Մագելի քարանձավի բարեկարգման ծրագրով զբոսասաշրջության նպատակով քարանձավում ակնկալվում է լուսավորություն եւ լուսային երաժշտություն

Մագելի քարանձավի բարեկարգման ծրագրով  զբոսասաշրջության նպատակով քարանձավում ակնկալվում է լուսավորություն եւ լուսային երաժշտություն

ԷկոԼուր

Մագելի քարանձավում ակտիվ զբոսաշրջության անթույլատրելիության մասին «ԷկոԼուր»-ի ահազանգը միանշանակ չի ընդունվել: Արդեն մի քանի ամիս է, որ գիտնականները եւ էկոլոգները ահազանգում են, որ Վայոց Ձորի մարզի Մագելի քարանձավը, որտեղ ապրում է  չղջիկների 8 տեսակ, չպետք է օգտագործվի ակտիվ զբոսաշրջության համար, որը ուղեկցվելու է էքսկուրսային խմբերի քարանձավում շրջելով:  

Բացի այդ, քարանձավում անթույլատրելի է որեւէ վերակառուցում եւ շինարարություն, կամ այլ վերանորոգման աշխատանք, որոնք ուղեկցվում են աղմուկով, լույսով, քանի որ դա կարող է էական վնաս հասցնել այդտեղ բնադրվող չղջիկների գաղութին: Ի պատասխան օգոստոսի 17-ի «ԷկոԼուր»-ի հրապարակային հայտարարության` ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի եւ տարածքային –տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը հայտարարեց, որ պետք է օգտագործել զբոսաշրջային օբյեկտները, այդ թվում եւ քարանձավները, իսկ Մագելի քարանձավը լավ օրինակ է, քանի որ զբոսասաշրջության նպատակով Մագելի քարանձավի բարեկարգման ծրագիրը բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն է ստացել:  Դա, Ապրեսյանի համոզմամբ, վկայությունն է նրա, որ քարանձավի էկոհամակարգը, այսինքն չղջիկների գաղութի կյանքը չի խախտվի:

Հետո «ԷկոԼուր»-ի կայքում հայտնվեց մեկնաբանություն, որտեղ ասվում է, որ հայտարարությունն այն մասին, որ քարանձավի մուտքը բաց է լինելու եւ լուսավորություն է անցկացվելու, իրականությանը չի համապատասխանում: Հեղինակը «ԷկոԼուր»-ին խորհուրդ է տալիս սկզբում ստուգել տեղեկատվությունը, եւ հետո միայն հայտարարություն անել:

Ի պատասխան «ԷկոԼուր»-ը մեջբերում է կատարում «Ինկար» ընկերության «Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Մագելի քարանձավի բարեկարգման ծրագրից», որը 2011թ. ներկայացվել է բնապահպանական փորձաքննության: Ծրագրի «Էքսկուրսիոն երթուղու կազմակերպումը» բաժնում նշված է. «Երթուղու երկարությունը կազմում է 2060մ, անցնելու ժամանակահատվածը` 35 րոպե...Մի քանի կետերում դրանք կուղեկցվեն հատուկ լուսավորությունով եւ լուսային երաժշտությունով...»:

Տվյալ ծրագրի առաջին հասարակական լսումները տեղի են ունեցել 2011թ. փետրվարի 2-ին` Արենի գյուղում: Մասնագետները` ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Մամիկոն Ղասաբյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի թանգարանի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Էդուարդ Յավրույանը, բացասական կարծիք են հայտնել ծրագրի մասին, եւ դրել են Մագելի քարանձավի չղջիկների յուրահատուկ գաղութի պահպանման հարցը, որոնցից 6 տեսակը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Ծրագիրը հավանություն չի ստացել, ինչն արտացոլված է հասարակական լսումների արձանագրության մեջ: Երկրորդ լսումների մասին Բնապահպանության նախարարությունը չի հայտարարել: Այն տեղի է ունեցել փաստացիորեն փակ պայմաններում` առանց շահագրգիռ հասարակայնության մասնակցության, եւ հետո պարզվեց, որ բնապահպանական փորձաքննությունը ծրագրին դրական եզրակացություն է տվել:

Օգոստոս 22, 2011 at 12:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր