

CBD COP17 համաժողովի Կանաչ գոտու տարածքում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի մոտ, բնապահպաններն ու քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման: Սակայն ոստիկանությունը շրջապատեց ակցիայի մասնակիցներին՝ թույլ չտալով բացել պաստառները։
Բնապահպանները ստիպված եղան իջնել համալիր տանող աստիճանների ներքևի հարթակ՝ անմիջապես փողոցին հարող հատված, որտեղ բացեցին պաստառներն ու արտահայտեցին իրենց բողոքը՝ բարձրաձայնելով նաև միջոցառման ընթացքում հանդիպած խոչընդոտների մասին։
Նախատեսված էր նաև քայլերթով շարժվել դեպի Հաղթանակի կամուրջ՝ հնարավորինս մոտ CBD COP17-ի Կապույտ գոտուն, սակայն մասնակիցներին թույլ չտրվեց իրականացնել նաև այդ գործողությունը։
Ակցիայի ընթացքում «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, բնապահպան Նազելի Վարդանյանն անդրադարձավ Ամուլսարի խնդրի շուրջ տարվող երկարամյա պայքարին, ֆինանսական կառույցների ներգրավվածությանը և հասարակության դերին:

Ճնշում միջազգային ֆինանսական կառույցների վրա
Նազելի Վարդանյանը հիշեցրեց՝ բնապահպանների հետևողական պայքարի արդյունքում է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) դուրս են եկել Ամուլսարի ծրագրից: Նա նշեց, որ մասնակցել են Համաշխարհային բանկի չորս գլխավոր հանդիպումներին՝ բարձրաձայնելով խնդիրը: «Բանկերը ֆինանսավորում են այս ծրագիրը, քանի որ ԱՄՆ-ն նրանց գումար է տրամադրում հատկապես Ամուլսարի ծրագրի համար, և այդ ամենն ի վերջո դառնալու է բեռ մեր հարկատուների համար»,- ընդգծեց Վարդանյանը:
Միջազգային հարթակներում պայքարը շարունակվում է նաև կոնվենցիաների մակարդակով: Բնապահպանը հիշատակել է Բեռնի կոնվենցիայի կայացրած որոշումը՝ որպես այդ ջանքերի ևս մեկ կարևոր արդյունք:
«Հանքը չի շահագործվում և չի շահագործվելու»
Արձագանքելով շրջանառվող այն լուրերին, թե Ամուլսարի հանքն արդեն շահագործվում է, կամ բնապահպանների պայքարը մարել է, Նազելի Վարդանյանը հայտարարեց. «Հանքը չի շահագործվում և չի շահագործվելու»: Նա հիշեցրեց, որ դեռևս 2012, 2014 և 2016 թվականներին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը, հայտարարում էին հանքի շուտափույթ բացման մասին, սակայն մինչ օրս այն պատրաստ չէ, նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) չի եղել, և որևէ արդյունահանում չի իրականացվել:
Անդրադառնալով պայքարի ձևաչափին՝ բնապահպանը պարզաբանեց, որ անհնար է տարիներ շարունակ ֆիզիկապես կանգնել միևնույն վայրում կամ փակ պահել ճանապարհները: «Մարդիկ աշխատելու կարիք ունեն: Բացի այդ, ներկայումս Ամուլսարի տարածք մուտք գործելու ֆիզիկական հնարավորություն չկա»,- նշեց բնապահպանը:
Բնության պահպանությունը յուրաքանչյուրիս սահմանադրական պարտքն է
Նազելի Վարդանյանը կոչ արեց հասարակությանը չհարցնել՝ «ո՞ւր են բնապահպանները», այլ գիտակցել սեփական պատասխանատվությունը: «Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել բնությունը: Սա յուրաքանչյուր քաղաքացու անհատական պարտականությունն է, և պետք չէ սպասել միայն բնապահպանների գործողություններին»,- շեշտեց նա:
Հոկտեմբեր 20, 2026 at 19:59
