

Հոկտեմբերի 19-ին՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) առաջին օրը, COP17-ի Կանաչ գոտու՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում բնապահպաններն իրականացրին ակցիա՝ ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման։ Այն միտված էր մատնանշելու Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նպատակների միջև առկա հակասությունը։
Ակցիայի մասնակիցներից Աննա Շահնազարյանը նշեց, որ COP17-ը կարևոր առիթ է՝ ի ցույց դնելու Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի և կենսաբազմազանության պահպանման այն սկզբունքների միջև առկա հակասությունը, որոնք ընկած են այս համաժողովի հիմքում։
«Ամուլսարի ծրագիրը խախտում և խանգարում է COP17-ի սահմանած՝ կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի բոլոր 23 թիրախների իրագործմանը»,- ասաց Աննա Շահնազարյանը։
Նրա գնահատմամբ՝ միայն Ամուլսարում հանք բացելու հետևանքով Հայաստանը չի կարողանա կատարել կենսաբազմազանության պահպանման իր ստանձնած պարտավորությունները․ խնդիրը վերաբերում է ո՛չ միայն առանձին տեսակների պահպանությանը, այլև կենսաբազմազանության գլոբալ շրջանակի այն թիրախներին, որոնք նախատեսում են կանխել տեսակների անհետացումը, պահպանել բնական միջավայրերը և վերականգնել վնասված էկոհամակարգերը։ Ըստ բնապահպանի՝ Ամուլսարի ծրագրի իրականացումը հակասում է այդ նպատակներին, մինչդեռ Հայաստանը, որպես COP17-ը հյուրընկալող երկիր, պետք է օրինակ ծառայի կենսաբազմազանության պահպանման գործում։
«Մենք ունենք ա՜յնքան շատ խախտումներ, որոնք անտեսվել են կառավարության կողմից։ Նույնիսկ տեղեկատվության մատչելիության մասին թիրախն է խախտվել»,- ընդգծեց Շահնազարյանը՝ անդրադառնալով նաև Ամուլսարի ծրագրի վերաբերյալ միջազգային փորձագիտական ուսումնասիրությանը։ Նրա խոսքով՝ դեռևս 2019 թվականին հրապարակված ELARD-ի ուսումնասիրությունը, որը վերաբերում էր հանքի հնարավոր ազդեցությանը ջրային ռեսուրսների, երկրաբանության, կենսաբազմազանության և օդի որակի վրա և պարունակում էր ծրագրի բնապահպանական գնահատման վերաբերյալ կարևոր դիտարկումներ, տարիներ շարունակ հասանելի է եղել ՀՀ պաշտոնական կայքերում, սակայն այժմ հեռացվել է այդ աղբյուրներից։ Նա ընդգծեց, որ բարձրացված հարցերը չեն կարող պարզապես անտեսվել, հատկապես երբ խոսքը վերաբերում է հանքի շահագործման հնարավոր բնապահպանական հետևանքներին և պետության ստանձնած պարտավորություններին։
Աննա Շահնազարյանն անդրադարձավ նաև վերջերս տեղի ունեցած Հանքարդյունաբերական ֆորումին՝ այն որակելով որպես իշխանությունների կողմից ուժի ցուցադրություն և աջակցություն հանքարդյունաբերական ոլորտին։
«Սա նման է կլիմայական COP-երին, որտեղ ամբողջ աշխարհը հավաքվում է՝ քննարկելու կլիմայական ճգնաժամը, բայց այնտեղ գնում են նավթարդյունաբերողները և գործարքներ են կնքում։ Նույն բանը տեղի է ունենում այստեղ՝ մեր COP-ում։ Մենք պետք է թույլ չտանք, որ կենսաբազմազանության պահպանման դիսկուրսը ցինիկաբար վերածվի հանքարդյունաբերական խոսույթի»,- եզրափակեց բնապահպանը։
Ակտիվիստներն արդեն իսկ Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը դատապարտող հայտարարություն են կազմել, որը տարածվում է համաժողովի մասնակիցների և հասարակական կազմակերպությունների շրջանում՝ հորդորելով միանալ իրենց դիմումին։
Հոկտեմբեր 20, 2026 at 18:59
