

ԷկոԼուր
«Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամի կողմից վարձակալված հողատարածքներում իրականացվող գործունեության եւ հսկողության վերաբերյալ ԷկոԼուրը ներկայացնում է բոլոր շահագրգիռ կողմերի պաշտոնական հայտարարությունները:
Համահայկական բնապահպանական ճակատի հարցում ՀՀ բնապահպանության նախարարությանը.
«Երևան-Գառնի ավտոճանապարհի, 2-5 կմ մինչև Գառնի հասնելը, այդ ճանապարհի և Ազատի ջրամբարի միջև ընկած հատվածում մի քանի տեղ տեղադրված են ցուցանակներ, որոնց վրա հետևյալ գրությունն է․ Տարածքը հսկվում է «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի կողմից։ Որսը խստիվ արգելվում է»։ Քանի որ խոսք է գնում ինչ որ տարածքի կենդանական աշխարհի պահպանության մասին, ապա դա կարելի է իրականացնել միայն որոշակի թույլտվություններ ունենալու դեպքում։
Խնդրում ենք պատասխանել հարցերին և տրամադրել մեզ հետևյալ տեղեկատվությունը․
1․ Ունի արդյո՞ք «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամը ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով սահմանված բոլոր թույլտվություններն այդ գործունեությունն իրականացնելու համար։ Եթե այո, ապա տրամադրել մեզ դրանց պատճենները։
2․ Վերոնշյալ հիմնադրամի ու բնապահպանության նախարարության միջև կնքված բոլոր պայմանգրերի և այլ փաստաթղթերի պատճենները։
3․ Հիմնադրամի կողմից բնապահպանության նախարարությանը ներկայացված բոլոր հաշվետվությունների պատճենները»։
ՀՀ բնապահպանության նախարարության պատասխան.
«ՀՀ բնապահպանության նախարարության ր «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամի միջեւ 2015թ-ի հոկտեմբերի 6-ին կնքվել է «Կենդանական եւ բուսական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության» մասին համար 004 պայմանագիրը:
Վարձակալված տարածքների պահպանությունն իրականացվում է տվյալ տարածքը տիրապետողի և օգտագործողի կողմից, ինչի համար ՀՀ բնապահպանության նախարարության թույլտվության անհրաժեշտություն չկա:
«Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամի հետ կնքված պայմանագրով նախատեսված չէ բնապահպանության նախարարությանը հաշվետվություններ ներկայացնել»:
![]() |
![]() |
![]() |
«Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամի պաշտոնական հայտարարություն. «Հիմնադրամն իրականացնում է Ազատ գետի ավազանի որոշակի տարածքի կենդանական աշխարհի պահպանությունը: Հիմնադրամը մինչ օրս որևէ ծառատունկ չի իրականացրել: Հիմնադրամը, Գառնու գյուղապետարանը և «Երևան Ջուր» ՓԲԸ-ն կնքել են պայմանագիր Գառնի համայնքի տարածքում գտնվող 1 (մեկ) հա հողատարածքի վարձակալության վերաբերյալ, որը դառնալու է հանգստի անվճար վայր բոլորի համար (տարածքը հայտնի է «Ուռու գոտի» անունով): Այս պահին այդ տարածքը մաքրվում և բարեկարգվում է «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի կողմից: Հիմնադրամում աշխատում են 7 բնապահպաններ, որոնք բոլորն էլ ծնունդով գառնեցիներ են»:
Շահառու համայնքների համայնքապետեր
Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը Էկոլուրին տեղեկացրել է, որ հիմնադրամի հսկողության տակ է Գառնու մոտ 350-400 հեկտար տարածք: Կան համայնքային և ֆիզիկական անձանց պատկանող տարածքներ, սակայն որևէ փաստաթղթային համաձայնություն իրենք հիմնադրամի հետ չունեն:
Լանջազատի համայնքապետ Հրայր Հակոբջանյանի խոսքով՝ հիմնադրամը համայնքի տարածքում ունի և վարձակալած, և գնած հողեր: «Համայնքային հողեր են, արոտավայրեր, սարեր, մշակովի հողեր չեն, զառիթափ տեղեր են, հնարավոր չի օգտագործել գյուղատնտեսական նպատակներով կամ այգիներ տնկել: Այդտեղ հիմնականում վայրի կենդանիներ են բնակվում», - ասաց Հրայր Հակոբջանյանը:
Հացավանի համայնքապետ Շավարշ Սարգսյանը ԷկոԼուրին հայտնեց, որ 2015 թ-ի հունիս-հուլիս ամիսներին հիմնադրամը վարձակալել է 10 հեկտար համայնքային հողատարածք, սակայն հետագայում հրաժարվել է այդ հողերից: «Մոտ 3 ամիս առաջ հիմնադրամը հրաժարվել է այդ հողերից: Այժմ ինքը մեր տարածքում ոչ մի տեսակ հող չունի վարձակալած», - նշեց Հացավանի համայքնապետը:
Հունիս 01, 2016 at 18:44



