CBD COP17-ի Կանաչ գոտին բացում է դռները. մեկնարկել է մասնակցության հայտերի ընդունումը

CBD COP17-ի Կանաչ գոտին բացում է դռները. մեկնարկել է մասնակցության հայտերի ընդունումը

Այս տարվա հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգործի Կանաչ գոտին (Green Zone), որը նախատեսված է հանրային, գիտական, կրթական և մշակութային միջոցառումների համար։

Կանաչ գոտին կդառնա հարթակ, որտեղ պետական կառույցները, հասարակական կազմակերպությունները, միջազգային գործընկերները, մասնավոր հատվածը, կրթական հաստատություններն ու երիտասարդական նախաձեռնությունները կկարողանան ներկայացնել իրենց ծրագրերը, անցկացնել քննարկումներ, աշխատարաններ, ցուցադրություններ և այլ միջոցառումներ։ Մասնակցությունը հնարավոր կլինի միայն նախապես ներկայացված հայտի հիման վրա։

COP17-ի Կանաչ գոտու համակարգող Լիլիթ Միդոյանի խոսքով` բոլոր հայտերն ընդունվում են բացառապես համաժողովի պաշտոնական կայքի միջոցով։ Գործընթացը լիովին թվայնացված է, և մասնակցելու համար որևէ միջնորդի կամ անձնական կապերի անհրաժեշտություն չկա։

Համաժողովի 12 օրերի ընթացքում նախատեսվում է անցկացնել շուրջ 80 թեմատիկ սեսիա։ Դրանց բովանդակությունը նախապես կգնահատվի մասնագետների կողմից։

Հայտերը կդիտարկվեն երեք հիմնական չափանիշով` գիտական հիմնավորվածություն, բնապահպանական քաղաքականությանը համապատասխանություն և տեխնիկական իրագործելիություն։

Կազմակերպիչները նաև ուշադրություն են հրավիրում տեխնիկական պահանջների վրա։ Բոլոր ներկայացումները, սահիկաշարերն ու անհրաժեշտ նյութերը պետք է տրամադրվեն նախապես, քանի որ միջոցառման ընթացքում տեղում նոր ֆայլեր ընդունելու կամ ներկայացումներ բեռնելու հնարավորություն չի նախատեսվում։

Կանաչ գոտու շրջանակում նախատեսված են ոչ միայն մասնագիտական քննարկումներ, այլև Հայաստանի բնության, մշակույթի և կայուն զարգացման նախաձեռնությունները ներկայացնող ցուցադրություններ։

Օրինակ, վերամշակմամբ, էկոդիզայնով կամ այլ բնապահպանական նախաձեռնություններով զբաղվող կազմակերպությունները կարող են անվճար ներկայացնել իրենց գործունեությունը, եթե այն համապատասխանում է ծրագրի ուղղություններին և ընտրվել է հայտերի գնահատման արդյունքում։

Համալիրում կգործեն նաև շուրջ 100 ցուցադրական տաղավարներ։ Ստանդարտ 3x3 մետր մակերեսով տաղավարի վարձակալության արժեքը կազմում է 1,4 մլն դրամ` ներառյալ հարկերը։

Փոքր կազմակերպությունների համար նախատեսվում է նաև համատեղ մասնակցության հնարավորություն, երբ մի քանի կազմակերպություն կարող են կիսել մեկ տաղավար։

Լիլիթ Միդոյանի խոսքով՝ Կանաչ գոտում աշխատարանների անցկացման համար նախատեսված են մարզահամերգային համալիրի 2000 տեղանոց գլխավոր դահլիճը և երկու 50 տեղանոց սրահներ։

Միաժամանակ կազմակերպիչները շեշտում են, որ ցուցադրությունների ձևավորման ընթացքում պետք է բացառվի պլաստիկի և շրջակա միջավայրին վնասող այլ նյութերի օգտագործումը։

Կանաչ գոտու միջոցառումները բաց կլինեն նաև հանրության համար։ Այցելուները կկարողանան անվճար մասնակցել ծրագրերին, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով անհրաժեշտ կլինի նախապես գրանցվել և ստանալ մուտքի QR կոդ։ Այն ձեռք բերելուց հետո նույն կոդով հնարավոր կլինի մուտք գործել Կանաչ գոտի համաժողովի ամբողջ ընթացքում։

Կազմակերպիչները նշում են, որ մասնակցության պայմանների, հայտերի ներկայացման ընթացակարգի և այլ հարցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է COP17-ի Կանաչ գոտու պաշտոնական կայքում, որտեղ արդեն գործում է նաև համաժողովի մեկնարկի հետհաշվարկը։

Հոդվածը և լուսանկարը՝ Էկոլուրի կամավոր Տաթև Լազարյանի

Օգոստոս 05, 2026 at 14:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր