ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ՝ 2400 ԴՐԱՄ

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ՝ 2400 ԴՐԱՄ

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»

Գիշերը Երեւանի բակերում կրակոցներ են լսվում: Դրանք ավազակային բախումներ չեն: Կրակում են պաշտոնապես վարձված աշխատողներ, ովքեր կոչված են մաքրելու մեր երկիրը շներից եւ կատուներից: 2009թ. կրակելով սպանել են 20460 կենդանի: Հունիսի 29-ին Երեւանի Օրհուս կենտրոնում ինչ անել թափառող կենդանիներին հարցին նվիրված կլոր սեղան էր կազմակերպվել: Քննարկմանը հրավիրել էր «Փրկեք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը ստեղծել է առաջին եւ դեռեւս միակ ապաստանը թափառող շների համար:

Կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը բոլորին կոչ արեց մարդկային վերաբերմունք ցուցաբերել կենդանիների նկատմամբ: Նրա խոսքերով՝ կազմակերպությունը պատրաստ է կամավորական սկզբունքներով մասնակցել անտուն կենդանիներին վերաբերող միջոցառումներին, այդ թվում նաեւ կատարել նրանց ստերիլիզացումը: Քաղաքապետարանին ուղղված կազմակերպության դիմումը դեռ արդյունք չի տվել: Քաղաքապետարանը չի ցանկանում այս գործընթացի մեջ ներգրավել «կոմնակի անձանց», ինչի մասին վկայում է այն փաստը, որ արդեն 8 տարի միեւնույն ընկերությունը՝ «Յունիգրաֆ» ԲԲԸ-ն, շահում է թափառող կենդանիների նկատմամբ բոլոր գործողությունների իրականացման մրցույթը: 

Ինչպես պարզ դարձավ քաղաքապետարանի ներկայացուցիչ Կարեն Միքայելյանի ելույթից, քաղաքապետարանը որեւէ հաստատված ռազմավարություն այս ուղղությամբ չունի: Որոշելու իրավունքը, թե ինչ պետք է արվի թափառող կենդանիների հետ, քաղաքապետարանը վերցրել է իր վրա: Շներից քաղաքի մաքրման ողջ գործընթացն այն է, որ քաղաքացիների ահազանգով ժամանում է խումբը, որի մեջ մտնում է հատուկ մեքենայի վարորդը եւ «հրաձիգը»: «Յունիգրաֆ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Լիլիթ Գրիգորյանի խոսքերով՝ կենդանիներին տանում են ընդունման կետ: Ստուգումից հետո որոշում են, թե ուր պետք է ուղարկեն: Եթե կենդանին առողջ է, ապա նրան ստերիլիզացնում են, իսկ եթե հիվանդ կամ ագրեսիվ, նրան կրակում են հատուկ վայրում՝ Նուբարաշենի աղբանոցի մոտ: Դիակների վրա լցնում են հատուկ հակավարակային հեղուկ եւ թաղում են:

Կլոր սեղանի շատ մասնակիցներ կասկածի ենթարկեցին այս տեղեկությունը: Նախ եւ առաջ, որոշված չէ ստերիլիզացման ենթարկված եւ սպանված կենդանիների քվոտան: Միեւնույն ժամանակ, այդ գործընթացների արժեքը չափազանց մեծ է: Եթե կրակելն արժե 2400 դրամ, ապա որձի ստերիլիզացումը՝ 8800, իսկ էգի ստերիլզացումը՝ 11500 դրամ: Պնդումներն այն մասին, թե բռնած կենդանիներից 5247-ը ստերիլիզացված է, դժվար է ստուգել, քանի որ կենդանիները ստերիլիզացման վայրում չեն մնում, նրանց ազատ են արձակում:  Հետո շատ մասնակիցներ դեպքեր հիշեցին, երբ ականատես են եղել գիշերային ժամերին բակերում շներին կրակելուն:

Երեւանում թափառող կենդանիների աճող քանակը պատահական չէ: Հիմնական պատճառը աղբամաններն են, որոնցից օրերով աղբը չեն տանում, եւ կենդանիներն ազատ մուտք ունեն դեպի դրանք: Այս խնդիրը Երեւանի քաղաքապետարանը չի լուծում: Այդպիսով, խնդիրը ոչ միայն սրվում է, այլ նաեւ նոր ասպեկտներ է ձեռք բերում, այնպիսիք, ինչպիսիք են թափառող կենդանիների քանակի ավելացումն իրենից բխող բոլոր հետեւանքներով՝ առողջության նկատմամբ ռիսկեր, բարոյական եւ հոգեբանական անառողջ իրավիճակ եւ այլն:

Վիճակագրությունը վկայում է, որ վերջին տարում պոլիկլինիկաներում  գրանցվել է 766 դիմում՝ շան կծելու վերաբերյալ: Ինչպես նաեւ գրանցված է կատաղություն հիվանդության երկու դեպք: Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ անցկացնում է բացատրական աշխատանքներ եւ զգուշացնում է կծելու դեպքում պատվաստման անհրաժեշտության մասին: Սակայն թափառող կենդանիների խնդիրը դա չի լուծում: 

Բայց եթե չլուծվի այդ հիմնական խնդիրը, ապա նույնիսկ կրակոցները չեն օգնի: Այս տեսանկյունից Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը ներկաների  ուշադրությունը հրավիրեց շներին անմտորեն ոչնչացնելու վտանգի վրա: «Բնության օրենքները նույնն են ե՛ւ տնային, ե՛ւ վայրի կենդանիների համար: Եթե ոչնչացնեն մի տեսակը, ապա նրա տեղը կգրավի ուրիշ տեսակ: Մեր դեպքում եթե չլուծենք աղբի խնդիրը եւ ոչնչացնենք շներին, ապա նրանց տեղը կզբաղեցնեն առնետները»,- կարծում է Մանվելյանը:

Կա եվս մեկ բարդություն, այն որ Հայաստանը չունի այդ հարցերը կարգավորող ո՛չ համապատասխան օրենսդրություն,  ո՛չ փորձ:

Կլոր սեղանի եզրակացությունն է առաջարկել միջոցառումների կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագիր, ինչպես օրինակ թափառող շների ընդունման քաղաքային կենտրոն ստեղծել, առանձին կազմակերպությունների համար ստերիլիզացման եւ ոչնչացման առանձին մրցույթներ կազմակերպել, նախաձեռնել «Տնային կենդանիների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիային միանալու գործընթաց:

Օգոստոս 10, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր