ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ ՊԵՏԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԾՐԱԳԻՐԸ

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Արմավիրի Եղեգնուտ, Արազափ եւ Ջրառատ համայնքներում ավարտվել է «Որդան կարմիր պետարգելավայրի տարածքի սահմանների նկարագիրն ու հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» ծրագիրը: Այն իրականացրել է «Անտառային գիտափորձարարական կենտրոն» «Հողաչափ» ՍՊ ընկերությունը նշված համայնքների շուրջ 220 հա հողերում, որտեղ աճում է «որդանխոտ» տեսակի հացազգին, որի շնորհիվ դեռեւս պահպանվում է «Արարատյան որդան կարմիր» էնդեմիկ անհետացող միջատը:
  
Ինչպես «Արմենպրես»-ին ասաց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառուսուրսների կառավարման գործակալության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, առաջիկայում տարածքում կգործի նաեւ պետական հիմնարկ, որտեղ ընդգրկված ՀՀ ԳԱԱ կենդանաբանության, բուսաբանության ինստիտուտների աշխատակիցները դիտարկելով եւ զարգացնելով արգելավայրի էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համակարգերն ու կենսառեսուրսները, կհոգան նաեւ դրանց պահպանության, վերարտադրության եւ հետագա օգտագործման հարցերը:

Նշենք, որ «Արարատյան որդան կարմիրը» էնդեմիկ միջատ է, որը գրեթե երեք հազարամյակ հայկական լեռնաշխարհում օգտագործվել է կարմիր ներականյութի ստացման համար: Այդ ներկն ունի բարձր կայունություն (չի գունաթափվում մի քանի հազարամյակ), անվտանգ է, կարող է կիրառվել սննդի, կոսմետիկայի եւ արդյունաբերության մեջ: Որդան կարմիրից ստացվող պատրաստուկները բժշկության մեջ կարող են օգտագործվել որպես հակաբորբոքային, հակաբեղմնավորիչ եւ ջերմություն իջեցնող դեղամիջոցներ: Որդան կարմիրը, որը գրանցված է «ՀՀ Կարմիր գրքում», Արարատյան դաշտի աղուտների յուրացման հետեւանքով հայտնվել էր լրիվ ոչնչացման վտանգի առջեւ: Ըստ Ա.Աղասյանի` տարածքի վերահսկողությունն ու կառավարումը կիրականացնի «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը:

Հոկտեմբեր 09, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր