Ամուլսարի ծրագրի վերաբերյալ քաղաքացիական հասարակության հայտարարությունը` Բեռնի կոնվենցիայի Կողմերին

Ամուլսարի ծրագրի վերաբերյալ  քաղաքացիական հասարակության հայտարարությունը` Բեռնի կոնվենցիայի Կողմերին

Սույն թվականի հոկտոմբերի 20-ին ընդունվեց Ամուլսարի ծրագրի վերաբերյալ  քաղաքացիական հասարակության հայտարարությունն՝ ուղղված Բեռնի կոնվենցիայի Կողմերին։ Հայտարարությանը միացան  քաղաքացիական հասարարկության մի շարք ներկայացուցիչներ։ Հայտարարությունն ընդունվեց «Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ուժեղացում՝ Հայաստանում COP17-ին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր  «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։

Հայտարարության մեջ նշված է․

«Հոկտեմբերի 10-ին՝ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ, տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու հանքի բացման արարողությունը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Մենք՝ քաղաքացիական հասարակության,  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, ակտիվիստներս ու մտահոգ քաղաքացիներս, կառավարության այս քայլը դիտարկում ենք որպես ներքին առաջնահերթությունները  միջազգային պարտավորություններից՝ մասնավորապես, «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» (Բեռնի կոնվենցիա) կոնվենցիայից բխող պարտավորություններից, վեր դասելու դրսևորում։ Այս կոնվենցիան Հայաստանը ստորագրել և վավերացրել է։

2020 թվականին Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը հասարակական կազմակերպություններից ստացել է բողոք, ըստ որի՝ նախագիծն ազդում է Էմերալդ ցանցի երեք թեկնածու տարածքի, թռչունների համար կարևոր երեք տարածքի, միջազգային նշանակության Ռամսարի մեկ խոնավ տարածքի, ինչպես նաև Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում որպես վտանգված կամ որպես վտանգմանն ենթակա 24 տեսակի վրա։

Բողոքում առանձնացվում են կենսաբազմազանության համար մի շարք հիմնական վտանգներ, այդ թվում՝ կենսամիջավայրերի ոչնչացումը, փոշով և արտահոսքերով աղտոտումը, կենդանիների և բույսերի ոչնչացումը, Ամուլսար լեռան շրջակայքում վայրի կենդանիների տեղաշարժի միջանցքի մասնատումը, ինչպես նաև կենդանական աշխարհի խաթարումն ու որսագողությունը։

Բողոքի քննության գործընթացը շարունակվում է վեց տարի, որի ընթացքում թե՛ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, թե՛ բողոքը ներկայացրած կողմերը ներկայացրել են տարեկան հաշվետվություններ։

Բեռնի կոնվենցիայի պահանջները և Շրջակա միջավայրի նախարարության պատասխանները

2026 թվականին Բեռնի կոնվենցիայի մշտական հանձնաժողովը Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարության առջև դրել է կոնկրետ պահանջներ։ Դրանք են․

  • Մինչև արդյունահանման աշխատանքների մեկնարկը՝ Ամուլսարի ծրագրի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատման (ՇՄԱԳ) իրականացում
  • Մինչև Երևանում կայանալիք CBD COP17-ը՝ «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծում՝ որպես կենսաբազմազանության պահպանությանն ուղղված հստակ և վճռական հանձնառության դրսևորում
  • Էմերալդ ցանցի վերաբերյալ խորհրդակցությունների ավարտ և թարմացված տվյալների բազայի ներկայացում, որն արտացոլում է Էմերալդ ցանցի տարածքների վերանայված սահմանները՝ հնարավորություն ընձեռելով կազմակերպելու Բեռնի կոնվենցիայի կենսաաշխարհագրական սեմինար։ Այս քայլը կարևոր է՝ հանքարդյունաբերական ծրագրի՝ Էմերալդ ցանցի համապատասխան թեկնածու տարածքների վրա ազդեցությունը պատշաճ գնահատելու համար։

Ամուլսարի ծրագրի համար նոր ՇՄԱԳ իրականացնելու պահանջին ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ի գործող դրական եզրակացությունը և դրան առնչվող ազգային թույլտվությունները շարունակում են ուժի մեջ մնալ։

Էմերալդ թեկնածու տարածքների ցանցի վերաբերյալ նախարարությունը հայտնել է, որ Հայաստանը վերանայում է Էմերալդ թեկնածու տարածքները Էմերալդ ցանցում ընդգրկելու համար և ընդունում է Բյուրոյի՝ խորհրդակցություններն ավարտելու ու թարմացված տվյալների բազա՝ այդ թվում տարածքների վերանայված սահմանները ներկայացնելու պահանջը։

«Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման վերաբերյալ նախարարությունը հայտնել է. «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման գործընթացն ակտիվ փուլում է»։

Ամուլսարի ծրագիրը լուրջ մտահոգություններ է առաջացնում նաև նախորդ փորձագիտական գնահատումներում արձանագրված խնդիրների առումով։ 2019 թվականի ELARD–TRC  ընկերությունների անկախ ուսումնասիրությունը կասկածի տակ է դրել ծրագրի բնապահպանական գնահատման հուսալիությունը՝ մասնավորապես  թթվային  դրենաժի, ստորերկրյա ջրերի վիճակի, աղտոտիչների տարածման ուղիների, ինչպես նաև Արփա, Որոտան և Դարբ գետերի ու Կեչուտի ջրամբարի վրա հնարավոր ազդեցությունների գնահատումները։

Ծրագրի ծավալները չլուծված այս խնդիրները դարձնում են առավել նշանակալի։ Համաձայն շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության եզրակացության՝ նախատեսվում է արդյունահանել մոտ 89,376,300 տոննա հանքաքար, որը պարունակում է 73,733 կիլոգրամ ոսկի (հանքաքարում ոսկու հայտարարված պարունակությունը՝ 0.78 գ/տ) և 294,367 կիլոգրամ արծաթ (հայտարարված պարունակությունը՝ 9.29 գ/տ)։ Փաստաթղթում նշվում է նաև մակաբացման ապարների 106,490,056 խորանարդ մետր ծավալ։ Միևնույն ժամանակ, ավելի վաղ աղբյուրների համաձայն՝ մակաբացման ապարների ընդհանուր զանգվածը կարող է հասնել 250–300 միլիոն տոննայի։ Ծրագրի ընդհանուր ծավալն ու բնապահպանական ազդեցության շրջանակը հստակեցնելու համար անհրաժեշտ է համադրել և ճշգրտել այս տվյալները։

Կույտային տարրալվացման հարթակը, թթվային  դրենաժը, փոշու արտանետումները, սեյսմիկ վտանգները, ինչպես նաև մակերևութային և ստորերկրյա ջրերի հնարավոր աղտոտումը երկարաժամկետ լուրջ ռիսկեր են։ Ծրագիրը կարող է նաև վնասել պահպանվող վայրի կենդանատեսակները և նրանց կենսամիջավայրերը, խաթարել էկոլոգիական կապակցվածությունը և վտանգել Ջերմուկի առողջարանային տնտեսությունը, որը կախված է տարածաշրջանի բնական միջավայրից և ջրային ռեսուրսներից։

Կառավարության՝ թույլտվությունների տրամադրումից հետո մոնիթորինգ իրականացնելու մոտեցումը չի կարող փոխարինել արդյունահանման մեկնարկից առաջ շրջակա միջավայրի վրա ազդեցության կանխարգելիչ գնահատմանը։ Առանց նոր ՇՄԱԳ-ի, Էմերալդ թեկնածու տարածքների ցանցի գիտականորեն հիմնավորված սահմանների և Ջերմուկի տարածքի արդյունավետ պահպանության՝ Ծրագրի հետևանքները շարունակում են մնալ ոչ բավարար չափով գնահատված։ Դրանք ներառում են շրջակա միջավայրի դեգրադացման, կենսաբազմազանության կորստի, ջրի և հողի՝ ցիանիդով ու թունավոր մետաղներով աղտոտման, հնարավոր ռադիոակտիվ աղտոտման, ինչպես նաև Ջերմուկի առողջարանային ենթակառուցվածքների և առողջարանային զբոսաշրջության ոլորտի վնասման ռիսկերը։

2024 թվականին Հայաստանի կառավարությունը, ըստ հրապարակված տեղեկությունների, նվիրատվության կարգով ստացել է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5 տոկոսը։ Որպես բաժնետեր՝ կառավարությունն այժմ Ծրագրում ունի ուղղակի ֆինանսական շահագրգռվածություն՝ միաժամանակ կրելով հանրային շահի պաշտպանության և շրջակա միջավայրին հասցվող վնասը կանխելու պատասխանատվություն։

Բեռնի կոնվենցիայի պահանջներն անմիջականորեն առնչվում են CBD COP17-ի Կանաչ օրակարգին։ Այս համատեքստում Հայաստանի կառավարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում համապատասխան միջազգային քաղաքականությամբ սահմանված հանձնառությունների կատարման համար, մասնավորապես, Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի թիրախների իրականացման առումով։ Ամուլսարի ծրագիրը վտանգում է ոչ միայն այս Շրջանակի կոնկրետ թիրախները, այլև դրա հիմքում ընկած՝ բնության հետ ներդաշնակ ապրելու տեսլականը։

Ամուլսարի խնդիրը տեղական բնապահպանական հակամարտությունից վերածվել է Հայաստանի բնապահպանական և սոցիալական կառավարման ոլորտի ամենանշանակալի հիմնախնդիրներից մեկի։ Այն սկսվել էր որպես ոսկու հանքի շահագործման ծրագրի դեմ համայնքների դիմադրություն, վերաճել է շարունակական քաղաքացիական անհնազանդության, իրավական և վարչական բողոքարկումների, միջազգային գանգատների, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատությունների և Բեռնի կոնվենցիայի կողմից իրականացվող ուսումնասիրության ու վերահսկողության։

Ուստի կոչ ենք անում Բեռնի կոնվենցիայի Մշտական կոմիտեին՝

  1. Հստակ և միանշանակ ուղերձ հղել Հայաստանի կառավարությանը՝ ընդգծելով, որ Էմերալդ ցանցի պաշտպանությունն ու արդյունավետ կառավարումը, «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումը և բնապահպանական առումով վնասակար գործունեության, այդ թվում՝ հանքարդյունաբերության, դադարեցումը պահպանվող տարածքներում էական նշանակություն ունեն Բեռնի կոնվենցիայով և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համար։
  2. Փոխգործակցել CBD COP17-ի համապատասխան մարմինների հետ՝ Հայաստանի բնական ժառանգության պաշտպանության և Ամուլսարի ծրագրի շուրջ առկա չլուծված հարցերի կարգավորման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները բացահայտելու և իրացնելու նպատակով։
  3. Բեռնի կոնվենցիայի և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին տեղեկացնել Բեռնի կոնվենցիայի պահանջների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշման մասին։ Բեռնի կոնվենցիայի Մշտական կոմիտեի հանձնարարականները պետք է ծառայեն որպես չափանիշ՝ գնահատելու Հայաստանի՝ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված հանձնառությունները և COP17-ի շրջանակում նախատեսված գործողությունները։
  4. Հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպել Բեռնի կոնվենցիայի շրջանակում անկախ փորձագիտական գնահատման առաքելություն՝ տեղում (On-the-Spot Appraisal՝ OSA), Ամուլսարի և Ջերմուկի տարածաշրջաններում առկա իրավիճակը գնահատելու նպատակով։

Բեռնի կոնվենցիան չպետք է միայնակ մնա Հայաստանի կառավարությանը ներկայացված իր պահանջների կատարմանն ուղղված ջանքերում։ COP17-ին մասնակցող միջազգային կազմակերպություններն ու հաստատությունները պետք է անդրադառնան հիմնարար մի խնդրի՝ մեր մոլորակի մնացած բնական տարածքների արդյունավետ պաշտպանությանը։ Հայաստանը նման տարածքներից մեկն է, որտեղ անհետացման վտանգի տակ գտնվող տեսակներն ու խոցելի էկոհամակարգերը պաշտպանության հրատապ կարիք ունեն։

Կոչ ենք անում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությանը, այլ միջազգային կազմակերպություններին և գործընկերներին՝ իրենց համապատասխան մանդատների շրջանակում ձեռնարկել գործնական քայլեր՝ կանխելու հնարավոր ծանր և անդառնալի բնապահպանական վնասը, աջակցելու Բեռնի կոնվենցիայի քարտուղարության աշխատանքին և հորդորելու Հայաստանի կառավարությանը՝ արդյունավետորեն իրականացնել Բեռնի կոնվենցիայի Բյուրոյի հանձնարարականները։ Սա պետք է ներառի շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատման (ՇՄԱԳ) իրականացումը և ընդերքօգտագործման բոլոր թույլտվությունների գործողության կասեցումը՝ մինչև ՇՄԱԳ-ի նոր գործընթացի ավարտը։

-         Հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը չի կատարել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Բեռնի կոնվենցիայի Մշտական կոմիտեի պահանջները,

-         հաշվի առնելով, որ 1992 թվականին Բրազիլիայում կայացած Երկրի գագաթնաժողովում ճանաչվեց ՄԱԿ-ի համակարգի շրջանակում գործող բնապահպանական երեք առանցքային միջազգային համաձայնագրերի՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի միջև համակարգման և համագործակցության անհրաժեշտությունը, և որ դրանց միջև համագործակցությունը դյուրացնելու նպատակով ստեղծվեց համակարգման մեխանիզմ՝ Համատեղ կապերի խումբը (Joint Liaison Group՝ JLG)՝

  • Կոչ ենք անում հրավիրել Համատեղ կապերի խմբի նիստ՝ Բեռնի կոնվենցիայի պահանջների համատեքստում Ամուլսարի ծրագիրը քննարկելու, համապատասխան որոշում ընդունելու, այն Հայաստանի կառավարությանը ներկայացնելու և համապատասխան կոնվենցիաների պաշտոնական կայքերում հրապարակելու նպատակով։

-         Հաշվի առնելով, որ Օրհուսի կոնվենցիան ապահովում է բնապահպանական իրավունքների պաշտպանության և հանրության մասնակցության խթանման արդյունավետ մեխանիզմ՝

  • կոչ ենք անում Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանը աջակցել Բեռնի կոնվենցիայի Մշտական կոմիտեին Ամուլսարի գործի քննության հարցում։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

«Բլեջան» ՀԿ

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

«Բնական տնտեսություն» կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ

«Կանաչ Հայաստան» ՀԿ

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ

«Հաջողակ կին» ՀԿ

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ

«ԱԼՏ» հեռուստաընկերություն

«Հայաստանի անտառներ» ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Դալմա-Սոնա» հիմնադրամ

«Առողջ միջավայր» ՀԿ

CEE Bankwatch Network

Ռոզա Ջուլհակյան, փորձագետ

Անուշ Ներսիսյան, փորձագետ

Հայկ Աբրահամյան, փորձագետ

Հոկտեմբեր 27, 2026 at 23:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր