

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը Factor TV-ի տաղավարում մասնակցել է «Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում» թեմայով բանավեճ-քննարկմանը, որին մասնակցում էին նաև «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, «+374 քաղաքական ինքնորոշման ակումբի» նախագահ Գարեգին Միսկարյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը և «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը։
Իր խոսքում Զարաֆյանը նշել է Ամուլսարի շահագործման ծրագրի վերաբերյալ բնապահպանների հիմնական մտահոգություններն ու ռիսկերը՝ առանձնացնելով հետևյալ խնդիրները․
- Տնտեսական շահավետության բացակայություն և ցիանային տեխնոլոգիայի կիրառում. ըստ Ի. Զարաֆյանի՝ Ամուլսարում ոսկու պարունակությունը չափազանց ցածր է (շահագործող ընկերության տվյալներով՝ 0,78 գրամ՝ մեկ տոննա հանքանյութում): «Տնտեսական առումով մենք չենք կարող շահավետ ձևով ստանալ այդ ոսկին, ինչի համար պետք է կիրառել ամենաաղտոտող ցիանային տեխնոլոգիան»:
- Անկառավարելի ռիսկեր և վտանգ՝ ջրային ռեսուրսներին. ոսկին ստանալու համար մոտ 250 մլն տոննա դատարկ ապարներ են կուտակվելու Արփա և Որոտան ջրային ավազանների սրտում։ Բնապահպանն ընդգծել է թթվային դրենաժի և Կեչուտի թունելով Սևանա լճի աղտոտման ռիսկերը, որոնց մասին զգուշացրել էին նաև միջազգային փորձագետները, և նշել, որ այդ ռիսկերն անկառավարելի են:
- Ջուրը՝ որպես պետականության և ազգային անվտանգության հարց. հղում անելով միջազգային «Էլարդ» (ELARD) ընկերության հաշվետվությանը՝ Զարաֆյանը հիշեցրել է, որ ջրային ռեսուրսների գնահատման տվյալներն այնքան թերի են եղել, որ փորձագետները նույնիսկ չեն կարողացել վերջնական գնահատական տալ։
- Սոցիալ-տնտեսական վնասներ և Ջերմուկի ճակատագիրը. քանի որ Ամուլսարի ծրագրի տարածքը գտնվում է Ջերմուկ առողջարանային քաղաքից ընդամենը 5-12 կմ հեռավորության վրա, կան հսկայական սոցիալական և տնտեսական ռիսկեր։ Ինգա Զարաֆյանն զգուշացրել է, որ Ջերմուկը կարող է արժանանալ լքված հանքարդյունաբերական Դաստակերտ քաղաքի ճակատագրին՝ դառնալով «ուրվական քաղաք»:
Անդրադառնալով ոլորտի ֆինանսական կողմին՝ «Էկոլուրի» ղեկավարը նաև հավելել է, որ Հայաստանում գործող խոշոր հանքարդյունաբերողների ստացած գումարները հաճախ հոսում են օֆշորային գոտիներ, մինչդեռ համայնքներին մնում են միայն բնապահպանական աղետները։
Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.
Հոկտեմբեր 24, 2026 at 13:09
