

Դիլիջան համայնքում էկոտուրիզմի զարգացման հնարավորություններին, մարտահրավերներին և բնության պահպանության հետ դրա համադրմանն անդրադարձավ Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող, «Էկոպոլիսի» ՀԿ֊ի նախագահ Ալբերտ Հարոյանը։
Զբոսաշրջության զարգացումը բնության պահպանության հետ համադրելու անհրաժեշտություն
«Դիլիջանը պարզապես զբոսաշրջային քաղաք չէ։ Այն Հայաստանի կարևոր բնական և մշակութային տարածքներից է՝ անտառային էկոհամակարգերով, ջրային ռեսուրսներով, լանդշաֆտային բազմազանությամբ, հարուստ կենսաբազմազանությամբ և "Դիլիջան" ազգային պարկի հետ անմիջական կապով»,- իր ելույթում ընդգծեց Ալբերտ Հարոյանը։
Նրա խոսքով՝ այս պայմաններում էկոտուրիզմը կարող է դառնալ ո՛չ միայն զբոսաշրջության զարգացման, այլև կենսաբազմազանության պահպանման ֆինանսավորման և համայնքային զարգացման գործիք։
Սակայն դրա համար անհրաժեշտ է փոխել զբոսաշրջության զարգացման նկատմամբ մոտեցումը։
Մարտահրավերներ. երբ զբոսաշրջության աճը մեծացնում է ճնշումը բնության վրա
Ալբերտ Հարոյանը մատնանշեց զբոսաշրջության անկառավարելի աճի հնարավոր հետևանքները։
«Եթե զբոսաշրջության աճը պարզապես նշանակում է ավելի շատ այցելուներ, ավելի շատ ճանապարհներ, ավելի մեծ ենթակառուցվածքներ և ավելի մեծ ճնշում բնական տարածքների վրա, ապա դա այլևս էկոտուրիզմ չէ»,- նշեց նա։
Բանախոսի գնահատմամբ՝ Դիլիջանը չպետք է ձգտի պարզապես զբոսաշրջիկների թվի ավելացմանը։ Անհրաժեշտ է զարգացնել ավելի բարձր արժեք ստեղծող, բնության նկատմամբ պատասխանատու զբոսաշրջություն, որը տնտեսական ավելի մեծ օգուտ կապահովի տեղական համայնքներին։
«Դիլիջանի համար հարցն այն չէ, թե ինչպես ավելի շատ զբոսաշրջիկ բերել, այլ՝ ինչպես զբոսաշրջությունը դարձնել կենսաբազմազանության պահպանության, համայնքային եկամուտների և բնության վերականգնման ֆինանսավորման գործիք»,- ընդգծեց Ալբերտ Հարոյանը։
Զբոսաշրջության զարգացման երեք առաջնահերթություն
Ալբերտ Հարոյանի առաջարկած մոտեցման հիմքում երեք ուղղություն է՝ բնության և կենսաբազմազանության պահպանություն ու վերականգնում, կլիմայական դիմակայունություն և բնահեն լուծումներ, ինչպես նաև՝ տեղի համայնքների տնտեսական ու սոցիալական մասնակցություն։
Նա ընդգծեց, որ Դիլիջանի համար անհրաժեշտ է մշակել կենսաբազմազանության վրա հիմնված էկոտուրիզմի զարգացման գործողությունների ծրագիր։ Դրանով զբոսաշրջային երթուղիները, ենթակառուցվածքներն ու ներդրումները պետք է կապվեն բնության պահպանության առաջնահերթությունների հետ։
Երկրորդ ուղղությունը բնահեն լուծումների ներդրումն է։ Որպես օրինակներ՝ բանախոսը ներկայացրեց արահետների ջրահեռացման և էրոզիայի կառավարման բնական մեթոդները, փոքր ջրային համակարգերի ու աղբյուրների վերականգնումը, կանաչ միջանցքների ստեղծումը, անձրևաջրերի բնական կառավարման համակարգերը և տեղական բուսատեսակների օգտագործումը։
Նա կարևորեց նաև անտառային հրդեհների կանխարգելման և կլիմայական դիմակայունության միջոցառումները։
«Այսպիսի ենթակառուցվածքը միաժամանակ ծառայում է և՛ զբոսաշրջիկին, և՛ համայնքին, և՛ կենսաբազմազանությանը»,- նշեց Հարոյանը։
Երրորդ ուղղությունը համայնքի դերի փոփոխությունն է։ Ըստ բանախոսի՝ տեղական բնակիչը չպետք է լինի միայն զբոսաշրջային ծառայության աշխատակից, այլ պետք է դառնա էկոտուրիզմի արժեքային շղթայի սեփականատեր և շահառու։
Դա հնարավոր է գյուղական հյուրատների, տեղական սննդի, էկոգիդերի, բնության դիտարկման, արհեստների, ագրոտուրիզմի և բնության վրա հիմնված այլ ծառայությունների զարգացման միջոցով։
Կանաչ ներդրումներ. բնության պահպանության ֆինանսավորման նոր հնարավորություններ
Ալբերտ Հարոյանն առաջարկեց ձևավորել Դիլիջանի կանաչ ներդրումային պորտֆել, որում առանձին նախագծերով կներկայացվեն արահետների և այցելուների կառավարման համակարգերը, բնահեն ենթակառուցվածքները, ջրային և անտառային էկոհամակարգերի վերականգնումը, համայնքային էկոտուրիզմի բիզնեսները, թափոնների կառավարումն ու թվային բնապահպանական մոնիթորինգը։
Նրա խոսքով՝ այս ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է համադրել ֆինանսավորման տարբեր աղբյուրներ՝ դրամաշնորհներ, զարգացման բանկերի արտոնյալ ֆինանսավորում, համայնքային և պետական համաֆինանսավորում, մասնավոր ներդրումներ, ESG (environmental, social, govenence) ֆինանսավորում և համակցված ֆինանսավորման (blended finance) մեխանիզմներ։
Բանախոսն այս մոտեցումը կապեց Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 19-րդ թիրախի հետ, որը նախատեսում է մինչև 2030 թվականը էականորեն ավելացնել կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորումը՝ ներգրավելով պետական, միջազգային և մասնավոր ֆինանսական ռեսուրսներ։
Ալբերտ Հարոյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի 2026–2030 թվականների կենսաբազմազանության պահպանության ազգային նպատակներն ու գործողությունների ծրագիրը հիմք են ստեղծում նման նախաձեռնությունների իրականացման համար։ Դիլիջանի էկոտուրիզմի ծրագիրը կարող է նպաստել էկոհամակարգերի վերականգնմանը, պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացմանը, ջրային էկոհամակարգերի պահպանությանը, անտառների կլիմայական դիմակայունության ամրապնդմանը և համայնքների մասնակցության ընդլայնմանը։
Դիլիջանը՝ որպես Հայաստանի համար ցուցադրական մոդել
Ալբերտ Հարոյանի համոզմամբ՝ Դիլիջանը կարող է դառնալ ո՛չ միայն տեղական զբոսաշրջային նախաձեռնության, այլև Հայաստանի համար ցուցադրական մոդելի օրինակ, որտեղ մեկ տարածքում համադրվում են կենսաբազմազանության պահպանությունը, բնահեն լուծումները, կլիմայական դիմակայունությունը, համայնքային զարգացումն ու կանաչ ներդրումները։
Իր ելույթում նա միջազգային գործընկերներին կոչ արեց աջակցել Դիլիջանի բնության պահպանության և էկոտուրիզմի զարգացման ծրագրերին՝ ֆինանսավորմամբ, տեխնիկական աջակցությամբ, գիտելիքի փոխանցմամբ, կարողությունների զարգացմամբ և երկարաժամկետ ներդրումային գործընկերությամբ։
Ալբերտ Հարոյանի ներկայացրած տեսլականի հիմքում այն գաղափարն է, որ ճիշտ պլանավորված էկոտուրիզմը կարող է միաժամանակ պաշտպանել կենսաբազմազանությունը, եկամուտներ ստեղծել համայնքների համար և ներդրումներ ուղղել բնության վերականգնմանը։
«Եկե՛ք Դիլիջանում ցույց տանք, որ բնությունը կարող է լինել ոչ թե զարգացման սահմանափակում, այլ զարգացման կապիտալ»,- ելույթը եզրափակեց բանախոսը:Հոկտեմբեր 30, 2026 at 22:49
