկնածու տարածքների վերանայումը կարող է նվազեցնել Բավարարության ինդեքսը։

«2008-2016 թվականներին առաջարկվեցին «Սևան», «Ջերմուկ» և «Գորհայք» տարածքները, իսկ 2012 թվականին առաջարկվեց ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը, որի կազմի մեջ ներառված էր նաև Ամուլսար լեռը։ 2023 թվականին մեկնարկեց EU4Environment ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում Համաշխարհային բանկի կողմից։ Ծրագրի հիմնական նպատակն էր աջակցել Հայաստանում «Էմերալդ» ցանցի ձևավորմանն ու «Էմերալդ» տարածքների արդյունավետ կառավարմանը։ Եվ սկսվեց «Էմերալդ» տարածքների սահմանների վերանայման և մակերեսի կրճատման գործընթացը։ 2024 թվականին այս ծրագրի կողմից հրապարակվեց «Հայաստանում թեկնածու Զմրուխտե տարածքների վերանայման վերաբերյալ առաջարկություններ» (Recommendations for Review of the Candidate Emerald Sites in Armenia) փաստաթուղթը։

«Այս փաստաթղթով առաջարկվում է «Սևան» տարածքը կրճատել ավելի քան 3 անգամ, պահպանվող բնական կենսամիջավայրերի թիվը կրճատել 32-ից 27-ի։ Դուրս են մնացել հարավ-արևելյան ճահճային տարածքները, ինչպես նաև գրեթե բոլոր լեռնային և խոտածածկ տարածքները։ Ամուլսար լեռն ամբողջությամբ դուրս է մնացել «Էմերալդ» ցանցի թեկնածու տարածքներից։ Անտեսվել են այն բազմաթիվ կենսամիջավայրերը, որոնք դեռևս չեն ենթարկվել ոսկու հանքավայրի ազդեցությանը։ Դուրս է մնացել Տափաստանային հողմավար բազեի (Falco naumanni) բազմացման և կերակրման համար ամենակարևոր կենսամիջավայրերից մեկն Ամուլսարի հարակից տարածքում։ Ստացվել է այնպես, որ Եվրոպական միության ծրագիրը նպաստել է նրան, որ «Էմերալդ» ցանցի զարգացումը մեկ քայլ հետ գնա։ Կարևոր տարածքներ են դուրս մնացել, և պետք է հասկանալ, թե ինչպես կարելի է դրանք կրկին ներառել», - ասաց Անդրեյ Ռալևը։

Նա նշեց, որ կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեծ մասը մնացել են թղթի վրա, և երկրի պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման կատարողականը 13 տոկոս է։ Բեռնի կոնվենցիան մտահոգություն է ներկայացրել տարածքների կրճատման և դրանց սպառնացող վտանգների կապակցությամբ։ Եվ 2024 թվականին կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի որոշմամբ կոչ է արվել իշխանություններին ապահովել Ամուլսարի ոսկու հանքի նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացումը, որը պետք է հաշվի առնի տվյալ տարածքում առկա բոլոր տեսակներն ու կենսամիջավայրերը։ Հորդորել է իշխանություններին արագորեն վերականգնել «Ջերմուկ» ազգային պարկի վերաբերյալ քննարկումները՝ Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW Development Bank) կողմից ֆինանսավորվող «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Կոնվենցիան կոչ է արել Հայաստանի իշխանություններին բողոք ներկայացրած կողմին ներառել խորհրդակցությունների գործընթացում։

«Կոնվենցիան առաջարկել է գնահատել «Էմերալդ» ցանցի և Ամուլսարի ծրագրի շահերի բախման խնդիրը, սակայն կառավարությունն իր համաձայնությունը չի տվել։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկել», - ասաց Անդրեյ Ռալևը։

Որպես այդ հարցերը քննարկելու և խնդիրներին լուծում տալու կարևոր հարթակ նա նշեց COP17-ը։ «Համաժողովին մասնակցելու են միջազգային կոնվենցիաների պատվիրակություններ, այդ թվում՝ Բեռնի կոնվենցիայի։ Եվ սա հենց այն վայրն է, որտեղ կարող ենք խոսել անկեղծորեն և բաց և պահանջել խնդիրների լուծում։ Հույս ունեմ, որ քննարկումների ժամանակ կկարողանանք խնդրել ճիշտ որոշում կայացնել ու ցույց տալ առաջընթաց բնապահպանական տարածքների առումով։ COP17-ը Հայաստանի համար կարևոր է ոչ միայն միջազգային նշանակության տեսանկյունից, այլ նաև այն, որ Հայաստանը կարող է իրենց ցույց տալ որպես բնապահպանության օրակարգ առաջնորդող երկիր և օրինակ ծառայել շատ երկրների համար։ Շատ աշխատանք կա անելու ոչ միայն այս,  այլ գալիք տարիներին», - ասաց Անդրեյ Ռալևը։

Օգոստոս 05, 2026 at 14:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր