Տեղական համայնքների ձայնը կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում լսելի դարձնելու նպատակով հոկտեմբերի 21-ին «Համայնքները կենսաբազմազանության պահպանողներ և կայուն օգտագործողներ» խորագրով սեսիա կայացավ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) Կանաչ գոտում։ Միջոցառումը կազմակերպել է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության և «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի աջակցությամբ։ Համայնքային ներկայացուցիչները միջազգային և ազգային կառույցներին ներկայացրին տնտեսական գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունն ու կայուն զարգացման հնարավորությունները։
Միջոցառմանը Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ներկայացուցիչ Սաթիկ Բադեյանը բարձրաձայնեց Սևանա լճի պահպանության առաջնահերթությունները։
Հայաստանի քաղցրահամ ջրի գլխավոր ավազանը՝ Սևանա լիճը, այսօր կլիմայի փոփոխության և մարդածին ազդեցությունների հետևանքով լուրջ բնապահպանական ճնշումների է ենթարկվում:
Սևան համայնքն ընդգրկում է 11 բնակավայր՝ շուրջ 45 000 բնակչով, և անմիջականորեն կապված է Սևանա լճի հետ։ «Լիճն է ձևավորել մեր բնակավայրերի պատմությունը, մարդկանց զբաղմունքը, ավանդույթներն ու մշակույթը»,- նշեց Բադեյանը՝ ընդգծելով, որ այդ կապը նաև պատասխանատվություն է՝ պահպանելու լիճն ու նրա կենսաբազմազանությունը։
Խոսնակը ներկայացրեց 2022 թվականին EU4Culture ծրագրի աջակցությամբ, մասնակցային գործընթացով մշակված Սևան համայնքի 2022–2027 թվականների մշակութային զարգացման ռազմավարությունը, որը դարձել է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մաս։ Դրանով Սևանը հռչակվել է որպես էկոկենցաղավարման և էկոտնտեսավարման մշակույթի ձևավորման ու արտահանման համայնք՝ բնության նկատմամբ պատասխանատու մոտեցումը դարձնելով առօրյայի և տնտեսական գործունեության մաս։
Այլընտրանքային եկամուտներ և էկոլոգիական լուծումներ
Բադեյանը նշեց առանցքային ուղղություններ, որոնցով համայնքը նվազեցնում է ճնշումը լճի վրա.
- Այլընտրանքային եկամուտների ստեղծում՝ ձկնորսության ճնշումը նվազեցնելու նպատակով
- Զբոսաշրջային հոսքերի վերաուղղորդում՝ ափամերձ տարածքներից դեպի բնակավայրեր
- Կայուն գյուղատնտեսություն՝ լճի ջրհավաք ավազանում քիմիական պարարտանյութերի և վնասակար նյութերի օգտագործումից հրաժարման ճանապարհով
- Այլընտրանքային էներգիա՝ լճից էներգետիկ նպատակներով ջրառը նվազեցնելու համար։
Գործնական քայլեր. թափոնների կառավարում և մշակութային տուրիզմ
2025 թվականին Սևանում մեկնարկել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ու տեսակավորման համակարգի ներդրումը՝ պլաստիկի, թղթի, մետաղի և ապակու առանձին հավաքով։ Ծրագրի շրջանակում քաղաքին տրամադրվել են թափոնամաններ և թափոնատար մեքենա: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ՝ Շվեդիայի կառավարության աջակցությամբ: Գործընկերներն են նաև Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները:
Բադեյանը նշեց, որ բնակիչների ներգրավմանը մեծապես նպաստել է «Սևան» երիտասարդական ակումբի իրազեկման քարոզարշավը, սակայն աղբի ճիշտ տեսակավորումը դեռևս մարտահրավեր է: Արդյունքները պահպանելու և նախկին սովորույթներին վերադարձը կանխելու համար անհրաժեշտ են շարունակական կրթական ծրագրեր և դրանք ապահովող համայնքային մեխանիզմներ։
Համայնքում փորձարկվում են նաև օրգանական թափոնների օգտակար օգտագործման լուծումներ. «Բլեջան» ՀԿ-ի նախաձեռնությամբ Ծովագյուղում կիրառվում է բակտերիալ ծղոտե ներքնակի վրա խոզաբուծություն՝ գոմաղբն օրգանական պարարտանյութի հումք դարձնելու նպատակով, իսկ մանկապարտեզներում և սննդի կետերում փորձարկվում է սննդային թափոնների բակտերիալ կոմպոստացում։
Մեկ այլ հաջողված օրինակ է Լճաշենի հնագիտական ժառանգության վրա հիմնված մշակութային տուրիզմը:
Ստեղծվել է «Էթիունի» թանգարան-հյուրատունը՝ որպես պիլոտային նախագիծ և ցուցադրական օրինակ՝ բնակիչներին ներկայացնելու, թե ինչպես կարելի է եկամուտ ստանալ սեփական ժառանգությունից՝ այն պահպանելով և զարգացնելով։
Այստեղ ներդրվել են փորձառական զբոսաշրջության ծառայություններ։ Այցելուները կերպարանավորվում են որպես ուրարտական և նախաուրարտական շրջանի թագավոր կամ թագուհի, պալատական կամ հասարակ բնակիչ, և այդ մշակույթներին ծանոթանում մասնակցային փորձառությունների միջոցով։
Փորձը կարելի է հաջողված համարել. տարեկան այցելուների թիվը հասնում է մոտ 5000-ի։ Լճաշենում արդեն գործում է ավելի քան հինգ հյուրատուն, կան սննդի կետեր, իրականացվում են հնագույն մշակույթին և գյուղական կյանքին ծանոթացնող վարպետաց դասեր։
Բանախոսի ներկայացմամբ՝ նույն մոտեցմամբ են աշխատում նաև Ծովագյուղում, որտեղ գործում է գյուղական զբոսաշրջության, էներգաարդյունավետության և բնական հողագործության ուսումնացուցադրական կենտրոն: Այստեղ կայուն գործելակերպերը կապված են էկոզբոսաշրջության և ձկնորսական մշակույթի հետ:
Բոլոր նախաձեռնություններում ակտիվորեն ներգրավված են երիտասարդները: «ԾովԵՄ» երիտասարդական կենտրոնում երկրորդային պլաստիկից՝ 3D մոդելավորման ու տպագրության միջոցով, պատրաստում են Գեղարքունիքի մշակութային ժառանգության խորհրդանիշներով հուշանվերներ։
Համայնքում բնապահպանական կրթությունն ու կայուն գործելակերպերը տարածվում են նաև դպրոցակսնների շրջանում՝ խրախուսելով նրանց մասնակցությունը համայնքի և լճի պահպանության գործին։
Սաթիկ Բադեյանի խոսքով՝ իրականացվող բոլոր նախաձեռնություններն ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ համայնքի կայուն զարգացումը համատեղել Սևանա լճի բնական էկոհամակարգի պահպանության հետ՝ նվազեցնելով մարդու գործունեության վնասակար ազդեցությունը և նպաստելով էկոհամակարգի վերականգնմանը։
«Մեր փորձը ցույց է տալիս, որ մարդիկ ավելի ակտիվ են ներգրավվում բնության պահպանության գործում, երբ տեսնում են դրա կապը իրենց առօրյայի, աշխատանքի և ապագայի հետ»,- ամփոփեց Սաթիկ Բադեյանը՝ ընդգծելով երկարաժամկետ գործընկերությունների, կրթության, տեղական եկամտի հնարավորությունների և համայնքի ակտիվ մասնակցության կարևորությունը Սևանա լճի պահպանության գործում։
Հոկտեմբեր 31, 2026 at 20:57