Սեյրան Մինասյան` փոքր ՀԷԿ-երի պատճառով փոխվում է գետային համակարգի հիդրոմորֆոլոգիան եւ հիդրոկենսաբանությունը

Սեյրան Մինասյան` փոքր ՀԷԿ-երի պատճառով փոխվում է գետային համակարգի հիդրոմորֆոլոգիան եւ հիդրոկենսաբանությունը

ԷկոԼուր

Փոքր ՀԷԿ-երը վտանգում են մեր գետերն ու ջրային էկոհամակարգերը: Այս մասին էկոԼուրի հետ զրույցում ասաց ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը: «Հիմնական վտագն այն է, որ ՓՀԷԿ-երը շատ ավելի ջուր են վերցնում, քան կարելի է վերցնել: Բացի այդ, փոքր ՀԷԿ-երից ամբողջական կասկադներ են ստեղծվում,  եւ գետերն ու ջրային էկոհամակարգերը ոչնչանում են,- ասաց Սեյրան Մինասյանը,- Օրինակ, Եղեգիս գետը, այնտեղ այլեւս գետ չկա, դա խողովակաշար է: Մոտավորապես նույն իրավիճակն է սկսում ձեւավորվել Ամբերդի հետ կապված: Հիմա Մեղրին  են արդեն այդ վիճակին սկսում հասցնել. ՀԷԿ-եր են պատրաստվում կառուցել»: 

Գետը դիտվում է որպես ամբողջական էկոհամակարգ եւ բնութագրվում է  3 հիմնական բաղադրիչներով` հիդրոմորֆոլոգիական, հիդրոկենսաբանական եւ հիդրոքիմիական: «Չնայած ջրի քիմիական կազմը չի փոխվում, փոխվում է ամբողջ գետային համակարգի հիդրոմորֆոլոգիան եւ հիդրոկենսաբանությունը: Այդ առումով ՓՀԷԿ-երն ունեն, բնականաբար ,մեծ բացասական ազդեցություն», -ասաց Սեյրան Մինասյանը:

Ինչ վերաբերում է գետերի էկոլոգիական թողքին, ապա մասնագետը նշեց. «Մեզ մոտ էկոլոգիական թողքը հաշվում են դեռեւս խորհրդային տարներին մնացած մեթոդաբանությամբ, որն այնքան քիչ ջուր է թողնում գետի մեջ, որ գետի էկոհամակարգն այդքան ջրի պայմաններում  ի վիճակի չէ պահպանվել»:

Համեմատելով միջազգային փորձը` Սեյրան Մինասյանը Հայաստանում ՓՀԷԿ-երի շահագործման ոլորտում արձանագրեց լուրջ թերացումներ. «Նախ ուրիշ երկրներում խստորեն պահվում են ջրաթողքերը, ձկների համար նախատեսված ճանապարհները, գերշահագործում չի լինում: Օրինակ ի տարբերություն մեզ Նորվեգիայում, որն աշխարհի ամենահարուստ ջրային պաշարները ունեցող երկրներից մեկն է, սահմանված է գետերի  մի հսկա ցանկ, որոնց վրա արգելված է ընդհանրապես որեւէ գործունեություն ծավալել թեկուզ ՀԷԿ-երի մասով: Մենք բարբարոսաբար ենք վարվում մեր ջրային ռեսուրսների հետ»:

Մասնագետը չբացառեց ՓՀԷԿ-երի կառուցումը, սակայն կարեւորեց դրանց ճիշտ շահագործումը: «ՓՀԷԿ-երը պետք է կառուցել` հաշվի առնելով բոլոր ժամանակակից գիտական նվաճումները, տեխնոլոգիաները, էկոհամակարգի պահպանության խնդիրները: Որպես ազգային անվտանգության բաղադրիչ,  կարծում եմ, որ մենք պետք  է փոքր ՀԷԿ-եր ունենանք, որովհետեւ չի բացառվում, որ գան պահեր, որ մենք պետք է ստիպված լինենք փոքր ՀԷԿ-երով մեր էներգիաապահովումը գոնե նվազագույնս պահպանել, բայց շահագործել միայն ճիշտ եւ խիստ սեզոնային»:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

Մարտ 20, 2014 at 11:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր