

2026թ․ հոկտեմբերին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովին ընդառաջ օգոստոսի 3-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրազեկման հանդիպում անցկացրեց Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրում։
«COP17-ին համայնքային մասնակցությունը պետք է արտահայտվի նրանում, որ համայնքի խնդիրները ոչ միայն արձանագրվեն և բարձրաձայնվեն, այլև՝ ներկայացվեն միջազգային գործընկերներին։ Կենսաբազմազանության պահպանությունը պետք է դառնա համայնքների զարգացման ծրագրերի հիմքը։ Մենք կենսաբազմազանության հետ կապված մեծ խնդիրներ ունենք, և հարկավոր է դրանք արձանագրել, բարձրաձայնել ու քայլ առ քայլ փորձել պահպանել մեր շրջակա միջավայրը», - նշեց հանդիպման մասնակից, Վերնաշենի բնակիչ Հայկ Իսախանյանը։

Նրա խոսքով՝ ներկայում շրջակա միջավայրի վիճակը դեռևս բավարար է, սակայն առկա են լուրջ վտանգներ, որոնք կանխարգելման և հետևողական աշխատանքի կարիք ունեն։ «Կգա երևի մի ժամանակ, երբ կառավարության կողմից կմշակվեն համայնքների զարգացման հեռանկարները, որոնց հիմնաքարը կլինի կենսաբազմազանությունը», - նշեց նա։
Ջրային ռեսուրսները՝ առաջնահերթ խնդիր
Ջրային ռեսուրսների պահպանությունն անհրաժեշտ պայման է մարզի լանդշաֆտների և կենդական ու բուսական տեսակների պահպանության համար։ Ջուրը նաև կարևոր է տեղի բնակիչների կյանքի որակի բարելավման համար, ծառայում է որպես տնտեսական խթան՝ հաղթահարելու աղքատությունը, ինչը նպաստում է իր հերթին բնական ռեսուրսների, այդ թվում՝ կենսաբազմազանության պահպանմանը։
«Հիմնական ամենամեծ խնդիրը ես կապում եմ կենսաբազմազանության հետ, որը կախված է ջրային ռեսուրսներից։ Եթե կարողանանք ջուրը մաքուր պահել, մենք էլ կապրենք, և մեր շրջակա միջավայրը կլինի մաքուր ու զարգանալու հնարավորություն կունենա», - ասաց նա։
Վերնաշենում առաջնային խնդիրներից է ջրային ռեսուրսների պահպանությունն ու ջրի հասանելիությունը։ «Վերնաշեն գյուղը չունի խմելու ջուր։ Դեռ Խորհրդային Միության տարիներին բարձրացված էր և՛ ոռոգման, և՛ խմելու ջրի խնդիրը», - ասաց Հայկ Իսախանյանը։
Խորհրդային տարիներին կառուցվում էր Գյադիկվանք-Եղեգնաձոր ջրագիծը։ «Մենք ուզում ենք այդ ջրագծի կառուցումն ավարտվի, որի շնորհիվ Վերնաշեն, Գլաձոր և Եղեգնաձորը խմելու ջուր կունենա։ Ամբողջ տարածաշրջանը կդառնա ոռոգելի։ Մոտ 1500 ընտանիք կարող է արժանապատիվ ապրել, ցանել, վարել։ Սա մեծ օգուտ է մեր ժողովրդի համար, և մենք կունենանք նաև որակյալ խմելու ջուր», - նշեց նա։
Հայկ Իսախանյանը Եղեգնաձորի և Վայոց ձորի զարգացման համատեքստում կարևորեց նաև տնտեսական առաջնահերթությունների հստակեցումը։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպիսի զարգացում է ցանկանում համայնքը և տարածաշրջանը։ «Ժողովուրդը և կառավարությունը պետք է կարողանան տարանջատել՝ ի՞նչ ենք ուզում։ Հանքարդյունաբերությո՞ւն ենք ուզում զարգանա, թե՞ ուզում ենք միջոցներ ներդնել տուրիզմի և կենսաբազմազանության պահպանության մեջ։ Այդ հանքերը 20 տարի աշխատել են, և հետևանքները մեր սերունդն արդեն զգում է։ Հանքերի հետ մեր ապրելակերպն անհամատեղելի է», - նշեց նա։
Հայկ Իսախանյանը խոսեց համայնքի այլընտրանքային զարգացման մասին։ «Մենք մի քանի անգամ հաշվել ենք, որ շատ ավելի մեծ տնտեսական արդյունք կունենանք, եթե զարգացնենք գինու արտադրությունը, մեղվաբուծությունը, այգեգործությունը, մսի արտադրությունը։ Այստեղ ունենք պատմամշակութային հուշարձաններ, տարեցտարի ավելանում են զբոսաշրջային հոսքերը, ավելանում են հյուրատները։ Վայոց ձորում մոտ 25 հազար մարդ է ապրում։ Այդ 25 հազար մարդուն առանց եկամտի թողնել մի քանի հանքարդյունաբերողների համար՝ ճիշտ չէ», - ասաց նա։
Նա առաջարկեց COP17-ում բարձրացնել ջրային ռեսուրսների, անտառների և կանաչ գոտիների ստեղծման ու պահպանության խնդիրները։
«Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։
Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։
Շարունակելի
Օգոստոս 24, 2026 at 15:36
