Սակավաջրության արդյունքում Հայաստանի թռչնաշխարհի ավելի քան 60 տոկոսը կկանգնի անհետացման եզրին (Լուսանկարներ)

Սակավաջրության արդյունքում Հայաստանի թռչնաշխարհի ավելի քան 60 տոկոսը կկանգնի անհետացման եզրին (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Հոկտեմբերի 5-ին ՀՀ Արարատի մարզի Արմաշի ձկնաբուծական լճերի տարածքում «Հայաստանի թռչունների պահպանման միության» կողմից անցկացվեց հայաստանյան Եվրոթռչնադիտարկումը: Միջոցառման մասնակիցների թվում էին նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:

«Եվրոթռչնադիտարկումը Հայաստանում իրականացվում է 2005թ-ից: Նպատակը՝ տեղեկացնել մարդկանց միգրացիայի, այն արգելքների և վտանգների մասին, որոնց թռչունները հանդիպում են իրենց չուի ժամանակ: Միգրացիայի ժամանակ թռչունների միայն 50 տոկոսն է հասնում թիրախային կետերին, որովհետև իրենք գտնվում են վտանգի տակ: Կերակրման, ձմեռման, ինչպես նաև չուի ժամանակ տարբեր կանգ առնելու վայրերում տեղի են ունենում շատ խիստ զանգվածային կենսամիջավայրային փոփոխություններ, և շատ ժամանակ այդ փոփոխություններն անդառնալի են լինում», - ասաց «Հայաստանի թռչունների պահպանման միության» համահիմնադիր Լյուբա Բալյանը:

«Արմաշը Կովկասի թռչնաբանական կարևորություն ունեցող ամենահարուստ կետերից է, և Հայաստանում, երևի թե միակ վայրն է, որտեղ կարելի է տեսնել թռչունների ամենամեծ բազմազանությունը: Հայաստանում ունենք գրանցված 360 տեսակի թռչուններ: Մոտ 220 տեսակը՝ մեր թռչնաֆաունայի ավելի քան 60 տոկոսը, գրանցվել է Արմաշի ձկնաբուծական լճերում»,- ասաց Լյուբա Բալյանը:

Նրա խոսքով՝ Արմաշի տնտեսությունը հատկանշական է նրանով, որ այստեղ ստեղծվում է շատ հետաքրքիր և հազվագյուտ կենսամիջավայր Հայաստանի գրեթե բոլոր թռչնատեսակների համար: Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում սակավաջրության պատճառով Արմաշի լճերը կանգնել են լուրջ վտանգի առջև: 

«Արմաշում այսօր շատ լճեր չորացվում են և օգտագործվում են որպես գյուղատնտեսական հանդակներ: Եթե այդ տենդենցը շարունակվի, մեր թռչնաշխարհի ավելի քան 60 տոկոսը կկանգնի անհետացման եզրին», - ահազանգեց Լյուբա Բալյանը:

Արմաշի ձկնաբուծական լճերի գործադիր տնօրեն Արտաշես Թադևոսյանը նշեց, որ ջուրը պակասել է գյուղատնտեսական նպատակով հողերի տարեցտարի ավելացման արդյունքում: Խնդրի լուծման վերաբերյալ իրենք դիմել են տարբեր կազմակերպությունների: Արտաշես Թադևոսյանի խոսքով` իրենց աջակցելու պատրաստակամություն է հայտնել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը:

«Իր առաջարկությամբ տարբեր ծրագրեր ենք քննարկել, մեր ծրագրերն ենք առաջարկել: Տարբերակներ կան այլ ջրագծեր քաշելու, այլ ջրեր օգտագործելու, լրացուցիչ ջրեր բերելու: Հիմա դեռ քննարկում ենք», - ասաց Արտաշես Թադևոսյանը՝ նշելով, որ եթե ջրերը մի քիչ էլ պակասեն, իրենք ստիպված պետք է ձկնաբուծությունից անցնեն գյուղատնտեսության:

Ջոն Հեֆերնն իր հերթին կարևորեց Արմաշի նշանակությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ Կովկասի համար:

«Տարվա տարբեր սեզոններին այստեղ հանդիպում ես տարբեր թռչնատեսակների: Այս թռչունները ջրի կարիք ունեն: USAID-ին և ԱՄՆ դեսպանատունը, տրամադրելով մասնագետներ և ինժեներներ, սերտ աշխատում են բնապահպանության նախարարության հետ՝ լուծելու այն խնդիրը, որն առկա է հիմա Արմաշում», - նշեց Ջոն Հեֆերնը:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը խնդրի վերաբերյալ ասաց. «Ինձ պատմեցին՝ ինչ սխեմայով է ջուրը հասնում Արմաշի լճերին, և ես տեսա, որ մենք այնտեղ ակնհայտ վիրպումներ ունենք: Այդ հարցերը պետք է շտկենք: Ես խնդրում եմ, որ ոչ թե ձկնային տնտեսության ղեկավարությունը դիմի նախարարությանը, այլ բնապահպանները լուրջ նամակ պատրաստեն բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի անունով՝ հիմնավորելով Արմաշի լճերի հենց կենսաբազմազանության պահպանության կարևոր դերը և նշելով հիմնական խնդիրները՝ ինչ է պետք անել, որպեսզի մենք կարողանանք կենսաբազմազանությունը` մասնավորապես թռչունների պահպանությունը, այստեղ ապահովել: Ես էլ խոստանում եմ, որ ձեր կողմից նշված խնդիրները մենք աստիճանաբար կլուծենք»: 



Հոկտեմբեր 06, 2014 at 17:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր