

ԷկոԼուր
Հայտնի է Հայաստանի «Տարվա թռչուն 2014»-ի անունը: Որպես 2014 թվականը խորհրդանշող թռչնատեսակ ընտրվել է Հոպոպը:
«Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը» «Տարվա թռչուն» կրթական ծրագրի բաց քվեարկությունը հայտարարել էր դեռ 2013թ. հոկտեմբերին:
Այս նախաձեռնության նպատակն է ընտրել տվյալ տարին խորհրդանշող թռչնատեսակը և սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին: Ծրագիրն անցկացվում է սկսած 2009թ-ից:
Ինչպես նշված է «Հայաստանի Թռչունների Պահպանման Միության» ԷկոԼուրին ուղարկած տեղեկատվության մեջ, «Տարվա Թռչուն 2014»-ի թեկնածու թռչուններն էին` Սև անգղը, Հոպոպը, Ամուրիկը, Սովորական կիվիվը, Սովորական հողմավար բազեն, Երկնագույն ալկիոնը, Սև ագռավը, Եվրոպական բվիկը, Սև կեռնեխը և Կարմրակտուց սուզաբադը: Հարցմանը մասնակցել է 1592 հոգի Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: 313 ձայնով հաղթող է ճանաչվել Հոպոպը:
Հոպոպը գրեթե տատրակի մեծության, վառ գույնի թռչուն է, երկար, նեղ կտուցով և փուփուլանման կատարով, որը երբեմն բացվում է հովհարի պես։ Զանգվածը`68-72 գր, թևերի բացվածքը` 42-49 սմ։ Կտուցը բարակ է, երկար, դեպի ցած ծռված։ Գլխին ունի լավ զարգացած հովհարաձև փուփուլ։ Գունավորումը շիկակարմրավուն է՝
սև և սպիտակ շերտերով Հոպոպը լայնորեն տարածված է Եվրոպայի և Ասիայի հարավային ու կենտրոնական շրջաններում: Սովորաբար նախընտրում է բնակվել նոսր թփերով կամ ծառերով պատված բաց տարածությունների վրա, ինչպես օրինակ մարգագետինները կամ արոտավայրերն են, սակայն մեծ քանակությամբ տարածված է նաև այգիներում, պուրակներում, մրգատու այգիներում։ Հոպոպը վերադառնում է Հայաստան մարտ- ապրիլ ամիսներին:
Մանրամասները կարդացեք այստեղ:
Հունվար 15, 2014 at 17:49
