ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ՝ ՀԱՆՐԱՅՆԱՑՆԵԼՈՒ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԱՅՆԸ

ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ՝ ՀԱՆՐԱՅՆԱՑՆԵԼՈՒ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԱՅՆԸ

Հայաստանի 7 համայնքները կբարձրաձայնեն էկոլոգիական մարտահրավերներն ու առաջարկները ՄԱԿ-ի COP17 համաժողովում

Հոկտեմբերի 21-ին՝ ժ. 14:00, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP 17) Կանաչ գոտում տեղի կունենա «Համայնքները՝ կենսաբազմազանության պահպանողներ և կայուն օգտագործողներ» խորագրով պաշտոնական կողմնակի միջոցառումը։

Միջոցառումը կազմակերպվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության (Norad) աջակցությամբ:

Միջոցառման առանցքը

Համաշխարհային բնապահպանական որոշումների կայացման հարթակում հաճախ անտեսվում է տեղական համայնքների ձայնը։ Այս սեսիայի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Եղեգնաձոր, Արարատի մարզի Արմաշ, Լոռու մարզի Դեբետ և Դսեղ բնակավայրերի ներկայացուցիչները միջազգային հանրությանը կներկայացնեն էկոհամակարգերի պահպանման իրենց անմիջական փորձն ու առաջարկները:

Կքննարկվեն հրատապ թեմաներ՝

- կլիմայի փոփոխության հարվածը և ջրային ռեսուրսների ճգնաժամը,

- անտառների պահպանությունն ու բնակչի սոցիալ-տնտեսական բարեկեցությունը,

- հանքարդյունաբերության ազդեցությունը կենսաբազմազանության, զբոսաշրջային ու գյուղատնտեսական  գոտիների վրա,

- էկոտուրիզմի զարգացումն ու տեղական կանաչ ձեռնարկատիրությունը։

Գլխավոր իրադարձություն

Միջոցառման ավարտին համայնքների կողմից կընդունվի և կհրապարակվի «Հանուն կենսաբազմազանության պահպանության, վերականգնման և կայուն օգտագործման» համայնքային հայտարարությունը՝ ուղղված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությանը, Կողմ երկրներին և միջազգային կառույցներին:

Օրակարգային մանրամասներ

 Բացման խոսք՝ Ինգա Զարաֆյան («Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ), Փոլ Ուիլթեր Սքեդսմո («Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի  ավագ գիտաշխատող,  «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի համակարգող),  Մկրտիչ Դալլաքյան ( Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Երևանի գրասենյակի կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի ծրագրի համակարգող)։

 Մոդերատոր՝ Վիկտորյա Բուռնազյան («Էկոլուր» տեղեկատվական ՀԿ փոխնախագահ)։

Հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին՝ ակտիվորեն լուսաբանելու այս կարևոր հանդիպումը, վերցնելու հարցազրույցներ ազդակիր համայնքների ներկայացուցիչներից և աջակցելու տեղական ձայների միջազգայնացմանը։

Միջոցառման անցկացման վայր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր (հասցե՝ Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք, Կանաչ գոտի, «Workshop Room 1» սրահ)
Տևողությունը՝ 90 րոպե:

 

 

Հոկտեմբեր 20, 2026 at 16:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր