Այրվում է Լոռու մարզը (Լուսանկարներ)

Այրվում է Լոռու մարզը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Այրվում է Լոռու մարզը: Վանաձորի բնակիչ Ռաֆայել Մովսիսյանի կողմից ԷկոԼուրին ուղարկված լուսանկարներում պատկերված են Օձուն գյուղի մոտ այրված Դեբեդի կիրճի լանջերը, Բազումի լեռնաշղթայի հարավային լեռնաճյուղերի խանձված բուսականությունը: Այրվել են ՄԱԿ-ի (UNWFP) ծրագրով տնկված ծառերի շիվերը: Լուսանկարներում նաեւ ներկայացված է կովկասյան մրտավարդը: Կովկասյան մրտավարդի մարգերը կրակով ոչնչացված են Հալաբի լեռնաշղթայի լեռնաճյուղերում: Այժմ նրանց տեղում աճում են մոլաբույսեր:

Ռաֆայել Մովսիսյանը գրում է. «Վանաձորը գտնվում է 3 լեռնաշղթաների շրջապատում: Խորհրդային տարիներին տարվա չոր եղանակին այրվում էին միայն Բազումի լեռնաշղթայի լանջերը: Լանդշաֆտների հրդեհները տեղի են ունեցել մշտական հաճախականությամբ: Այժմ չոր եղանակին այրվում են Բազումի, Փամբակի, Հալաբի լեռները ամբողջ մարզով մեկ: Օրական հրդեհները հարյուրավոր հեկտարների բուսականություն են ոչնչացնում: Կարճ ժամանակահատվածում լանդշաֆտները վերածվում են մոխրի: Ջերմային հարվածից մեծ ծառերը չորանում են: Հրդեհները նաեւ սկսել են ոչնչացնել հենց Վանաձորի դեկորատիվ թփերն ու ծառերը: Թփերը տնկված են ռուսական եկեղեցու կողքին` «Արցախ» պուրակում, «Վեգա» խանութի մոտակայքում եւ քաղաքի այլ հատվածներում:  Այս ամենը չնկատելով` քաղաքի եւ մարզի իշխանություններն ամեն տարի ծառատունկի ցուցադրական շաբաթօրյակներ են կազմակերպում: Սակայն բույսերի հետագա ճակատագիրը ոչ մեկի չի հետաքրքրում…»:

Մենք ահազանգն ուղղում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, «Հայանտառ» ՊՈԱԿ եւ ՀՀ բնապահպանության նախարարություն եւ հարցնում`

  1. որքանո՞վ են կրճատվել անտառածածկ տարածքները, ինչպես նաեւ Երեւանի, Վանաձորի, Գյումրիի, Կապանի, Գորիսի, Մեղրիի եւ այլ քաղաքների կանաչ գոտիները, որտեղ հրդեհներ են լինում
  2. որքա՞ն է կազմել պատճառված վնասը
  3. պարզվե՞լ են հրդեհների պատճառները:

 Լուսանկարները` Ռաֆայել Մովսիսյանի

Հունիս 04, 2013 at 10:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր