

Հոկտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) Կապույտ գոտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփվեցին CBD COP17-ի առաջին շաբաթվա աշխատանքների արդյունքները։
CBD COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հայտարարեց, որ COP17-ի շրջանակում բնության պահպանության համար հայտարարված ֆինանսական հանձնառությունների ընդհանուր ծավալը գերազանցում է 1․8 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Հայաստանի և Կոլումբիայի համանախագահությամբ գործող CARES կոալիցիայի շրջանակում տեսակների վերականգնման համար հայտարարվել է 500 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական հանձնառություն։ Սևանա լճի պահպանության և էկոհամակարգերի վերականգնման համար հաստատվել է 1․4 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ Հայաստանի առաջին ծրագրային ֆինանսավորումը Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հիմնադրամից։
«COP17-ը հնարավորություն է տալիս բոլոր աղբյուրներից՝ կառավարություններից, բարեգործական կազմակերպություններից և ներդրողներից, մոբիլիզացնել ընդհանուր առմամբ ավելի քան 1․8 միլիարդ ԱՄՆ դոլար՝ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված վճռական գործողություններին աջակցելու համար։ Առաջին շաբաթը ցույց տվեց, որ համագործակցությունը կարող է առաջընթաց ապահովել։ Երկրորդ շաբաթը պետք է ցույց տա, որ քաղաքական հանձնառությունը կարող է վերածվել գործողության», - ասաց COP17-ի նախագահը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը նշեց․ «Բնությունը շքեղություն չէ, որը մենք պաշտպանում ենք միայն այն ժամանակ, երբ տնտեսությունները կարող են դա իրենց թույլ տալ։ Բնությունն է հնարավոր դարձնում տնտեսությունների գոյությունը։ COP17-ին ֆինանսների նախարարների մասնակցությունը կարևոր ազդակ է։ Կենսաբազմազանության կորուստը պարզապես բնապահպանական խնդիր չէ։ Այն տնտեսական խնդիր է, և լուծումները պետք է հասնեն տնտեսական որոշումների կայացման բուն հիմքին»։
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերն առանձնացրեց ստանձնած պարտավորություններն իրական արդյունքների վերածելու երեք առաջնահերթություն՝ հաշվետվողականություն, համապատասխանեցում և արագացում։
Հաշվետվողականությունը նշանակում է ազգային զեկույցների, գիտական տվյալների և առաջին գլոբալ վերանայման արդյունքների օգտագործում՝ բացթողումները բացահայտելու և ավելի վճռական գործողություններ ուղղորդելու համար։
Համապատասխանեցումը նշանակում է ապահովել, որ պետական բյուջեները, մասնավոր ներդրումները, տնտեսական քաղաքականությունն ու ֆինանսական խթանները նպաստեն կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրականացմանը, այլ ոչ թե խոչընդոտեն դրանց։
Արագացումը նշանակում է ավելի արագ գործել՝ մինչև 2030 թվականն իրականացնելու Կունմին-Մոնրեալի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 23 թիրախները։
«Գլոբալ վերանայումը մեզ ցույց տվեց, թե որտեղ է առաջընթաց արձանագրվում և որտեղ ենք հետ մնում։ Երևանում ուշադրությունը կենտրոնացած է այդ բացերը լրացնելու վրա», - ասաց նա։
Նշվեց, որ այդ բացերը լրացնելու համար կառավարությունները պետք է հաղթահարեն բանակցային գործընթացում առկա էական տարաձայնությունները։
Դեռևս առանցքային հարցեր են մնում, թե ովքեր պետք է ներդրում կատարեն կենսաբազմազանության միջազգային ֆինանսավորման մեջ, որքան ֆինանսավորում պետք է մոբիլիզացվի և ինչ մեխանիզմների միջոցով։
Կողմերի միջև տարաձայնություններ կան նաև վնասակար խթանների, այդ թվում՝ գյուղատնտեսական սուբսիդիաների կրճատման կամ աստիճանական վերացման վերաբերյալ ձևակերպումների շուրջ։ Չլուծված հարցերի թվում են, թե առևտրային որ օգտագործողները պետք է ներդրում կատարեն Կալիի հիմնադրամում, ինչպիսի մեխանիզմներով պետք է գործի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շրջանակում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների հարցերով նոր մշտական մարմինը, ինչպե՞ս պետք է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունները համապատասխանեցվեն կլիմայական պարտավորություններին և միջազգային այլ հանձնառություններին։
Երկրորդ շաբաթվա առանցքային խնդիրն է ամրապնդել քաղաքական հանձնառությունը, առաջ մղել բանակցությունները և դեռևս չհամաձայնեցված հարցերի շուրջ հասնել ընդհանուր մոտեցումների։
Հոկտեմբեր 27, 2026 at 17:05
