Հայաստանի վայրի ցորենների շտեմարանը՝ համաշխարհային նշանակության կենսաբազմազանության կենտրոն

Հայաստանի վայրի ցորենների շտեմարանը՝ համաշխարհային նշանակության կենսաբազմազանության կենտրոն

Հայաստանի կենսաբազմազանության բացառիկ գանձարաններից մեկը՝ վայրի ցորենների շտեմարանը, գտնվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում։ Այստեղ պահպանվում են մշակովի ցորենների նախահայր համարվող եզակի տեսակներ՝ Ուրարտական վայրի ցորենը, Վայրի միահատիկ ցորենը և Արարատյան կամ Խալդական ցորենը:

«Էրեբունի» պետական արգելոցը կարևոր դեր է կատարում բույսերի գենետիկական բազմազանության պահպանության, գյուղատնտեսական մշակաբույսերի ծագման ու էվոլյուցիայի ուսումնասիրման, ինչպես նաև գիտական հետազոտությունների իրականացման գործում։ Արգելոցի տարածքում պահպանվում են Արարատյան հարթավայրին բնորոշ քսերոֆիտ և հազվագյուտ բուսատեսակներ, իրականացվում են վայրի ցորենների աճի և զարգացման մշտադիտարկումներ, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված տեսակների պահպանական ուսումնասիրություններ։

118.75 հեկտար տարածք զբաղեցնող արգելոցում հաշվառված է 293 բուսատեսակ։ Դրանց թվում են հացազգիների, բարդածաղկավորների, հովանոցավորների, լոբազգիների և այլ ընտանիքների ներկայացուցիչներ։ Այս բույսերից շատերն ունեն սննդային, դեղաբույսային, էկոլոգիական և գիտական կարևոր արժեք։ Արգելոցն առանձնանում է նաև հարուստ կենդանական աշխարհով՝ ապահովելով բազմաթիվ կենդանատեսակների կենսամիջավայրը։

Արգելոցի կենսաբանական հարուստ բազմազանությունն ու դրա պահպանության նշանակությունը ներկայացրեց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Հայարփի Գրիգորյանը՝ Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում։

Փորձագետն անդրադարձավ արգելոցի առջև ծառացած լուրջ բնապահպանական մարտահրավերներից մեկին՝ հարևանությամբ գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցին։

«Արգելոցի տարածքից ընդամենը 100-150 մետր հեռավորության վրա գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցը կարող է վտանգ ներկայացնել էկոհամակարգերի և կենսաբազմազանության համար։ «Էրեբունի» պետական արգելոցը Հայաստանի կարևորագույն բնապահպանական տարածքներից է, որտեղ պահպանվում է վայրի ցորենների համաշխարհային նշանակության գենոֆոնդը։ Այն միաժամանակ գիտական հետազոտությունների, բնապահպանական կրթության և հանրային իրազեկման կարևոր հարթակ է։ Արգելոցի արդյունավետ պահպանությունը և շարունակական ուսումնասիրությունը վճռորոշ նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանության, պարենային և գյուղատնտեսական անվտանգության ապահովման, ինչպես նաև գիտության և բնապահպանական կրթության զարգացման տեսանկյունից», - նշեց Հայարփի Գրիգորյանը։

Մասնագետների գնահատմամբ՝ վայրի ցորենների գենետիկական բազմազանությունը կարևոր ռեսուրս է ապագայի գյուղատնտեսության համար: Այս համատեքստում «Էրեբունի» արգելոցի պահպանությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային կենսաբազմազանության պահպանության տեսանկյունից։

Հունիս 12, 2026 at 16:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր