

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մարտի 7-ին ընդունել է տասնվեց ապօրինի գործող ձկնաբուծական տնտեսությունների ղեկավարներին։ Ապօրինի գործող այդ ձկնաբուծարանները հայտնաբերվել էին փետրվարի 20-ին նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից Հրազդան-Արաքսյան ջրանցքի Երասխավանի հին ձախակողմյան ճյուղավորման հոսքը թեստային նպատակներով մի քանի ժամով անջատելու արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, նախարարությունը տնտեսվարողներին հնարավորություն է ընձեռել արագացված և պարզեցված ընթացակարգով ջրօգտագործումը բերել օրինական դաշտ և ձևակերպել մակերևութային ջրերի օգտագործման թույլտվություններ: Նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը տեղում ձկնաբույծներին ծանոթացրել է ջրօգտագործման թույլտվություն ստանալու կարգին և պահանջվող փաստաթղթերին: Պատասխանելով ձկնաբույծներին հուզող հարցերին՝ Արամ Հարությունյանը շեշտել է, որ նախարարությունը բոլոր հնարավոր միջոցներով ընդառաջելու է ոչ խորքային ջրային պաշարներից օգտվող տնտեսվարողներին, հատկապես ջրանցքի այդ հատվածում գործունեություն ծավալողներին, քանի որ վերոհիշյալ ճյուղից անհամեմատ մեծ քանակությամբ ջուր է առանց օգտագործման թափվում Արաքս գետ:
Ձկնաբույծների համար կազմակերպվել է նաեւ խորհրդատվական-ճանաչողական հանդիպում ոլորտի մասնագետների հետ:
Մարտ 08, 2014 at 12:35
