

Ասուլիսի ավարտին, օգտվելով Շրջակա միջավայրի նախարարին հարց ուղղելու հնարավորությունից, «ԷկոԼուրի» լրագրող Ժաննա Սարգսյանը բարձրացրեց E-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում շրջանառվող՝ ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների հարցը։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է մեխանիզմ, որով շահագործողը կարող է անցնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննության փուլ՝ առանց ՏԻՄ նախնական համաձայնության:
«ԷկոԼուրի» հարցադրումն էր. արդյո՞ք նման քաղաքականությունը համատեղելի է COP17-ի հռչակած ներառականության սկզբունքների և որոշումների կայացման գործընթացում համայնքների մասնակցությունն ապահովող մեր միջազգային պարտավորությունների հետ:
Նախարարի արձագանքը. «Ավագանին հաճախ հայեցողական կամ քաղաքական որոշումներ է կայացնում»
Ի պատասխան «ԷկոԼուրի»՝ Շրջակա միջավայրի նախարարը վստահեցրեց, որ համայնքները չեն մնում օրակարգից դուրս, և որպես ապացույց նշեց հոկտեմբերի 16-ի Առաջնորդների գագաթնաժողովին համայնքապետերի աննախադեպ մասնակցությունը։ Նա նաև տեղեկացրեց, որ COP-ի շրջանակում նախատեսվում է ՏԻՄ-երին նվիրված առանձին ֆորում, որին կմասնակցեն ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ (օրինակ՝ Պեկինի փոխքաղաքապետն արդեն Հայաստանում է)։
Անդրադառնալով բուն օրենսդրական փոփոխությանը և համայնքի ձայնն անտեսելու ռիսկերին՝ նախարարը նշեց. «Եթե չեմ սխալվում՝ տվյալ կետը վերաբերում է Օրհուսի կոնվենցիային: Այս որոշմամբ մենք կոնվենցիայի որևէ դրույթ չենք խախտում: Ներկա ընթացակարգերով համայնքը հանդիսանում է փաստացի որոշում կայացնող մարմին՝ առանց մասնագիտական գիտելիքներ ունենալու: Նրանք, առանց խորապես նախագծերին ծանոթանալու և առանց մասնագիտական եզրակացություն ունենալու, կայացնում են հայեցողական կամ քաղաքական որոշումներ, ապա դիմում մեզ՝ ՇՄԱԳ ուսումնասիրություն տրամադրելու խնդրանքով: Մինչդեռ մենք նման իրավունք չունենք, քանի դեռ ավագանին դրական որոշում չի կայացրել: Այս նախագծով մենք լավարկում ենք մեր հնարավորությունները՝ համայնքներին օգնելու հարցում»:
ՇՄ փոխնախարար. «Ավագանու որոշումը կունենա խորհրդատվական բնույթ»
Հարցի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ներկայացրեց ՇՄ փոխնախարար Արամ Մկրտչյանը՝ նշելով, որ նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) կողմից:
«Ներկայումս ՇՄԱԳ առաջին փուլն իրականացվում է համայնքներում, որտեղ ավագանին է որոշում՝ թույլատրելի՞ է արդյոք տվյալ գործունեությունը, թե` ոչ: ՏԿԵՆ-ի ներկայացրած նախագծով ավագանու մասնակցությունը չի բացառվում, սակայն այդ որոշումն ունենալու է հավասար խորհրդատվական բնույթ, ինչպես մյուս բոլոր, այդ թվում՝ մասնագիտական հանգամանքները»,- պարզաբանեց փոխնախարարը:
Արձագանքելով Էկոլուրի դիտարկմանը, որ նախագծով փաստացի վերանում է միջանկյալ օղակը, և ՏԻՄ-ն իրավունք չի ունենում ՇՄԱԳ թույլտվությունից առաջ ուսումնասիրել մասնագիտական եզրակացությունն ու որոշում կայացնել՝ Արամ Մկրտչյանը նշեց, որ փաստաթուղթը դեռևս նախագծային փուլում է:
«Մենք Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական դիրքորոշումը ձևավորել ենք, բայց նախագիծը դեռ նախարարական կոմիտեում և այլ գերատեսչությունների հետ պետք է քննարկվի։ Բնականաբար, դեռ շատ փոփոխություններ կլինեն: Պետք է գտնել լուծում, որպեսզի համայնքը մասնակցի, նրա որոշումը լինի օբյեկտիվ և ուղղված լինի բնության պահպանությանը, ոչ թե այլ շահերի սպասարկմանը: Բացարձակ որևէ կերպ չի կարելի համայնքին զրկել որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորությունից, քանի որ դա կլինի մեր միջազգային պարտավորությունների խախտում:
Մասնագիտական կարծիքը համայնքի որոշման հիմքում դնելը կարող է լինել ՇՄ նախարարության առաջարկներից մեկը, որը կձևակերպվի գրավոր, կներկայացվի և կդառնա քննարկման առարկա»,- եզրափակեց փոխնախարարը:
Այսպիսով, չնայած Շրջակա միջավայրի նախարարությունը հավաստիացնում է, որ նոր փոփոխությունները նպատակ ունեն որոշումների կայացման հիմքում դնել մասնագիտական գնահատականը և խուսափել ՏԻՄ-երի «քաղաքական որոշումներից»՝ որևէ կերպ չանտեսելով համայնքների ձայնը, քաղաքացիական հասարակության համար շարունակում է մտահոգիչ մնալ այն ռիսկը, որ համայնքի դերի նվազեցումը մինչև խորհրդատվական բնույթ՝ կարող է լրջորեն սահմանափակել ազդակիր համայնքների՝ իրենց կենսամիջավայրի վերաբերյալ վճռորոշ ձայն ունենալու իրավունքը:
Հոկտեմբեր 20, 2026 at 16:43
