

Հայաստանը պաշտոնապես հայտարարել է 2029 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 34-րդ համաժողովը (COP34) ընդունելու պատրաստակամության մասին։ Այս նախաձեռնությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է ընթացիկ COP31 գագաթնաժողովի շրջանակում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Որպես խոշոր միջազգային միջոցառումներ ընդունելու կարևոր նախադրյալ՝ նախարարն առանձնացրել է ս/թ․ հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի (CBD COP17) արդյունքները, ինչպես նաև` բազմակողմ բանակցությունների կազմակերպման գործում Հայաստանի հաջողված փորձը։
Նախարարի գնահատմամբ՝ COP34-ի հյուրընկալումը Հայաստանի համար ո'չ միայն պատասխանատվություն է, այլև գլոբալ կլիմայական գործողություններին նպաստելու բացառիկ հնարավորություն։ Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել լեռնային էկոհամակարգեր ունեցող երկրների խոցելիությանն ու հարմարվողականության խիստ անհրաժեշտությանը։ Կարևորվել է նաև կլիմայի փոփոխության մեղմման և կլիմայական ֆինանսավորման հարցերով ստանձնած միջազգային հանձնառությունների` ժամանակին և արդյունավետ իրականացումը։
Անդրադառնալով թեկնածության հաստատման հետագա գործընթացներին՝ Համբարձում Մաթևոսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ բաց և կառուցողական համագործակցություն ծավալել Արևելաեվրոպական խմբի անդամ երկրների և Կոնվենցիայի քարտուղարության հետ։
Նոյեմբեր 17, 2026 at 16:43
